Լաբ թեստեր
Վիտամին D ընդհանուր

Ընդհանուր նկարագրություն
Ընդհանուր վիտամին D-ն (25-հիդրօքսիկալցիֆերոլ) հանդիսանում է արյան մեջ վիտամին D-ի նյութափոխանակության հիմնական արգասիքը՝ այսպիսով արտացոլելով օրգանիզմում այս վիտամինի մակարդակը և թույլ տալով ախտորոշել վերջինիս անբավարարությունը կամ ավելցուկը։
Ընդհանուր վիտամին D-ն (25-հիդրօքսիկալցիֆերոլ կամ 25-հիդոօքսիվիտամին D) (25(OH)D) մեծ մասն առաջանում է լյարդում, այս վիտամինի հիդրօքսացման առաջին փուլում։ Ունի չափավոր կենսաբանական ակտիվություն։ 25(OH)D-ն արյան միջոցով տեղափոխվում է սպիտակուցների հետ կապված վիճակում և կարող է պահեստավորվել ճարպային հյուսվածքում։ 25(OH)D-ի ոչ մեծ մասը հետագա հիդրօքսացման է ենթարկվում երիկամներում՝ առաջացնելով ավելի թույլ ակտիվություն ունեցող 1,25(OH)D արգասիքը։
Պարատհորմոնը բարձրացնում է երիկամներում 1,25(OH)D-ի արտադրությունը, երբ նվազում է վիտամին D-ի նյութափոխանակության կենսաբանորեն ոչ ակտիվ արգասիքի՝ 24,25(OH)D-ի մակարդակը։
25(OH)D-ի երկու հիմնական տարատեսակներն են խոլեկալցիֆերոլը (վիտամին D3) և էրգոկալցիֆերոլը (վիտամին D2)։ Վիտամին D3-ն առաջանում է գլխավորապես մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ, մինչդեռ վիտամին D2-ի աղբյուրը սնունդն է։ Կարևոր է այն հանգամանքը, որ 25(OH)D-ի մակարդակն արտացոլում է այս երկու բաղադրիչների ընդհանուր քանակությունը։ Ուստի, 25(OH)D-ն հանդիսանում է օրգանիզմում վիտամին D-ի վիճակի լավագույն ցուցանիշը։
Վիտամին D-ն մասնակցում է կալցիումի փոխանակությանը։
Վիտամին D-ի անբավարարությունը երեխաների մոտ արտահայտվում է ռախիտով, իսկ չափահասների մոտ՝ օստեոմալյացիայով (ոսկրակակղանք)։ Վերջինիս հիմքում ընկած է ոսկրերում միներալների նվազեցումը։ Հիպովիտամինոզ D-ն իր կլինիկական արտահայտվածությամբ նման է հիպերպարաթիրեոիդիզմին, որը կարող է զարգանալ երկրորդային։
Վիտամին D-ի դեֆիցիտի ախտորոշման համալիր միջոցառումները 25(OH)D-ի մակարդակի որոշումից բացի պետք է ընդգրկեն նաև արյան մեջ կալցիումի և ֆոսֆորի որոշումը, որոնց մակարդակները նույնպես նվազում են, ինչպես նաև միզանյութի, կրեատինինի և մագնեզիումի հետազոտությունները՝ բացառելու երիկամների ախտահարումը և մագնեզիումի անբավարարությունը։
Վիտամին D-ի ավելցուկը կարող է հանգեցնել տոքսիկ ազդեցությունների, ինչը ավելի հաճախ գրանցվում է երեխաների մոտ՝ վիտամին D-ի մեծ դեղաչափեր կամ սահմանվածից ավելի երկար ընդունելիս։ Այն արտահայտվում է հիպերկալցեմիայով, հիպերֆոսֆատեմիայով, փափուկ հյուսվածքների կալցիֆիկացիայով, նողկանքով, փսխումներով, փորկապությամբ, անորեքսիայով, ինչպես նաև աճի և զարգացման դանդաղեցմամբ։
Հետազոտության ցուցումներ
Ստորև թվարկված հիվանդությունների և վիճակների հետ ասոցիացվող կալցիումի նյութափոխանակության խանգարման ախտորոշում.
- ռախիտ
- հղիություն
- ատրոֆիկ գաստրիտ
- սնուցման և մարսողության խանգարումներ
- երիկամային օստեոդիստրոֆիաներ
- հիպոպարաթիրեոիդիզմ
- հետդաշտանադադարային օստեոպորոզ
Կենսանմուշ
«Վիտամին D ընդհանուր» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան (ժ. 8-ից մինչև 11-ը), քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումից ոչ պակաս քան 8 ժամ, բայց ոչ շատ քան 14 ժամ առաջ)։ Կարելի է ջուր ընդունել։ Նախորդ օրը զերծ մնալ սննդային ծանրաբեռնվածությունից։
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
նմոլ/լ (նանոմոլ/լիտր)
Միավորների փոխակերպում
նմոլ/մլ х 2,496 = նգ/մլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Նորմալ միջակայք՝ (30-100) նգ/մլ
Վիտամին D-ի մակարդակի շեղումների տարբերակում
- կտրուկ դեֆիցիտ՝ մինչև 10 նգ/մլ
- չափավոր դեֆիցիտ՝ 11-20 նգ/մլ
- անբավարարություն` 21-29 նգ/մլ
- հնարավոր է տոքսիկ ազդեցություն՝ > 150 նգ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
Վիտամին D-ի մակարդակի բարձրացում
- վիտամին D-ով ինտոքսիկացիա
- արևի լույսի (ճառագայթների) երկարատև ազդեցություն
- Էտիդրոնատ դինատրիումի պերօրալ ընդունում
Վիտամին D-ի մակարդակի նվազեցում (դեֆիցիտ)
- սնուցման խանգարում, մալաբսորբցիա
- ստեատորիա
- բիլիար և պորտալ ցիռոզ
- երիկամային օստեոդիստրոֆիայի որոշ դեպքեր
- ոսկրա-ֆիբրոզ օստեիտ
- թիրեոտոքսիկոզ
- ենթաստամոքսային գեղձի անբավարարություն
- ցելիակիա
- աղիների բորբոքային հիվանդություններ կամ աղիների մասնահատում (ռեզեկցիա)
- ռախիտ
- Ալցհեյմերի հիվանդություն
- հիպոպարաթիրեոիդիզմ (< 3 նգ/մլ)
- առաջնային հիպերպարաթիրեոիդիզմ (2,5-11 նգ/մլ)
- քրոնիկ երիկամային անբավարարություն (0,5-1,5 նգ/մլ)
- օստեոմալացիայի հանգեցնող որոշ դեղերի ընդունում՝ հակացնցումային դեղեր, ալյումինի հիդրօքսիդ, խոլեսթիրամին, խոլետիպոլ, էտիդրոնատ դինատրիում (ն/ե), գլյուկոկորտիկորիդներ, իզոնիազիդ, ռիֆամպին
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Vitamin D total (25-OH calciferol)
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Vit D 25(OH)
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: