Ոսկրերը, մկանները և հոդերը միասին կազմում են մեր կմախքամկանային կամ հենաշարժիչ համակարգը։
Դրանք բոլորն աճում, զարգանում և փոփոխվում են կյանքի ընթացքում։ Ոսկրերը, մկանները և հոդերը կարող են տուժել վնասվածքներից և տարբեր հիվանդություններից։
Կմախքամկանային համակարգի կառուցվածքը
Չափահաս մարդու կմախքը կազմված է 206 ոսկրերից։
Ըստ տեսակի, ոսկրերը լինում են՝
- խողովակավոր, որոնք սնամեջ են, կազմված են մարմնից և 2 հաստացած գլխիկներից, լինում են երկար (օրինակ՝ բազկոսկր, ազդրոսկր) կամ կարճ (օրինակ՝ մատնոսկր), մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ, իսկ գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծ
- սպունգանման, որոնք կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (օրինակ՝ ող կամ դաստակի ոսկրեր)
- տափակ, որոնք երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ (օրինակ՝ գանգի ոսկրեր, կոնքոսկր)
- խառը, որոնք ունեն տարբեր կառուցվածք և ձև (օրինակ՝ քունքոսկր)։
Ոսկրերը միմյանց միանում են երեք տարբերակով՝ շարժուն, կիսաշարժ և անշարժ։
Հոդն այն շրջանն է, որտեղ երկու կամ ավելի շատ ոսկրեր միանում են միմյանց։ Աճառն ապահովում է հոդերի ներսում զսպանակային ազդեցությունը (օրինակ՝ ծնկան հոդում) կամ պարզապես հանդիսանում է երկու ոսկրերի միացման տեղ (օրինակ՝ աճառային հոդերում)։
Կապանները միացնում են ոսկրերն այլ ոսկրերի, որպեսզի ամրացնեն հոդերը։
Կմախքային մկանները մեկ ոսկրից ձգվում են դեպի մյուսը, սովորաբար անցնելով առնվազն մեկ հոդի վրայով։ Մկանները ոսկրերին միացած են ջլերով, որոնք հանդիսանում են մկանների երկար բարակ ծայրերը։
Որո՞նք են ոսկրերի, մկանների և հոդերի գործառույթները
Ոսկրերը մեր մարմնին տալիս են ձև: Դրանք մկանների հետ միասին մեր մարմինը պահում են ուղղահայաց վիճակում: Ոսկրերը նաև պաշտպանում են օրգանները, օրինակ, կրծքավանդակը պաշտպանում է մեր սիրտը, թոքերը և գլխավոր անոթները: Ոսկրերը նաև հանդիսանում են որոշ միներալների պահուստներ, օրինակ՝ կալցիում և ֆոսֆոր: Վերջապես, արյան բջիջները ստեղծվում են խողովակավոր ոսկրերի սպունգանման նյութի խորշիչներում առկա է ոսկրածուծ:
Կան մկանների և հոդերի տարբեր տեսակներ, որոնք ունեն տարբեր գործառույթներ:
Կմախքային մկանները գտնվում են մեր մշտական վերահսկողության ներքո: Երբ ձեր ուղեղը նյարդերի միջոցով որևէ կմախքային մկանին ուղարկում է կծկման հրահանգ, այդ մկանը կծկվում և կարճանում է՝ մեկ կամ մի քանի ոսկրերը շարժելով մեկ կամ մի քանի հոդերի առանցքով: Մկաններն աշխատում են զույգերով. երբ դրանցից մեկը կծկվում և կարճանում է, հակադիր մկանը թուլանում և երկարում է: Ֆիզիկական ակտիվությունը պահպանում կամ ուժեղացնում է կմախքային մկանների ուժը:
Հարթ մկանները տեղակայված են արյունատար անոթների և որոշ ներքին օրգանների պատերում, սովորաբար կազմելով դրանց միջին՝ մկանային շերտը: Դուք չեք կարող գիտակցաբար կառավարել ձեր հարթ մկանները: Հարթ մկաններն օգնում են արյան ճնշման, շնչուղիների, մարսողության և այլ գործառույթների կարգավորմանը:
Սիրտը կազմված է մկանի հատուկ տեսակից, որը կոչվում է սրտամկան: Դուք չեք կարող գիտակցաբար կառավարել ձեր սրտամկանի աշխատանքը: Կծկվելով, սիրտն արյունն արտամղում է դեպի զարկերակներ:
Ձեռքերի և ոտքերի հոդերը սինովիալ տեսակի են, որը նշանակում է, որ այս հոդերում կա հեղուկ (սինովիալ հեղուկ), որը հեշտացնում է ոսկրերի շարժումները:
Ողնաշարի և կոնքի ոսկրերն աճառային են, որոնք ավելի քիչ շարժուն են, սակայն ապահովում են լրացուցիչ կայունություն:
Կան նաև ֆիբրոզ հոդեր, որոնք լիարժեք անշարժ են և պարզապես ապահովում են կայունություն: Ֆիբրոզ հոդեր կան ձեր գանգում:
Ոսկրերի, մկանների և հոդերի հետ կապված հիվանդություններ
Բազմաթիվ տարբեր վիճակներ, հիվանդություններ և վնասվածքներ կարող են ախտահարել կմախքամկանային համակարգը, այդ թվում՝
- մեջքի ցավեր
- օստեոարթրիտ
- ռևմատոիդ արթրիտ
- օստեոպորոզ
- կոտրվածքներ
- հոդախախտեր
- մկանային ցավեր և պատռվածքներ:
Այս հիվանդություններից և վիճակներից յուրաքանչյուրը պահանջում է առանձնահատուկ բուժում: Կմախքամկանային համակարգի հիվանդությունները և վնասվածքները կանխարգելելու լավագույն ուղին առողջ սնունդն է և ֆիզիկական ակտիվությունը, որոնք թույլ են տալիս նաև պահպանել ձեր մարմնի առողջ կշիռը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023