Ձեր արյան շրջանառության համակարգը, որը նաև կոչվում է սրտանոթային համակարգ, ձեր բջիջներ է տեղափոխում թթվածին, սննդանյութեր և հորմոններ, որոնք այդ բջիջներն օգտագործում են էներգիայի, աճի և վերականգնման համար:
Արյան շրջանառության համակարգը նաև բջիջներից հեռացնում է ածխաթթու գազը և նյութափոխանակության արգասիքները:
Ի՞նչ է արյան շրջանառության համակարգը
Արյան շրջանառության համակարգի առանցքային տարրերն ապահովում են արյան շրջանառությունը: Դրանք են՝
- արյուն, որը կազմված է արյան բջիջներից (ձևավոր տարրեր) և պլազմայից
- սիրտ՝ քառախոռոչ մկանային օրգան, որն արյունը մղում է դեպի ձեր մարմնի բոլոր շրջանները
- արյունատար անոթներ՝ զարկերակների (այդ թվում՝ գլխավոր զարկերակի՝ աորտայի), մազանոթների և երակների ցանց, որը տեղափոխում է սրտի կողմից արտամղված արյունը:
Ինչպե՞ս է շրջանառության համակարգը գործում
Թթվածնով աղքատ արյունը կուտակվում է ձեր սրտի աջ նախասրտում, որը ձեր սրտի չորս խոռոչներից մեկն է:
Այն տեղափոխվում է աջ փորոք և այստեղից սիրտն արյունը մղում է դեպի ձեր թոքեր, որտեղ ձեր արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) վերցնում են թթվածին և ազատվում ածխաթթու գազից: Դուք արտաշնչում եք ածխաթթու գազը:
Թթվածնով հարուստ արյունը վերադառնում է ձեր սրտի ձախ նախասիրտ, իսկ այստեղից՝ ձախ փորոք: Ձախ փորոքը թթվածնով հարուստ արյունն աորտայով արտամղում է դեպի զարկերակներ, որտեղից էլ՝ մարմնի բոլոր շրջաններ: Իր ճանապարհին արյունը հավաքում է ձեր բարակ աղիքից ներծծված օգտակար սննդանյութերը:
Երբ արյունը մուտք է գործում մազանոթներ, սերտորեն շփվում է հյուսվածքների և բջիջների հետ՝ տալով թթվածին ու սննդանյութեր և վերցնելով ածխաթթու գազ ու նյութափոխանակության արգասիքներ: Այժմ, լինելով թթվածնից աղքատ, արյունը տեղափոխվում է երակներով և վերադառնում ձեր սրտի աջ նախասիրտ, որտեղից էլ շրջանությունը կրկին մեկնարկում է:
Արյան շրջանառության համակարգի հետ կապված հիմնական հիվանդությունները
Սրտանոթային հիվանդություն
Սրտանոթային հիվանդությունները (ՍԱՀ) ներառում են սրտի և արյունատար անոթների հետ կապված բոլոր հիվանդությունները և առողջական վիճակները:
ՍԱՀ մեծ մասը զարգանում է, երբ արյունատար անոթների պատին (լուսանցքի կողմից) կուտակվում են ճարպային նյութեր՝ ձևավորելով վահանիկներ, որոնք նեղացնում են այդ անոթները: Սա կոչվում է աթերոսկլերոզ:
Աթերոսկլերոզն առաջացնում է սրտի իշեմիկ հիվանդություն: Արյան հոսքի դանդաղումը կրճատում է սրտամկանի համար մատչելի թթվածինը և սննդանյութերը: Սա կարող է առաջացնել կրծքահեղձուկ (ստենոկարդիա) կամ սրտամկանի ինֆարկտ: Վերջինս պահանջում է անհետաձգելի բժշկական հսկողություն և բուժում: Սրտամկանի ինֆարկտի ամենահաճախ հանդիպող ախտանիշը կրծոսկրի շրջանի կամ կրծքավանդակի ձախ կեսի ցավերն են:
Երբ զարկերակի խցանման կամ պատռվելու հետևանքով ընդհատվում է գլխուղեղի մի մասի արյունամատակարարումը, զարգանում է ինսուլտ: Ինսուլտը նույնպես կյանքին սպառնացող վիճակ է և պահանջում է անհետաձգելի բուժօգնություն և հսկողություն:
Իմացե՛ք ավելին սրտանոթային հիվանդությունների մասին:
Բարձր կամ ցածր արյան ճնշում
Երբ ձեր սիրտն արյունն արտամղում է դեպի ձեր զարկերակներ, արյունն այս անոթների պատի վրա ստեղծում է ճնշում: Ձեր արյան կամ զարկերակային ճնշումը որոշում է հենց այդ ճնշումը: Բազմաթիվ բժիշկներ առողջ արյան ճնշում համարում են 90/60 մմ ս.ս.-ից բարձր և 140/90 մմ ս.ս.-ից ցածր արյան ճնշումը:
Բարձր արյան ճնշումը, որը հայտնի է նաև որպես հիպերտենզիա, կարող է բարձրացնել ՍԱՀ ձեր ռիսկը: Սա արյան շրջանառության համակարգի ամենատարածված ախտաբանական վիճակն է:
Իմացե՛ք ավելին զարկերակային հիպերտենզիայի մասին:
Ցածր արյան ճնշումը, որը հայտնի է նաև որպես հիպոտենզիա, որոշ մարդկանց համար հանդիսանում է լավ առողջության նշան, սակայն մյուսների մոտ կարող է առաջացնել խնդիրներ: Եթե դուք ունեք ցածր արյան ճնշման նշաններ, օրինակ՝ գլխապտույտ կամ ուշագնացություն, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին:
Իմացե՛ք ավելին զարկերակային հիպոտենզիայի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2020
Վերջին վերանայում՝ 07-11-2023