Skip to main content

Սովորաբար ցածր արյան ճնշում է համարվում այն ճնշումը, երբ վերին (սիստոլիկ) ​ցուցանիշը 90 մմ ս.ս.-ից ցածր է կամ ստորին (դիաստոլիկ) ցուցանիշը՝ 60 մմ ս.ս.-ից ցածր։

Մեկ անձի համար ցածր արյան ճնշումը մյուսի համար կարող է համարվել նորմալ: Ցածր արյան ճնշումը կարող է որևէ նկատելի ախտանիշ չառաջացնել կամ ոմանց մոտ ընթանալ գլխապտույտով և ուշագնացությամբ: Երբեմն ցածր արյան ճնշումը կարող է դառնալ կյանքին սպառնացող (օրինակ՝ կոլապս և շոկ)։

Ցածր արյան ճնշման պատճառները տարբեր են՝ սկսած ջրազրկումից մինչև ծանր առողջական խնդիրներ: Կարևոր է գտնել, թե ինչն է բերել ցածր արյան ճնշման, որ անհրաժեշտության դեպքում բուժումը լինի նպատակային:

Տեսակները

  • Օրթոստատիկ հիպոտենզիա (պոստուրալ հիպոտենզիա). սա արյան ճնշման հանկարծակի անկումն է, երբ պառկած կամ նստած դիրքից կանգնում եք: Պատճառներից են` ջրազրկում, երկարատև անկողնային ռեժիմ, հղիություն, որոշ հիվանդություններ և որոշ դեղեր: Ցածր արյան ճնշման այս տեսակը տարածված է մեծ տարիքով չափահասների շրջանում:
  • Պոստպրանդիալ հիպոտենզիա. արյան ճնշման այս անկումը տեղի է ունենում ուտելուց 1-2 ժամ հետո: Հիպոտենզիայի այս տեսակը ավելի հաճախ հանդիպում է մեծ տարիքով չափահասների մոտ, հատկապես, եթե ունեն բարձր արյան ճնշում կամ ավտոմատ նյարդային համակարգի հիվանդություններ, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդություն: Քիչ քանակներով, ածխաջրատների ցածր պարունակությամբ կերակուրները, ավելի շատ ջուր խմելը և ալկոհոլից հրաժարվելը կարող են օգնել ախտանիշների մեղմացմանը:
  • Նյարդային–միջնորդավորված հիպոտենզիա. սա երկար ժամանակ կանգնած վիճակում մնալուց հետո արյան ճնշման անկումն է: Ցածր արյան ճնշման այս տեսակը առավել հաճախ հանդիպում է երիտասարդ չափահասների և երեխաների շրջանում: Հնարավոր պատճառներից մեկը սրտի և գլխուղեղի միջև հաղորդականության խանգարումն է:
  • Բազմակի համակարգային ատրոֆիա՝ օրթոստատիկ հիպոտենզիայով. սա նաև կոչվում է Շայ–Դրագերի համախտանիշ: Վերջինս հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը կարող է ախտահարել ակամա գործունեությունները հսկող նյարդային համակարգը (արյան ճնշում, սրտի ռիթմ, շնչառություն և մարսողություն): Հիվանդությունը կապված է պառկած վիճակում խիստ բարձր արյան ճնշում ունենալու հետ:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024