Բարձր արյան ճնշումը տարածված հիվանդություն է, որն ազդում է զարկերակների վրա:
Այն նաև կոչվում է գերճնշում կամ հիպերտենզիա: Եթե ունեք բարձր արյան ճնշում, զարկերակների վրա արյան ճնշման ուժը մշտապես խիստ բարձր է: Սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել, որ արտամղի արյունը:
Արյան կամ զարկերակային ճնշումը չափվում է սնդիկի սյան միլիմետրերով (մմ ս.ս.): Արյան ճնշումն իր ամենաբարձր կետին հասնում է սրտի կծկման (սիստոլա) և ամենացածր կետին՝ սրտի թուլացման (դիաստոլա) պահին։ Զարկերակային ճնշումը հենց այս երկու ճնշումների չափումն է, ուստի և ներկայացվում է երկու թվերով, որպես ամենաբարձր (սիստոլիկ) և ամենացածր (դիաստոլիկ) ցուցանիշներ։ Ընդհանուր առմամբ, հիպերտենզիան 130/80 մմ ս.ս. կամ ավելի բարձր արյան ճնշումն է:
Ամերիկյան սրտաբանության քոլեջը (ACC) և Ամերիկյան սրտի ասոցիացիան (AHA) արյան ճնշումը բաժանում են 4 ընդհանուր դասերի: Լավագույն արյան ճնշումը դասակարգվում է որպես նորմալ:
- Նորմալ արյան ճնշում. արյան ճնշումը 130/80 մմ ս.ս. կամ ավելի ցածր է:
- Բարձրացած արյան ճնշում. վերին ցուցանիշը (սիստոլիկ ճնշում) 120–ից մինչև 129 մմ ս.ս. է, իսկ ստորին ցուցանիշը (դիաստոլիկ ճնշում) ոչ ավելի է, քան 80 մմ ս.ս.:
- 1–ին փուլի հիպերտենզիա. վերին ցուցանիշը 130-ից մինչև 139 մմ ս.ս. է կամ ստորին ցուցանիշը 80-ից մինչև 89 մմ ս.ս. է:
- 2–րդ փուլի հիպերտենզիա. վերին ցուցանիշը 140 մմ ս.ս. կամ ավելի բարձր է կամ ստորին ցուցանիշը 90 մմ ս.ս. կամ ավելի բարձր է:
180/120 մմ ս.ս.-ից բարձր արյան ճնշումը համարվում է հիպերտենզիվ անհետաձգելի վիճակ կամ կրիզ: Այսպիսի ցուցանիշներով արյան ճնշումը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
Չբուժված բարձր արյան ճնշումը բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի կամ այլ ծանր առողջական խնդիրների ռիսկը: Կարևոր է, որ սկսած 18 տարեկանից առնվազն 2 տարին մեկ չափեք ձեր արյան ճնշումը: Որոշ մարդիկ կարիք ունեն ավելի հաճախակի ստուգումների:
Առողջ ապրելակերպի սովորույթները, ինչպիսիք են՝ չծխելը, վարժանքները և առողջ սնունդը, կարող են օգնել բարձր արյան ճնշման կանխարգելմանը և բուժմանը: Որոշ դեպքերում բարձր արյան ճնշման բուժումը պահանջում է դեղերի ընդունում:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024