Մակուղեղը կամ հիպոֆիզը ձեր հորմոնային համակարգի կենտրոնական օղակներից մեկն է:
Չնայած իր փոքր չափին, մակուղեղն արտադրում է բազմաթիվ հորմոններ, որոնց մի մասն ուղղակիորեն ազդում է ձեր օրգանիզմի վրա, իսկ մյուսները հսկում են ներզատական այլ գեղձերի կողմից հորմոնների արտադրությունը
Ի՞նչ է մակուղեղը
Մակուղեղը տեղակայված է գլխուղեղի միջին շրջաններում: Այն «նստած» է գանգի «թուրքական թամբ» կոչվող փոսիկում և ոտիկով միացած է գլխուղեղի հետ: Մակուղեղը շատ փոքր է. այն ունի ընդամենը 0,5-0,6 գրամ կշիռ և իր չափսով նմանվում է սիսեռին:
Մակուղեղի գործունեությունը վերահսկվում է երկու ճանապարհով. ուղեղի մեկ այլ շրջանից՝ ենթատեսաթմբից (հիպոթալամուսից) ստացվող ազդանիշներով և ներզատական այլ գեղձերի հորմոնների ընկալելի մակարդակներով:
Ի՞նչ հորմոններ է արտադրում մակուղեղը
Մակուղեղի արտադրած հորմոններն են՝
- աճի (սոմատոտրոպ) հորմոն, որը կարգավորում է օրգանիզմի աճը
- թիրեոտրոպ հորմոն, որը դրդում է վահանաձև գեղձին, որպեսզի վերջինս արտադրի իր հորմոնները
- պրոլակտին, որը հսկում է կրծքագեղձի կողմից կաթի արտադրությունը
- լյուտեինացնող և ֆոլիկլուլախթանիչ հորմոններ, որոնք ներգրավված են վերարտադրողական ցիկլի մեջ
- ադրենոկորտիկոտրոպ հորմոն, որն օգնում է մակերիկամների գործունեության հսկողությանը
- օքսիտոցին, որը մասնակցում է ծննդաբերության և կրծքով կերակրման գործընթացներին
- հակադիուրետիկ հորմոն, որն օգնում է օրգանիզմի կողմից հեղուկների փոխանակության կարգավորմանը:
Մակուղեղի հետ կապված հիվանդություններ
Ախտահարված մակուղեղը կարող է ուժեղացնել կամ թուլացնել հորմոնների արտադրությունը: Գեղձը կարող է նաև հանդիսանալ ուռուցքի շրջան՝ ճնշելով հարակից ուղեղային հյուսվածքները: Մակուղեղի ուռուցքների մեծ մասը բարորակ բնույթի է և կարող է խնդիրներ առաջացնել, եթե ուռուցքը մեծանում է՝ զբաղեցնելով համեմատաբար մեծ տարածք կամ զարգանում են հորմոնային կտրուկ շեղումներ:
Ստորև ներկայացնում են մակուղեղի հետ կապված ավելի հաճախ հանդիպող հիվանդությունները:
- Հիպերպրոլակտինեմիա (պրոլակտինի ավելցուկ), որը կանանց մոտ առաջացնում է դաշտանի քչացում կամ դադարեցում, հղիացման հետ կապված դժվարություններ և ծննդաբերության հետ կապ չունեցող կրծքագեղձերում կաթի արտադրություն:
- Աճի հորմոնի պակաս, որը երեխաների մոտ հետաձգում է մարմնի աճն ու զարգացումը և բերում է գաճաճահասակության, ոչ հազվադեպ՝ նաև հոգեկան թերզարգացման և ինֆանտիլիզմի: Չափահասների մոտ աճի հորմոնի պակասն առաջացնում է ընդհանուր և մկանային թուլություն, ինչպես նաև կարող է ազդել ոսկրերի առողջության վրա:
- Հիպոպիտուիտարիզմ, երբ մակուղեղի բոլոր հորմոնների անբավարարությունը առաջացնում է բազմաթիվ ախտանիշներ:
Մակուղեղի հետ կապված հազվադեպ զարգացող հիվանդություններից են՝
- գիգանտիզմ, երբ դեռահասն աճում ու դառնում է խիստ բարձրահասակ
- ակրոմեգալիա, երբ չափից դուրս աճում և մեծանում են չափահաս մարդու ձեռքերը, ոտնաթաթերը և ստորին ծնոտը
- Քուշինգի համախտանիշ, երբ օրգանիզմը սկսում է արտադրել չափից դուրս շատ ստերոիդ հորմոններ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Իմացե՛ք ավելին ներզատական համակարգի և ներզատական գեղձերի կողմից արտադրվող հորմոնների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 17-03-2023