Ֆուրունկուլը կամ «չիբանը» մազապարկի և հարակից հյուսվածքների սուր վարակային բորբոքման պատճառով մաշկի վրա առաջացող ցավոտ, կարմրած և թարախով լցված բշտիկ է:
Փոքրիկ ֆուրունկուլի խնամքով և բուժմամբ կարող եք զբաղվել ինքներդ, սակայն, եթե դրանք մեծ են, պետք է դիմել ձեր բժշկին: Նույն կերպ, այցելեք ձեր բժշկին, եթե ֆուրունկուլը գնալով վատթարանում է, տարածվում է կամ ուղեկցվում է ջերմությամբ:
Ի՞նչ է ֆուրունկուլը
Ֆուրունկուլները ձեր մաշկի վրա կարմրավուն ցավոտ թարախաբշտեր են: Դրանք կարող են առաջանալ ամենուրեք, սակայն ավելի հաճախ զարգանում են մազածածակ, շուտ քրտնող կամ հարվող շրջաններում՝ դեմք, պարանոց, թևատակեր և հետույք:
Այսպիսի թարախաբշտերի պատճառը մազապարկի, դրան հարող ճարպագեղձի և հարակից շարակցական հյուսվածքի վարակային բորբոքումն է: Եթե վարակվում է միայն մեկ մազապարկ, ապա առաջանում է ֆուրունկուլ («չիբան»), իսկ եթե միմյանց միաձուլվող մի շարք մազապարկեր, ապա՝ կարբունկուլ:
Ֆուրունկուլի ախտանիշներից են՝
- սպիտակ կամ դեղնավուն կենտրոնով (ծայրով) կարմրած թարախաբուշտ
- ցավ
- ինքնազգացողության վատացում և ջերմություն, հատկապես մեծ թարախաբշտի դեպքում:
Ֆուրունկուլի պատճառները և ռիսկի գործոնները
Ֆուրունկուլը սովորաբար հարուցվում է ոսկեգույն ստաֆիլոկոկ կոչվող բակտերիալ վարակից (Staphylococcus aureus): Այս բակտերիան ապրում է ձեր մաշկի վրա՝ առանց որևէ վնաս կամ ախտահարում պատճառելու: Այն կարող է տարածվել ձեր մարմնի մի շրջանից դեպի մյուսը կամ փոխանցվել այլ մարդկանց:
Ֆուրունկուլ կարող է առաջանալ յուրաքանչյուրի մոտ, սակայն հիվանդության զարգացման ռիսկն աճում է հետևյալ դեպքերում՝
- սերտ շփման մեջ եք եղել մեկ այլ անձի հետ, ով ունի ստաֆիլոկոկային վարակ
- ունեք շաքարային դիաբետ (շաքարախտ)
- ունեք մեկ այլ մաշկային հիվանդություն
- ունեք թուլացած իմունային համակարգ:
Ֆուրունկուլի բուժումը
Թարախաբշտերը պետք է պահել մաքուր և ծածկած վիճակում: Կարևոր է, որ դուք չփորձեք ինքներդ սեղմելով դատարկել ֆուրունկուլը, քանի որ դա խիստ ցավոտ է և կարող է նպաստել վարակի տարածմանը:
Որպեսզի ֆուրունկուլը լավանա, այն պետք է դատարկվի: Սա կարող է տեղի ունենալ ինքնուրույն, իսկ որոշ դեպքերում կարող է նաև բուժման անհրաժեշտություն առաջանալ:
Փոքր ֆուրունկուլի դեպքում դուք կարող եք օրական մի քանի անգամ դնել տաքացնող միջոցներ (կոմպրես), որը կարող է օգնել բշտի դատարկվելուն:
Ավելի մեծ (5 սմ և ավելի տարածված) ֆուրունկուլների կամ կարբունկուլների ժամանակ պետք է դիմել բժշկին: Այցելեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, եթե ֆուրունկուլը ձեր դեմքի վրա է, արագորեն մեծանում է, խիստ ցավոտ է կամ ինքնուրույն չի լավանում երկու շաբաթվա ընթացքում:
Որոշ դեպքերում կարող է առաջանալ վիրաբույժի կողմից կտրվածք անելու և կուտակված թարախը դատարկելու կարիք: Բժիշկը կարող է նաև նշանակել հակաբիոտիկներ:
Մեծ ֆուրունկուլները և կարբունկուլներն ապաքինվելուց հետո կարող են թողնել սպիական փոփոխություններ:
Ինքնախնամք և կանխարգելում
Ֆուրունկուլ ունենալիս դուք կարող եք օժանդակել թարախաբշտերի ավելի արագ բուժմանը, ինչպես նաև կանխարգելել վարակի տարածումը հետևյալ պարզ քայլերով՝
- կանոնավոր լվացեք ձեր ձեռքերը, հատկապես թարախաբշտին հպվելուց հետո
- լավ սնվեք
- կանոնավոր կերպով ցնցուղ կամ լոգանք ընդունեք
- մաշկային վերքերը և կտրվածքները մաքուր և պաշտպանված պահեք
- խուսափեք անձնական պարագաների համատեղ օգտագործումից, ինչպիսիք են սափրիչները կամ սրբիչները
- հագուստը, սպիտակեղենը և սրբիչները լվացեք շատ տաք ջրով:
Իմացե՛ք ավելին երեխաների մոտ ֆուրունկուլի առանձնահատկությունների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-04-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024