Շմոլ գազով կամ ածխածնի մոնօքսիդով թունավորման կանխարգելմանը կարող են օգնել հետևյալ միջացառումները:
- Տանը տեղադրեք շմոլ գազի դետեկտորներ. տեղադրեք դրանք տան յուրաքանչյուր հարկում, ննջարանին կամ քնելու տարածքին մոտ: Ստուգեք այդ սարքերի մարտկոցները կամ աշխատանքը տարին առնվազն երկու անգամ: Եթե ահազանգ է հնչում, հավատացեք դրան։ Դուրս եկեք տնից և զանգահարեք 1-01 (հրշեջ բաժանմունք)։ Առկա են նմանատիպ դետեկտորներ նաև ավտոտնակների և նավակների համար:
- Ավտոմեքենայի շարժիչը գործի գցելուց առաջ բացեք ավտոտնակի դուռը. երբեք մի՛ թողեք, որ ավտոմեքենան երկար ժամանակ աշխատի ավտոտնակում, հատկապես, եթե ավտոտնակը կցված է տանը: Խուսափեք նման իրավիճակից, նույնիսկ եթե ավտոտնակի դուռը բաց է:
- Օգտագործեք գազային տեխնիկա միայն այնպես, ինչպես նախատեսված կամ հրահանգված է. երբեք մի՛ օգտագործեք գազի սալօջախը սենյակը տաքացնելու համար: Գազաբալոնային սարքերն օգտագործեք միայն դրսում: Օգտագործեք վառելիքային ջեռոցներ միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկն արթուն է, որ հսկի վերջինիս աշխատանքը: Նման իրավիճակում պահեք տան դռները կամ պատուհանները բաց վիճակում: Մի՛ գործարկեք վառելիքային գեներատոր փակ տարածքում, օրինակ՝ խորդանոցում կամ ավտոտնակում:
- Համոզվեք, որ վառելիք այրող սարքերի և շարժիչների շուրջն ազատ տարածք կա. սա վերաբերվում է բոլոր գազային սարքերին, տաքացուցիչներին և փայտի վառարաններին: Համոզվեք, որ սենյակը պատշաճ կերպով օդափոխվում է: Խնդրեք մասնագետներին կարգավորել գազի, նավթի կամ ածուխ այրող բոլոր սարքերը: Հետևեք, որ այդ սարքերն առնվազն յուրաքանչյուր տարի ստուգվեն և սպասարկվեն որակավորված մասնագետի կողմից:
- Հետևեք, որ տան ծխնելույզները, բուխարիներն և օդատարները լինեն բաց վիճակում և գործող. առնվազն տարին մեկ ստուգեք դրանց անցանելիությունը և ըստ անհրաժեշտության կարգավորեք դրանք:
- Ճշտեք թունավորման պատճառը՝ մինչև նույն վայր վերադառնալը. եթե ձեր տանը ածխածնի մոնօքսիդով թունավորման դեպք է տեղի ունեցել, գտեք և վերացրեք թունավորման աղբյուրը՝ նախքան նորից այնտեղ մնալը: Խնդրեք որակավորված սպասարկողին ստուգել և վերանորոգել ցանկացած սարքավորում, որը կարող էր շմոլ գազի արտահոսքի պատճառ դառնալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024