Շմոլ գազով կամ ածխածնի մոնօքսիդով թունավորումն առավելապես ազդում է գլխուղեղի և սրտի վրա։
Ժամանակի ընթացքում շմոլ գազի ազդեցությունը կարող է հանգեցնել ախտանիշների, որոնք կարող են շփոթվել առանց ջերմության ընթացող գրիպի հետ: Ածխածնի մոնօքսիդի թունավորման ավելի հստակ ախտանիշները կարող են ներառել՝
- գլխացավ՝ բութ, շարունակական, առավել կենտրոնացված ճակատային շրջանում
- թուլություն
- գլխապտույտ
- սրտխառնոց կամ փսխում
- շնչարգելություն և հևոց
- շփոթվածություն և իրականության աղճատված ընկալում
- մշուշոտ տեսողություն
- քնկոտություն
- մկանային վերահսկման կորուստ
- գիտակցության կորուստ:
Նյարդային համակարգի և գլխուղեղի հետ կապված ախտանիշները նաև կարող են ի հայտ գալ ածխածնի մոնօքսիդի թունավորումից վերականգնվելուց հետո: Նման վիճակի ռիսկն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր կորցրել են գիտակցությունը և տարեց մարդկանց մոտ: Ախտանիշները կարող են ներառել՝
- հիշողության կորուստ
- անձնային փոփոխություններ
- շարժողական խնդիրներ:
Ածխածնի մոնօքսիդով թունավորումը կարող է հատկապես վտանգավոր լինել այն մարդկանց համար, ովքեր քնած են, հարբած կամ թմրամիջոցների ազդեցության տակ: Շմոլ գազը կարող է գլխուղեղի ծանր վնասման կամ մահվան պատճառ դառնալ՝ նախքան որևէ մեկը կհասկանա, որ խնդիր կա:
Ե՞րբ դիմել բժշկին
Ածխածնի մոնօքսիդով հնարավոր թունավորման դեպքում անմիջապես դուրս եկեք մաքուր օդի պայմաններ և անմիջապես դիմեք բուժօգնության:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024