Կոլոստոմիան վիրահատական միջամտության միջոցով խթաղու լուսանցքի բացումն է որովայնի առաջային պատից:
Ի՞նչ է կոլոստոմիան
Կոլոստոմիան վիրահատական միջամտություն է, որի ժամանակ հաստ աղու (խթաղի կամ «կոլոն») մի հատված մոտեցվում և կարվում է որովայնի պատին, իսկ օրգանիզմից կղանքի հեռացումը տեղի է ունենում արհեստականորեն ստեղծված մաշկային բացվածքի միջոցով, որը կոչվում է ստոմա կամ կոլոստոմա:
Վիրահատությունից հետո հաստաղիքային պարունակությունը՝ կղանքը դուրս է գալիս կոլոստոմայից և կուտակվում փոքր պարկում (կղանքաընդունիչ, ռուսերեն՝ калоприемник):
Ինչո՞ւ է կատարվում կոլոստոմիան
Խթաղին (կոլոն) հաստ աղու առաջին 1-1,5 մետրանոց հատվածն է, որի պատով սննդախույսից ներծծում է ջուր և սննդանյութեր և ձևավորված կղանքային զանգվածը տեղափոխվում է ուղիղ աղիք:
Երբ ձեր խթաղին, ուղիղ աղիքը կամ հետանցքը նորմալ չեն գործում, վիրահատությամբ կարող է ստեղծվել կղանքային արտաթորանքների օրգանիզմից հեռացման այլընտրանքային ուղի: Կոլոստոմիան թույլ է տալիս, որ կղանքը և աղիքային գազերը ձեր օրգանիզմից հեռանան արհեստական բացվածքի՝ ստոմայի (կոլոստոմայի) միջոցով:
Ձեր բժիշկը կարող է ձեզ կարող է կոլոստոմիա առաջարկվել, եթե ունեք՝
- որովայնի խոռոչում վարակ, օրինակ՝ թափածակված դիվերտիկուլիտ կամ աբսցես
- խթաղու կամ ուղիղ աղիքի վնասվածք
- հաստ աղու խցանում (աղիների անանցանելիություն)
- ուղիղ աղիքի կամ խթաղու (կոլոռեկտալ) քաղցկեղ
- շեքի շրջանում վերքեր կամ խուղակներ (շեքը կանանց մոտ հետանցքի և հեշտոցի, իսկ տղամարդկանց մոտ՝ հետանցքի և ամորձափոշտի միջև ընկած շրջանն է):
Ինչպե՞ս նախապատրաստվել միջամտությանը
Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման ներքո: Հետևեք վիրաբույժի խորհուրդներին. նա կարող է պահանջել, որ մինչև վիրահատությունը դադարեք սնունդ կամ դեղեր ընդունելը:
Համոզվեք, որ վիրաբույժի հետ քննարկել եք, թե ստոման ձեր մարմնի որ շրջանում է լինելու և ինչպես եք այն վիրահատությունից հետո խնամելու:
Ի՞նչ է ներառում կոլոստոմիան
Վիրահատությունը կարող է ընթանալ բաց կամ լապարոսկոպիկ մոտեցումներով, իսկ ձևավորված կոլոստոմը կարող է լինել մշտական կամ, ավելի հաճախ՝ ժամանակավոր: Երկրորդ դեպքում առաջին վիրահատությունից մի քանի ամիս անց կատարվում է ժամանակավոր կոլոստոմայի վերականգնում՝ մեծածավալ վիրահատություն, որի ժամանակ ստոմայի ծայրատը միացվում է ուղիղ աղիքի ծայրատին՝ վերականգնելով հաստ աղու ամբողջականությունը և նորմալ անատոմիան:
Տարբերում են կոլոստոմիայի երկու տարբեր տեսակներ՝ ծայրատային և եզրային (լայնակի): Առաջին դեպքում որովայնի պատի կտրվածքով դուրս հանում հաստ աղու ծայրը, իսկ երկրորդի դեպքում՝ եզրը:
Երկու դեպքում էլ ձեր օրգանիզմից կղանքի հեռացումը տեղի է ունենում նոր ստեղծված բացվածքի՝ կոլոստոմայի միջոցով: Կղանքն այնուհետև լցվում է հատուկ պարկի մեջ, որն ամրացվում է ձեր մարմնին:
Ի՞նչ ակնկալել միջամտությունից հետո
Կոլոստոմիայից հետո սովորաբար հիվանդանոցային հսկողությունը շարունակվում է 3-7 օր կամ ավելի երկար, եթե ձեր վիրահատությունը կատարվել է անհետաձգելի ցուցումով:
Վիրահատությունից հետո որոշ ժամանակ ձեր սնունդը սահմանափակվում է, քանի որ ձեր աղիներին լավանալու և վերականգնվելու համար ժամանակ է պետք: Հետվիրահատական օրերի սննդակարգի հարցում անվերապահորեն հետևեք վիրաբույժի ցուցումներին: Վիրահատությունից մի քանի օր անց սննդի ընդունումն աստիճանաբար նորմալանում է:
Մինչև վիրահատությունից դուրս գրվելը և դրանից հետո դուք պետք է պատշաճ ուշադրություն դարձնեք ստոմայի խնամքին: Սա պահանջում է ոչ միայն տեղեկատվություն, այլև որոշ հմտություններ, օրինակ, դուք պետք է սովորեք, թե ինչպես մաքրել ստոման և ինչպես փոխել կղանքընդունիչ պարկը:
Իմացե՛ք ավելին ստոմայի խնամքի մասին:
Ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ
Որպես վիրահատական միջամտություն, կոլոստոմիայի հնարավոր բարդություններից են՝
- արյունահոսություն
- հարակից օրգանների վնասվածք
- հետվիրահատական ճողվածք
- պրոլափս, երբ ստոմայից դուրս է գալիս աղիքի ավելի մեծ հատված, քան անհրաժեշտ էր
- ստոմայի բացվածքի նեղացում կամ խցանում
- որովայնի խոռոչում աղիների անանցանելիություն առաջացնող սպիական փոփոխություններ
- ստոմայի հարակից մաշկի գրգռում և բորբոքում
- մշտապես բացվող վերք:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-02-2021
Վերջին վերանայում՝ 03-05-2024