Արյան ընդհանուր հետազոտություն
23-05-2018
2 րոպե

Արյան ընդհանուր հետազոտությունն (ԱԸՀ) ընդհանուր առողջական վիճակի ստուգման ամենահաճախ նշանակվող լաբորատոր թեստերից է:
ԱԸՀ կարող է նաև օգնել որոշ հիվանդությունների ախտորոշմանը: Հետազոտությանն այլ կերպ անվանում են «արյան ամբողջական հաշվարկ», քանի որ առաջին հերթին նշանակվում է՝ հաշվարկել արյան տարբեր տեսակի բջիջների քանակները (կոչվում են նաև «արյան ձևավոր տարրեր»՝ ի տարբերություն արյան հեղուկ մասի՝ պլազմայի):
Ի՞նչն են հետազոտում
ԱԸՀ գլխավոր նպատակը արյան ձևավոր տարրերի քանակների մասին տվյալներ ստանալն է: Տարբերում են արյան ձևավոր տարրերի երեք տեսակ՝
- արյան կարմիր գնդիկներ (էրիթրոցիտներ), որոնք իրականացնում են թթվածնի տեղափոխումը թոքերից դեպի հյուսվածքներ և ածխաթթու գազի տեղափոխումը հյուսվածքներից դեպի թոքեր
- արյան սպիտակ գնդիկներ (լեյկոցիտներ), որոնք մասնակցում են վարակների դեմ օրգանիզմի պայքարին և իրենց հերթին լինում են 5 տեսակի՝
- նեյտրոֆիլները և մոնոցիտները մասնակցում են վարակների դեմ օրգանիզմի պայքարին
- էոզիոնոֆիլնտրը և բազոֆիլները մասնակցում են օրգանիզմի ալերգիկ պատասխանին
- լիմֆոցիտները (T կամ B) արտադրում են հակամարմիններ և մասնակցում օտար օրգանիզմների, այդ թվում՝ բակտերիաների և վիրուսների դեմ օրգանիզմի պայքարին
- արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ), որոնք հանդիսանում են արյան մակարդելիության առանցքային գործոններից մեկը:
ԱԸՀ մեջ մտնում են նաև մի շարք այլ ցուցանիշներ, օրինակ՝ հեմոգլոբին, որն էրիթրոցիտներում պարունակվող սպիտակուց է և անմիջականորեն իրականացնում է այս բջիջների կողմից թթվածինը կապելու և տեղափոխելու գործընթացները:
Ինչո՞ւ է այս հետազոտությունը նշանակվում
ԱԸՀ-ը համարվում է ընդհանուր սքրինինգային հետազոտություն, որն օգնում է տարբեր հիվանդությունների առաջին անգամ հայտնաբերմանն ու ախտորոշմանը, ինչպես նաև դրանց ընթացքի և նշանակված բուժման արդյունավետության հսկողությանը:
ԱԸՀ կարող է նշանակվել հետևյալ դեպքերում՝
- վարակային հիվանդություններ
- անեմիաներ (սակավարյունություն)
- ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- արյունահոսություն կամ արյան մակարդելիության խնդիրներ
- թունավոր նյութերի ազդեցություն:
Բազմաթիվ հիվանդություններ կարող են ազդել ձեր ԱԸՀ արդյունքների վրա: Ավելին, արյան ձևավոր տարրերի քանակները կարող են փոփոխվել նաև վիտամինների և միներալների պակասի (դեֆիցիտ), որոշ դեղերի ընդունման և այլ պատճառներով:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
ԱԸՀ որևէ հատուկ նախապատրաստություն չի պահանջում, սակայն խորհուրդ է տրվում արյունը հանձնել քաղցած, սակայն՝ ոչ ծարավ վիճակում:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Արյան ձևավոր տարրերի քանակը և դրանց հարաբերակցությունը կարող են փոփոխվել բազմաթիվ հիվանդությունների ժամանակ: Ահա որոշ օրինակեր:
- Էրիթրոցիտների քանակը կարող է շատանալ (կոչվում է էրիթրոցիտոզ), երբ դրանց առաջացումը խթանված է կամ երբ դուք կորցրել եք հեղուկներ (արյան «խտացում»): Հակառակը, էրիթրոցիտների քանակը կարող է նվազել (կոչվում է էրիթրոցիտոպենիա կամ պարզապես անեմիա), երբ դրանց առաջացումն ընկճված է, քայքայումը խթանված է կամ դուք արյունահոսել եք: Նման վիճակները սովորաբար ուղեկցվում են ընդհանուր թուլության և հոգնածության զգացումներով, գլխապտույտով և մաշկի ընդհանուր գունատությամբ:
- Լեյկոցիտների քանակը կարող է մեղմ բարձրանալ վարակային և բորբոքային հիվանդությունների ժամանակ (կոչվում է լեյկոցիտոզ): Լեյկոցիտների և դրանց տարբեր, այդ թվում՝ երիտասարդ ձևերի քանակի կտրուկ աճը գրանցվում է լեյկոզի (լեյկեմիա) դեպքում: Այլ հիվանդությունների ժամանակ կարող է գրանցվել լեյկոցիտների քանակի կրճատում (կոչվում է լեյկոպենիա), որը բերում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկման և վարակների նկատմամբ ընկալունակության բարձրացման:
- Տարբեր հիվանդությունների ժամանակ կարող է շեղվել լեյկոցիտների տարբեր տեսակների միջև հարաբերակցությունը:
- Թրոմբոցիտների քանակը կարող է փոփոխվել արյունահոսության կամ մակարդելիության խանգարումներով ընթացող հիվանդությունների ժամանակ:
Բոլոր դեպքերում, ԱԸՀ արդյունքները պետք է քննարկել բժշկի հետ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Արյան ընդհանուր հետազոտության մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք արյան ընդհանուր հետազոտության առանձին ցուցանիշների մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան հետազոտությունների ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը վերանայվել է՝ 24-05-2021