Կրոնի հիվանդության ճշգրիտ պատճառը մնում է անհայտ:
Նախկինում կասկածվում էին սննդակարգի և սթրեսի մասին, սակայն այժմ բժիշկները գիտեն, որ այս գործոնները կարող են խորացնել, բայց չեն առաջացնում Կրոնի հիվանդություն: Մի քանի գործոններ, հավանաբար, դեր են խաղում աղիների բորբոքման զարգացման մեջ:
- Իմունային համակարգ. հնարավոր է, որ վիրուսը կամ բակտերիան կարող է առաջացնել Կրոնի հիվանդություն, սակայն, գիտնականները դեռ պետք է բացահայտեն այս դրդապատճառը (տրիգեր): Երբ ձեր իմունային համակարգը փորձում է պայքարել ներխուժած միկրոօրգանիզմի կամ շրջակա միջավայրի հրահրիչների դեմ, ատիպիկ իմունային պատասխանը ստիպում է իմունային համակարգին, որ գրոհի նաև մարսողական խողովակի բջիջների վրա:
- Ժառանգականություն. Կրոնի հիվանդությունն ավելի տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն այդ հիվանդությամբ տառապող ընտանիքի անդամներ, ուստի գեները կարող են դեր խաղալ բորբոքային հիվանդության հավանականության մեջ: Այնուամենայնիվ, Կրոնի հիվանդություն ունեցող մարդկանց մեծամասնությունը հիվանդության ընտանեկան պատմություն (անամնեզ) չունի:
Ռիսկի գործոններ
Կրոնի հիվանդության ռիսկի գործոնները կարող են ներառել հետևյալը:
- Տարիք. Կրոնի հիվանդությունը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն հիվանդությունն ավելի հավանական է, որ զարգանա երիտասարդ տարիքում: Մարդկանց մեծամասնությունը, ովքեր ունեն Կրոնի հիվանդություն, ախտորոշվում են մինչև 30 տարեկանը:
- Էթնիկ ծագում. չնայած Կրոնի հիվանդությունը կարող է հանդիպել ցանկացած էթնիկ խմբի մոտ, սպիտակամորթներն ունեն ամենաբարձր ռիսկը, հատկապես արևելաեվրոպական (աշքենազի) հրեական ծագում ունեցող մարդիկ: Այնուամենայնիվ, Կրոնի հիվանդության դեպքերը մեծանում են Հյուսիսային Ամերիկայում և Միացյալ Թագավորությունում ապրող սևամորթների շրջանում: Կրոնի հիվանդությունը նաև ավելի ու ավելի հաճախ է նկատվում Մերձավոր Արևելքի բնակչության և Միացյալ Նահանգների միգրանտների շրջանում:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). դուք ավելի մեծ ռիսկի տակ եք, եթե ունեք Կրոնի հիվանդությամբ առաջին կարգի ազգական, օրինակ՝ ծնող, քույր կամ երեխա: Կրոնի հիվանդությամբ տառապող 5-ից 1-ն ունի այդ հիվանդությամբ տառապող ընտանիքի անդամ:
- Ծխախոտ ծխելը. ծխախոտ ծխելը Կրոնի հիվանդության զարգացման ամենակարևոր վերահսկելի ռիսկի գործոնն է: Ծխելը նաև հանգեցնում է ավելի ծանր հիվանդության և վիրահատության ավելի մեծ ռիսկի: Եթե դուք ծխում եք, կարեւոր է դա դադարեցնել:
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ). դրանք ներառում են Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն), Նապրոքսեն նատրիում (Ալեվե), Դիկլոֆենակ նատրիում և այլն: Թեև դրանք չեն առաջացնում Կրոնի հիվանդություն, կարող են հանգեցնել աղիների բորբոքման, որը վատթարացնում է Կրոնի հիվանդության ընթացքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024