Կրոնի հիվանդության դեպքում ձեր բարակ կամ հաստ աղիքի ցանկացած հատված կարող է ներգրավվել բորբոքման մեջ:
Այն կարող է ներառել մի քանի հատվածներ, կամ բորբոքումը կարող է լինել շարունակական: Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը ներառում է միայն խթաղին (կոլոն), որը հաստ աղիքի մի մասն է:
Կրոնի հիվանդության գանգատներն ու ախտանիշները կարող են տատանվել մեղմից մինչև ծանր: Դրանք սովորաբար զարգանում են աստիճանաբար, սակայն երբեմն առաջանում են հանկարծակի՝ առանց նախազգուշական նշանների: Դուք նաև կարող եք ունենալ ժամանակաշրջաններ, երբ գանգատները կամ ախտանիշները բացակայում են (ռեմիսիա):
Երբ հիվանդությունն ակտիվ է (ախտադարձ կամ ռեցիդիվ), ախտանիշները սովորաբար ներառում են՝
- փորլուծություն
- ջերմություն
- հոգնածություն
- որովայնի ցավ և կծկանքներ (սպազմ)
- աղիների փքվածության զգացում (փորափքանք, մետեորիզմ) կամ վքնածություն
- արյուն ձեր կղանքում
- բերանի խոռոչի խոցեր
- ախորժակի նվազում և քաշի կորուստ` պայմանավորված աղիների ներծծման խանգարմամբ (մալաբսորբցիա) և թերսնուցմամբ
- ցավ կամ արտահոսք հետանցքի մոտ կամ շրջակայքում՝ բորբոքման պատճառով դեպի մաշկ բացված խուղակի պատճառով (ֆիստուլա):
Փորլուծության բնույթը պայմանավորված է բորբոքման տեղակայումից. եթե զստաղու (բարակ աղու վերջնահատված, իլեուս) բորբոքմանը բնորոշ է մեծ ծավալի ջրիկ կղանքը, ապա հաստ աղիքի բորբոքմանն ավելի բնորոշ է փոքր քանակության, սակայն հաճախակի փորլուծությունը։
Այլ գանգատներ և ախտանիշներ
Ծանր Կրոնի հիվանդությամբ մարդիկ կարող են նաև ախտանիշեր ունենալ աղիքային խողովակից դուրս: Այսպիսի արտաաղիթային ախտանիշները ներառում են՝
- մաշկի, աչքերի և հոդերի բորբոքում
- լյարդի կամ լեղուղիների բորբոքում
- երիկամների քարեր
- երկաթի անբավարարություն (սակավարյունություն կամ անեմիա)
- երեխաների մոտ աճի կամ սեռական զարգացման հետաձգում:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք ձեր աղիների դատարկման սովորույթի մշտական փոփոխություններ կամ եթե ունեք Կրոնի հիվանդության գանգատներից և ախտանիշներից որևէ մեկը, ինչպիսիք են՝
- որովայնային ցավ
- արյուն ձեր կղանքում
- սրտխառնոց և փսխում
- փորլուծություն, որը շարունակվում է ավելի քան երկու շաբաթ
- անբացատրելի քաշի կորուստ
- ջերմություն՝ ի լրումն վերը նշված ախտանիշներից որևէ մեկի:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024