Առողջական խնդիրներ

Կրոնի հիվանդություն

Կրոնի հիվանդություն

Time Read 2 րոպե

Կրոնի հիվանդությունը աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որն առաջացնում է մարսողական ուղու ցավոտ այտուց և կարմրություն:

Բորբոքումը նորմալ ռեակցիա է, որի ժամանակ ձեր իմունային համակարգն օրգանիզմը պաշտպանում է ձեզ՝ պայքարելով ներթափանցած օտարածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների կամ վիրուսների դեմ: Սովորաբար, երբ վարակների հարուցիչները վերացվում են, բորբոքումն աստիճանաբար մեղմանում և անհետանում է:

Կրոնի հիվանդության ժամանակ իմունային համակարգում առկա խնդրի պատճառով բորբոքումը շարունակվում է երկարաձգվել՝ առաջացնելով մարսողական խողովակի լորձաթաղանթի ախտահարում և վնասում: Կրոնի հիվանդությունն, այսպիսով, միջնորդավորում է իմունային համակարգով, սակայն չի հանդիսանում աուտոիմուն հիվանդություն, քանի որ իմուն համակարգը չի դրդվում անմիջապես օրգանիզմի կողմից։ Հիվանդությունը հաճախ սկսվում է գաստրոէնտերիտից հետո։

Կրոնի հիվանդությունը սովորաբար ախտորոշվում է 15-30 տարեկանների մոտ և ընթանում է որովայնի շրջանի ցավերով և փորլուծությամբ, իսկ ծանր ընթացքի դեպքում՝ նաև ջերմության բարձրացմամբ, սակավարյունությամբ (անեմիա), մաշկի ցանավորմամբ, հոդաբորբով, աչքի բորբոքմամբ և ընդհանուր թուլությամբ:

Կրոնի հիվանդության հստակ պատճառը հայտնի չէ, սակայն, ինչպես նշվեց, որոշակի դեր ունի իմունային համակարգի շեղված գործունեությունը: Ծխողների մոտ հիվանդության ռիսկը բարձրանում է շուրջ երկու անգամ:

Ախտորոշումը հիմնված է բիոպսիայի, աղիքի պատի վիճակի բժշկական պատկերի և հիվանդության նկարագրության վրա։

Կրոնի հիվանդությունը վերջնական բուժում չունի: Բուժական միջոցառումները ուղղված են ախտանիշների բարելավմանը (օրինակ՝ մալաբսորբցիայի գանգատներ), ախտադադարի (ռեմիսիա) պահպանմանն ու սրացման կամ բարդությունների կանխարգելմանը:

Կրոնի հիվանդության և խոցային կոլիտի միջև տարբերությունը

Խոցային կոլիտը նույնպես աղիների բորբոքային հիվանդություն է, սակայն այս երկու հիվանդությունները մարսողական ուղին ախտահարում են տարբեր մեխանիզմներով:

  • Կրոնի հիվանդությունը կարող է ախտահարել մարսողական խողովակի ցանկացած հատված՝ սկսած բերանի խոռոչից մինչև հետանցք, սակայն ավելի հաճախ «տեղակայվում է» բարակ աղիների վերջին հատվածում (իլեում) կամ հաստ աղիներում (կոլոն): Բորբոքումը կարող է ընդգրկել աղիների պատի ողջ հաստությունը:
  • Խոցային կոլիտն ախտահարում է միայն հաստ աղիները, իսկ բորբոքումն ընդգրկում է միայն աղու պատի լորձաթաղանթը: Խոցային կոլիտը, ինչպես հուշում է անվանումը, ուղեկցվում է աղիների լորձաթաղանթի վրա խոցերի առաջացմամբ:

Հոդվածը տեղադրվել է՝ 27-05-2019 վերանայվել է՝ 26-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով