Դրեսլերի համախտանիշի բուժման նպատակը պերիկարդի բորբոքումը և ցավերը մեղմացնելն է:
Դեղորայքային բուժում
Դեղորայքային բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր. այս խմբի դեղամիջոցները կարող են օգնել բորբոքման և այտուցի մեղմացմանը: Օրինակներից են՝ Ասպիրին, Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ, երբեմն, Ինդոմեթացին: Եթե Դրեսլերի համախտանիշը զարգացել է սրտամկանի ինֆարկտից հետո, սովորաբարար նախապատվությունը տրվում է Ասպիրինին:
- Կոլխիցին. Կոլխիցինը հաճախ նշանակում են ռեկուրենտ պերիկարդիտի բուժման մեջ:
- Կորտիկոստերոիդներ․ որպես իմունային համակարգի հզոր ճնշող դեղամիջոցներ, կորտիկոստերոիդները կարող են մեղմացնել Դրեսլերի համախտանիշի հետ կապված բորբոքումը: Այնուամենայնիվ, կորտիկոստերոիդները նաև կարող են դրսևորել լուրջ կողմնակի ազդեցություններ և խանգարել սրտամկանի ինֆարկտից կամ վիրահատությունից հետո վնասված սրտի հյուսվածքի ապաքինմանը: Այդ պատճառով կորտիկոստերոիդները սովորաբար օգտագործվում են միայն այն դեպքում, երբ այլ բուժումներ չեն գործում:
Բուժումից հետո ձեզ կարող են որոշ ժամանակ պահել մշտական հսկողության ներքո՝ վերահսկելու հնարավոր բարդությունները։
Բարդությունների բուժում
Դրեսլերի համախտանիշի բարդությունները կարող են պահանջել ավելի ագրեսիվ բուժումներ:
- Ավելցուկային հեղուկի դատարկում․ սրտի տամպոնադայի դեպքում բուժումը կարող է լինել մի միջամտություն (պերիկարդիոցենտեզ), երբ օգտագործվում է ասեղ կամ բարակ խողովակ (կաթետեր) սրտապարկի ճեղքից ավելորդ հեղուկը հեռացնելու համար: Այս միջամտությունը սովորաբար կատարվում է տեղային անզգայացման օգնությամբ:
- Պերիկարդի հեռացում. կոնստրրիկտիվ պերիկարդիտի դեպքում բուժումը կարող է ներառել պերիկարդը հեռացնելու վիրահատություն (պերիկարդիէկտոմիա):
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024