Առողջական խնդիրներ
12-մատնյա աղու (դուոդենալ) խոց

2 րոպե
12-մատնյա աղու խոցը որովայնի՝ «ստամոքսի շրջանում» տեղակայված ցավերի տարածված պատճառներից մեկն է:
Բուժվելու դեպքում մի քանի շաբաթվա ընթացքում 12-մատնյա աղու խոց ունեցող մարդկանց ինքնազգացողությունը կարող է զգալիորեն բարելավվել:
Ի՞նչ է 12-մատնյա աղու խոցը
12-մատնյա աղու խոցը, ինչպես հուշում է անվանումը, այս աղու (դուոդենում) լորձաթաղանթի ամբողջականության խախտումն է: 12-մատնյա աղին ձեր բարակ աղիների ամենասկզբնական հատվածն է և հանդիսանում է մարսողական համակարգի անփոխարինելի մասը: Դուոդենումը սկսվում է ձեր ստամոքսից անմիջապես հետո, ուստի և ստամոքսից սնունդն ընդունող աղիների առաջին բաժինն է:
Խոց կարող է առաջանալ ինչպես ձեր 12-մատնյա աղիքի, այնպես էլ ստամոքսի լորձաթաղանթին: Ինչպես ստամոքսի, այնպես էլ 12-մատնյա աղու խոցերը համարվում են «պեպտիկ խոցեր»: Եթե ձեզ մոտ ախտորոշել են այս երկու տեսակի խոցերից մեկնումեկը, ապա բժիշկներն ասում են, որ առկա է «պեպտիկ խոցային հիվանդություն»:
12-մատնյա աղու խոցի պատճառները
Ձեր ստամոքսն արտադրում է ուժեղ թթու (աղաթթու), որը ոչնչացնում է մանրէները և օգնում սննդի մարսողությանը: Այս թթվից «ինքնապաշտպանվելու» համար ստամոքսի և 12-մատնյա աղու բջիջները արտադրում և ստեղծում են պաշտպանիչ լորձային շերտ, որի վնասումն էլ կարող է դառնալ խոցի առաջացման պատճառ:
Լորձային պաշտպանիչ շերտի վնասման հիմնական պատճառը բակտերիալ վարակն է՝ Հելիկոբակտեր պիլորին (H. pylori): Այս բակտերիան կարող է ախտահարել և վնասել 12-մատնյա աղու լորձաթաղանթը, որն էլ իր հերթին բորբոքվում է՝ առաջացնելով խոց:
Որոշ դեղեր նույնպես կարող են առաջացնել 12-մատնյա աղու խոց, այդ թվում՝ հակաբորբոքային հայտնի դեղերից Իբուպրոֆեն և Ասպիրին: Ավելի հազվադեպ, խոցի առաջացման պատճառ կարող են դառնալ այլ դեղեր ևս կամ հիվանդություններ:
Որոշ հետազոտությունների արդյունքներ վկայում են, որ 12-մատնյա աղու խոցի առաջացման հավանականությունը բարձրանում է, եթե դուք ծխում եք, չարաշահում ալկոհոլ կամ մշտական սթրեսի մեջ եք, սակայն, բոլոր դեպքերում այս բոլոր գործոնները խոցի առաջացման գործում ավելի փոքր նշանակություն ունեն, քան H. pylori վարակը:
12-մատնյա աղու խոցի ախտանիշները
12-մատնյա աղու խոցի առկայության դեպքում դուք կարող եք նշել հետևյալ գանգատները՝
- ստամոքսի կամ որովայնի շրջանում ցավեր (կարող են սկսվել քաղցած վիճակում և ինքնուրույն անցնել ոչ գրգռիչ սնունդ ընդունելուց հետո)
- մարսողական խանգարումներ (օրինակ՝ այրոցք, սրտխառնոց (նողկանքի զգացում) կամ փսխում)
- սնունդ ընդունելուց հետո խիստ արտահայտված ստամոքսի «լցվածության» և փքվածության զգացումներ
- վատ ինքնազգացողություն
- մարմնի կշռի կորուստ:
Խիստ հազվադեպ, խոցը կարող է առաջացնել լուրջ բարդություններ:
Եթե դուք ստամոքսի շրջանում զգում եք սաստիկ ուժեղ «կտրող» կամ «դաշույնի հարվածի» ցավեր, որոնք ինքնուրույն չեն մեղմանում կամ ձեր փսխման զանգվածը կամ կղանքը արյունային, սուրճի նվստածք հիշեցնող կամ սևացած է, առանց հետաձգելու այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
12-մատնյա աղու խոցի ախտորոշումը
12-մատնյա աղու խոցն ախտորոշելիս բժիշկը կարող է զրուցել ձեզ հետ, զննել ձեզ և, ամենայն հավանականությամբ, առաջարկել որոշ հետազոտություններ, որոնցից են՝
- գաստրոսկոպիա, երբ մասնագետը բարակ ճկուն և ազատ ծայրին տեսախցիկ ունեցող խողովակը զգուշորեն ներմուծում է ձեր ստամոքս, որտեղից էլ՝ 12-մատնյա աղիք
- արյան, կղանքի կամ շնչառական հետազոտություն, որի նպատակը ձեր օրգանիզմում H. pylori հայտնաբերելն է:
Գաստրոսկոպիայի ընթացքում բժիշկը կարող է նաև ձեր մարսողական խողովակից վերցնել փոքր լորձաթաղանթային նմուշ (բիոպսիա): Վերջինս կարող է օգտագործվել նաև H. pylori հետազոտության մեջ:
12-մատնյա աղու խոցի բուժումը
Եթե խոցը պատճառվել է H pylori բակտերիայով, ապա ձեզ կնշանակվի «եռակի բուժում»՝ կազմված այդ բակտերիան ոչնչացնող երկու հակաբիոտիկից և ստամոքսի կողմից թթվի արտադրությունը կրճատող երրորդ դեղից:
Եթե ձեզ մոտ H. pylori վարակ չի հայտնաբերվում և դուք որոշ ժամանակ օգտագործել եք հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ կամ ստերոիդներ), բժշկի հետ խորհրդակցելուց հետո հավանաբար պետք է դադարեցնեք այդ հաբերի ընդունումը և սկսեք խմել դեղեր, որոնք կրճատում են ստամոքսի կողմից թթվի արտադրությունը:
Անտացիդներ ընդունելը, ալկոհոլի օգտագործման սահմանափակումը և ծխախոտից հրաժարվելը (եթե ծխող եք) նույնպես կարող են օգտակար լինել:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-03-2020 վերանայվել է՝ 23-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: