Էլեկտրահարությունն առաջանում է, երբ մարդը (տուժողը) պատահաբար կամ անփութության հետևանքով շփում է էլեկտրական հոսանքի հետ։
Նման դեպքերում էլեկտրական հոսանքն անցնում է մարմնի որևէ մասով և առաջացնում էլեկրահարություն կամ էլեկտրաշոկ։ Էլեկտրահարությունը կարող է որևէ լուրջ վնասվածք չառաջացնել, սակայն նաև կարող է բերել մահվան։ Մարմնի այն մասում, որը հպվել է էլեկտրական հոսանքին, կարող է առաջանալ այրվածք։
Էլեկտրահարության պատճառները
Էլեկտրահարությունը կարող է առաջանալ պատահաբար՝ որպես դժբախտ պատահար։ Մարդիկ կարող են բարձրավոլտաժ էլեկտրահարության տուժող դառնալ նաև էլ. սարքերի կամ հոսանքի աղբյուրների հետ աշխատելիս անվտանգության կանոնները խախտելու հետևանքով։
Էլեկտրահարության հետևանքները կախված են տարբեր գործոններից, այդ թվում`
- հոսանքի տեսակ (հաստատուն կամ փոփոխական)
- հոսանքի ուժ (որը հաշվարկվում է՝ ելնելով հոսանքի աղբյուրի վոլտաժից և «մուտքի» հյուսվածքների դիմադրողականությունից)
- տուժողի մարմնում էլեկտրական հոսանքի անցման ուղի (արդյոք սիրտն ընկա՞ծ է այդ ուղու վրա)։
Շատ փոքր ուժի հոսանքը կարող է հոսանքի հետ հպման կետում առաջացնել թույլ ծակոցի զգացում կամ ընդհանրապես չզգացվել։ Փոքր ուժի հոսանքն ինքնին անվնաս է, սակայն հարուցելով կտրուկ պատասխան ռեակցիա և մկանների կտրուկ ջղաձգում, կարող է առաջացնել «հարակից» վնասում՝ վայր ընկնելու, անհաջող շարժում կատարելու և այլ պատճառներով։ Ավելի ուժեղ հոսանքը կարող է առաջացնել որոշ դիսկոմֆորտ կամ ցավ, մինչդեռ էլ ավելի ուժեղ լինելու դեպքում էլեկտրահարությունը կարող է առաջացնել մկանների կտրուկ կծկում, որը տուժողին թույլ չի տալիս, որ ազատվի հոսանքի աղբյուրից։ Ավելի հզոր հոսանքը կարող է պատճառել հյուսվածքների վնասում և սրտի ֆիբրիլյացիա կամ սրտամկանի ինֆարկտ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կարող են ավարտվել տուժողի մահով։
Կենցաղային կամ աշխատանքային պայմաններում էլեկտրահարության ամենատարածված պատճառներն են՝
- վնասված հոսանքի լարեր
- հոսանքի լարի կտրում
- հնացած հոսանքի լարեր
- էլեկտրական սարքերի վրա ջրի կամ խոնավության առկայություն
- ոչ սարքին էլեկտրական սարքեր։
Էլեկտրահարության ախտանիշները
Էլեկտրահարությունից տուժած անձի մոտ կարող է դրևսորվել սկսած վնասվածքի մեղմ նշաններից մինչև ծանր այրվածքի տեսանելի նշաններ։ Ծանր էլեկտրահարության դեպքերում նաև կարող է զարգանալ սրտամկանի ինֆարկտ։
- Այրվածքները սովորաբար ավելի արտահայտված են հոսանքի աղբյուրի կամ հողի հետ շփման շրջաններում, որտեղ մուտքային հյուսվածքների բարձր դիմադրողականության պատճառով առաջանում է տեղային կտրուկ տաքացում։ Ձեռքերը, կրունկները և գլուխը նման շփման հիմնական կետերն են։ 500-1000 վոլտ լարվածության հոսանքը կարող է առաջացնել նաև ներքին այրվածքներ։
- Եթե էլեկտրական հոսանքի ազդեցությամբ տուժողը մկանային հզոր կծկմամբ շպրտվում է հոսանքի աղբյուրից հեռու, այրվածքներից բացի կարող են առաջանալ նաև այլ վնասվածքներ։ Օրինակ, նման դեպքերում պետք է ժխտել ողնաշարի վնասվածքը։ Ներքին վնասվածքների մասին կարող են վկայել նաև տուժողի մոտ զարգացած կտրուկ շնչարգելությունը, կրծքավանդակի կամ որովայնի շրջանի ցավերը։
- Գլխում կամ ոտքերում առաջացող ցավերը կամ մարմնի որևէ շրջանի ձևափոխումը (դեֆորմացիա) կարող է պատճառվել էլեկտրահարությամբ հարուցված կոտրվածքներով։
- Կենցաղային կամ ավելի ուժեղ հոսանքը, անցնելով մարմնով, կարող է առաջացնել սրտի փորոքների ֆիբրիլյացիա, հատկապես, եթե հոսանքն անցնում է սրտի վրայով։ Նույնիսկ բուժման դեպքում փորոքների ֆիբրիլյացիան շատ հաճախ ունենում է մահացու ելք։
- Երեխաների մոտ կարող է առաջանալ բերանի էլեկտրական այրվածք, եթե նրանք փորձում են ատամներով կծել հոսանք պարունակող էլեկտրական լարը։ Ախտահարված շրջանն այս ժամանակ դառնում է կարմրած կամ մգացած։
Ե՞րբ դիմել բժշկին
Բարձրավոլտաժ էլեկտրահարությունը կյանքին սպառնացող և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակ է։ Նման դեպքերում պետք զանգել 1-03 և հրավիրել շտապ օգնություն կամ տուժածին շտապ տեղափոխել մոտակա հիվանդանոց կամ անհետաձգելի բաժանմունք։
Եթե տեղ է գտել ցածրավոլտաժ էլեկտրահարություն, դիմեք բժշկին հետևյալ դեպքերում՝
- ցնցումային հիվանդության պատմություն
- ինքնուրույն չլավացող այրվածքներ
- այրվածքներ, որոնց ժամանակ ուժեղանում է կարմրությունը, ցավոտությունը կամ «վերքային հոսումը»
- էլեկտրահարվել է հղի կինը։
Ցածրավոլտաժ էլեկտրահարության դեպքում դիմեք հիվանդանոց կամ անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, եթե առկա է հետևյալ նշաններից կամ վիճակներից մեկնումեկը՝
- այրվածքները զբաղեցնում են զգալի մակերես
- գիտակցության կորուստ
- մարմնի որևէ շրջանում թրմրածության զգացում, ծակծկողներ, պարալիչ, տեսողության, լսողության կամ խոսքի խանգարումներ
- շշմածություն և շփոթվածություն
- շնչառության խանգարումներ
- ցնցումային նոպա
- 20 շաբաթական և ավելի մեծ հղիություն
- անհանգստացնող այլ նշաններ։
Էլեկտրահարության և դրա հետևանքների ախտորոշումը
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում բժշկի առաջնային խնդրը պարզելն է, թե արդյոք կա՞ն ոչ տեսանելի վնասվածքներ։ Էլեկտրահարվելիս կարող են վնասվել մկանները, սիրտը և ուղեղը կամ հոսանքի աղբյուրից ետ շպտրվելիս կարող են առաջանալ ոսկրերի կոտրվածքներ։
Կախված հիվանդության պատմությունից և արտաքին զննման արդյունքներից, բժիշկը կարող է նշանակել տարբեր հետազոտություններ, որոնք կարող են ներառել՝
- ԷՍԳ՝ սրտի աշխատանքը ստուգելու համար
- արյան և մեզի թեստեր, այդ թվում՝ մկանային ֆերմենտների հայտնաբերում (որը կարող է վկայել մկանների զգալի վնասման առկայության մասին)
- ռենտգեն պատկերում՝ հայտնաբերելու էլեկտրական հոսանքի «մեխանիկական» ազդեցությամբ առաջացած ոսկրերի կոտրվածքներ կամ տեղաշարժեր
- համակարգչային շերտագիր (ԿՏ):
Էլեկտրահարության ինքնօգնությունը
Կարճատև ցածրավոլտաժ էլեկտրահարությունը, որը չի ուղեկցվում որևէ գանգատով կամ մաշկի այրվածքով, որևէ բուժման կարիք չունի։ Եթե առկա է ավելի բարձրավոլտաժ էլեկտրահարություն կամ եթե առաջացել են այրվածքներ, ապա պետք է դիմել մոտակա հիվանդանոց կամ անհետաձգելի բաժանմունք։
Էլեկտրահարության բուժումը
Բուժումը կախված է այրվածքների ծանրության աստիճանից և հայտնաբերված այլ վնասվածքների բնույթից։
- Այրվածքների բուժումը կազմակերպվում է ըստ ծանրության աստիճանի, մասնավորապես՝
- փոքր այրվածքները կարող են բուժվել հակաբիոտիկային տեղային քսուքներով և վիրակապությամբ
- ավելի ծանր այրվածքների ժամանակ կարող է առաջանալ վիրահատական բուժման անհրաժեշտություն
- ձեռքերի, ոտքերի կամ ձեռնաթաթերի խիստ ծանր այրվածքների ժամանակ կարող է առաջանալ մեծ վիրահատության անհրաժեշտություն, օրինակ՝ վնասված մկանների հեռացում կամ նույնիսկ անդամահատում (ամպուտացիա)։
- Այլ վնասվածքների բուժումը ներառում է, օրինակ՝
- աչքերի վնասվածքները կարող են պահանջել ակնաբույժի խորհրդատվություն և բուժում
- ոսկրերի կոտրվածքների դեպքում պետք է կազմակերպել վնասվածքաբանի խորհրդատվություն, կոտրված ոսկրի անշարժացում և ըստ անհրաժեշտության՝ վիրահատություն
- ներքին վնասվածքները կարող են պահանջել հսկողություն կամ վիրահատություն։
Իմացե՛ք ավելին էլեկտրահարությամբ առաջացած այրվածքների առաջին օգնության մասին:
Էլեկտրահարության կանխարգելումը
Էլեկտրահարության և դրա առաջացրած վնասվածքների կանխարգելման քայլերը հիմնականում կախված են տարիքից։
- Մինչև 12 տարեկան երեխաների համար էլեկտրահարության հիմնական պատճառը հոսանքի լարերն են։ Ստուգեք հոսանքի և երկարացման բոլոր լարերը։ Փոխարինեք բոլոր լարերը, որոնք ճմլված, կտրված են կամ վնասվել է դրանց արտաքին մեկուսիչ շերտը։
- Թույլ մի տվեք, որ երեխաները խաղան հոսանքի լարերով։
- Քչացրեք տանն օգտագործվող երկարացման լարերը և համոզվեք, որ սարքերի՝ հոսանքի աղբյուրին միացող խրոցները և լարերը համապատասխանում են այդ սարքի հզորությանը։
- Օգտագործեք վարդակների անցքերը փակող մեկուսիչ հարմարանքներ։
- Փոխարինեք հին, չհողակցված վարդակները նոր և հողակցվածներով։
- 12 տարեկանից բարձր երեխաների դեպքում էլեկտրահարության հիմնական պատճառը նրանց բնական հետաքրքրությունն է, վտանգը չգիտակցելը և բարձր հոսանք պարունակող սարքերի «զննումը»։ Բացատրեք երեխաներին, որ պետք չէ բարձրանալ էլ. սյուների վրա, խաղալ տրանսֆորմատորային համակարգերի մոտ կամ փորձել հասկանալ էլեկտրական սարքի կառուցվածքը։
- Չափահասների մոտ առողջ դատողությունը կարող է օգնել, որ նրանք խուսափեն էլեկտրահարությունից։ Մինչև էլեկտրական սարքը քանդելը, լամպը փոխելը, վարդակը վերանորոգելը պետք է անջատել հոսանքի աղբյուրը։ Խուսափեք ջրին մոտ էլեկտրական սարքերը շահագործելուց։ Խստագույնս պահպանեք հոսանքի կամ սարքերի հետ աշխատելիս անվտանգության մյուս կանոնները։
Էլեկտրահարության ելքը (պրոգնոզ)
Էլեկտրահարությունից վերականգնումը կախված է առաջացած վնասվածքների բնույթից և դրանց ծանրության աստիճանից։ Հիվանդության ելքը վատթարացնող ամենակարևոր գործոնը այրված շրջանների մակերեսն է։
Եթե էլեկտրահարված մարդու մոտ չի զարգացել սրտամկանի ինֆարկտ կամ նա չի ստացել լուրջ այրվածքներ, հավանաբար կդիմակայի այս պատահարը։
Էլեկտրահարության պատճառով հիվանդանոցային բուժում ստացող մարդկանց մոտ բակտերիալ վարակը հանդիսանում է մահվան հիմնական պատճառը։
Գլխուղեղի էլեկտրական վնասվածը կարող է առաջացնել կայուն ցնցումային հիվանդություն, դեպրեսիա, տագնապ կամ անձային խանգարումներ։
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024