Այս էջում կտրամադրվի հանրամատչելի տեղեկատվություն արտաքին կարդիովերսիայի մասին:
Եթե ունեք թեմայի հետ կապված որևէ հարց, ապա քննարկեք այն ընտանեկան բժշկի և համապատասխան մասնագետի հետ:
Ի՞նչ է արտաքին կարդիովերսիան
Արտաքին կարդիովերսիան միջամտություն է, որի նպատակը սրտի ոչ նորմալ ռիթմի բուժումն է: Այն իրենից ներկայացնում է դեֆիբրիլյարտոր սարքի միացում ձեր մարմնին, որը վերահսկվող էլեկտրական հարված (էլեկտրաշոկ) է հասցնում ձեր սրտին՝ ստիպելով, որ վերջինս սկսի նորից նորմալ ռիթմով կծկվել:
Սիրտը մկանային քառախոռոչ օրգան է, որը կծկվելով թոքերից ստացված թթվածնով հարուստ զարկերակային արյունը արտամղում է դեպի մարմնի մյուս բոլոր շրջաններ և այնտեղից ստացված թթվածնից աղքատ երակային արյունը մղում դեպի թոքեր: Արտամղիչ այս կծկումները վերահսկվում են աջ նախասրտում առկա բջիջների մի խմբում՝ սինուսային հանգույցում առաջացող և սրտամկանի մյուս շրջանները տարածվող էլեկտրական ազդանշաններով (իմպուլս):
Երբ սրտազարկը նորմալ է, էլեկտրական իմուպուլսների ազդեցությամբ վերին՝ «հավաքող» խոռոչները (աջ և ձախ նախասրտեր) և ստորին՝ «արտամղող» խոռոչները (աջ և ձախ փորոքներ) համակարգված և ներդաշնակ կծկվում և թուլանում են:
Արտաքին կարդիովերսիան սովորաբար կիրառվում է հաճախասրտության կյանքին սպառնացող նոպան բուժելու համար, երբ նախասրտերը կծկվում են խիստ հաճախացած և չհամակարգված ձևով, որը չի ենթարկվում դեղորայքային բուժմանը:
Հաճախասրտությունը, այդ թվում շողացող առիթմիան թույլ չի տալիս, որ սիրտն արդյունավետ կծկվի: Սա կարող է առաջացնել սրտփխոցի զգացում, երբ զգում եք ձեր սրտի հաճախացած կամ անկանոն կծկումները, օդի պակասի զգացում և թուլություն: Առիթմիայի նոպան նաև երբեմն ուղեկցվում է ետկրծոսկրային կամ կրծքավանդակի ձախ կեսի ցավերով, գլխապտույտով կամ կոլապսով՝ արյան ճնշման կտրուկ անկմամբ:
Իմացե՛ք ավելին շողացող առիթմիայի (նախասրտերի շողացման) մասին:
Որո՞նք են արտաքին կարդիովերսիայի օգուտները
Սիրտը սկսում է նորից նորմալ ռիթմիկ կծկվել:
Կա՞ն արդյոք արտաքին կարդիովերսիային այլընտրանքներ
Նախասրտերի շողացման որոշ ախտանիշները բուժելու և ինսուլտը կանխարգելելու համար կարող են օգտագործվել նաև դեղեր, սակայն դրանք ավելի քիչ արդյունավետ են, քան կարդիովերսիան: Ավելին, եթե շողացող առիթմիայի նոպան ուղեկցվում է արյան ճնշման անկմամբ, արտաքին կարդիովերսիան մնում է սրտի բնականոն աշխատանքը վերականգնող միակ առաջարկվող բուժական մեթոդը:
Եթե շողացող առիթմիայի պատճառը թոքային երակներից եկող ոչ նորմալ էլեկտրական ակտիվությունն է, ձեզ կարող են առաջարկել նաև կաթետերային աբլացիա կոչվող միջամտությունը:
Ի՞նչ է ներառում այս միջամտությունը
Արտաքին կարդիովերսիան սովորաբար տևում է 10 րոպե:
Այն սովորաբար իրականացվում է ընդհանուր անզգայացման (անեսթեզիա) ներքո:
Բուժանձնակազմը ձեր կրծքավանդակին կամ ձեռքերին փակցնում է կպչուն հաղորդիչներ (էլեկտրոդ), որի օգնությամբ միջոցառման ընթացքում հսկվում է սրտի աշխատանքը: Այնուհետև սրտի շրջանում փակցվում են ավելի մեծ կպչուն հաղորդիչներ, որոնք միացված են դեֆիբրիլյատորին:
Ձեր բժիշկը կօգտագործի այս սարքը, որ ձեր սիրտը «հարվածի» վերահսկվող, ռիթմի հետ սինխրոն էլեկտրական լիցքով, որի շնորհիվ սրտի նորմալ ռիթմն ու աշխատանքը վերականգնվում է:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել
Որոշ բարդություններ կարող են լինել ծանր և անգամ հանգեցնել մահվան: Դրանցից են՝
- կրծքավանդակի այն շրջանների ցավոտություն, որտեղ փակցված են եղել մեծ էլեկտրոդները
- սրտի ռիթմի խանգարումներ
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- թոքերում հեղուկի կուտակում
- ինսուլտ:
Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ
Դուք կարող եք տուն վերադառնալ նույն օրը:
Կախված առողջական վիճակից, դուք կկարողանաք վերադառնալ նորմալ գործերին մոտ երկու օրվա ընթացում:
Կանոնավոր վարժանքները կօգնեն երկարատև առողջության բարելավմանը, սակայն նախապես խորհրդակցեք ընտանեկան բժշկի և սրտաբանի հետ:
Ամփոփում
Նախաստրտերի շողացումը կարող է առաջացնել սրտխփոցի զգացում, շնչարգելություն, սրտի խոռոչում արյան մակարդուկի զարգացում: Արտաքին կարդիովերսիան կարող է բարելավել այս գանգատները՝ «էլեկտրաշոկով» վերականգնելով սրտի բնականոն ռիթմիկ աշխատանքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-06-2020
Վերջին վերանայում՝ 05-05-2024