Առողջական խնդիրներ
Դեմքի ծռվածություն (կաթված)

3 րոպե
Դեմքի ծռվածության ժամանակ մի կողմի թուլացման պատճառով դեմքը դառնում է ոչ սիմետրիկ, որը նաև կարող է ուղեկցվել աչքերի կամ բերանի շարժունակության խանգարմամբ:
Հաճախ դեմքի ծռվածությունն ինքնուրույն անցնում է, սակայն որոշ դեպքերում կարող է լինել մեկ այլ, ավելի ծանր հիվանդության ախտանիշներից մեկը, օրինակ՝ ինսուլտ:
Ինսուլտի դեպքում դեմքի ծռվածությունն ի հայտ է գալիս հանկարծակի և հաճախ ուղեկցվում մարմնի մի կեսի մկանների կաթվածով կամ թուլացմամբ:
Եթե կասկածում եք, որ ձեզ մոտ կամ մեկ այլ մարդու մոտ զարգացել է ինսուլտ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Ի՞նչ է դեմքի ծռվածությունը
Դեմքի ծռվածությունն առաջանում է, երբ առկա է դեմքի մկանների նյարդերի ախտահարում և վնասում: Նյարդի ախտահարումը կարող է կրել ժամանակավոր կամ կայուն բնույթ: Ծռվածությություն կարող է զարգանալ նաև գլխուղեղի այն շրջանի ախտահարման պատճառով, որը նյարդային ազդանշաններ է ուղարկում դեպի դիմային մկաններ:
Երբեմն դեմքի ծռվածությունը դրսևորվում է դեմքի մի կեսի միայն ստորին շրջանների, այլ դեպքերում՝ ամբողջ մի կեսի սահմաններում: Դեմքի ծռվածություն առաջացնող պատճառը կարող է ազդել նաև ակնագնդերի շարժունակության, բերանի գործունեության կամ կլման վրա:
Դեմքի ծռվածության պատճառները
Եթե առողջական այլ խնդիրներ չունեք, ապա դեմքի ծռվածության ամենահաճախ հանդիպող պատճառը Բելի կաթվածն է: Այն զարգանում է, երբ ձեր դեմքի նյարդերից մեկնումեկը բորբոքվում է: Նյարդի բորբոքումն ունի վիրուսային ծագում և սովորաբար ինքնուրույն լավանում է, սակայն դեմքի ծռվածությունը կարող է շարունակվել 3-9 ամիս:
Դեմքի ծռվածության մեկ այլ պատճառ գլխուղեղի ուռուցքն է: Այս դեպքում դեմքի ծռվածությունը սովորաբար զարգանում է դանդաղորեն և ուղեկցվում այլ ախտանիշներով, օրինակ՝ գլխացավեր, ցնցումներ կամ լսողության կորուստ:
Երբեմն դեմքի ծռվածություն կարող է ի հայտ գալ նորածինների մոտ, որի պատճառը գլխուղեղի տրավման է, ներարգանդային զարգացման շեղումները կամ հազվադեպ հադնիպող ժառանգական համախտանիշները:
Դեմքի ծռվածության այլ պատճառներից են գլխուղեղի վարակները և դիմային նյարդը ճնշող ուռուցքները:
Դեմքի ծռվածության բուժումը
Բուժումը կախված է պատճառից, որը գտնելու համար բժիշկը կզրուցի ձեզ հետ, կզննի ձեր դեմքը, աչքերը, կստուգի ձեր տեսողությունը, լսողությունը, խոսքը և կլման ակտը, ինչպես նաև կնշանակի որոշ հետազոտություններ (օրինակ՝ արյան թեստեր, նյարդամկանային հաղորդականության ստուգման կամ պատկերման հետազոտություններ և այլն):
Բելի կաթվածը սովորաբար ինքնուրույն լավանում է, սակայն որոշ դեղեր կարող են օգնել դեմքի ծռվածության լիարժեք վերացմանը և դեմքի գործունեության ավելի արագ վերականգնմանը:
Եթե դեմքի ծռվածության պատճառն ինսուլտն է, գլխուղեղի ուռուցքը կամ մեկ այլ հիվանդություն, ապա բուժումն ուղղվում է այս վիճակների, այլ ոչ թե բուն ծռվածության վերացմանը:
Եթե դեմքի ծռվածության պատճառով ձեր մի աչքը երկար ժամանակ կամ կայուն կերպով բաց է մնում, ապա բժիշկը կառաջարկի լրացուցիչ բուժումներ (աչքի խնամք, հազվադեպ՝ վիրահատություն): Նույն կերպ, դեմքի մկանների անկառավարելի շարժումները մեղմացնելու համար ձեզ կարող են առաջարկվել բոտոքս ներարկումներ, ֆիզիոթերապիա և այլ միջոցներ:
Դեմքի ծռվածության ինքնօգնությունը
Շատ կարևոր է, որ դեմքի ծռվածություն ունենալիս հոգ տանեք ձեր աչքերի առողջությունը պահպանելու համար և կանխարգելեք ձեր այս զգայարանի ախտահարումը: Դուք կարող եք դրսում կրել արևային ակնոցներ, սկլերայի չորացման դեմ օգտագործեք «արհեստական արցունքի» կաթիլներ: Առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին, եթե առաջացել է աչքի գրգռվածություն, ցավ կամ տեսողության հետ կապված խնդիրներ:
Դեմքի ծռվածությամբ մարդիկ կարող են ունենալ նաև հուզական խնդիրներ, ինչպես նաև տեսողության, լսողության, խոսքի, հեղուկներ և սնունդ ընդունելու հետ կապված խնդիրներ: Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ձեզ մոտ կան նման խնդիրներ և հետևեք նրա խորհուրդներին:
Ե՞րբ դիմել բժշկական օգնության
Դիմեք ձեր բժշկին, եթե զգում եք դեմքի թմրածություն կամ թուլություն:
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե դեմքի ծռվածության հետ միասին զարգանում է թվարկված նշաններից մեկնումեկը՝
- սաստիկ գլխացավ
- ցնցումներ
- կուրություն
- աջ, ձախ կամ երկու ձեռքերում թուլություն, թմրածություն կամ վեր բարձրացնելու անկարողություն
- խոսքի աղավաղում կամ այլ խնդիրներ
- կլման դժվարացում:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: