Գլխուղեղի ուռուցքը գլխուղեղի կամ նրա մոտ գտնվող բջիջների գերաճն է:
Գլխուղեղի ուռուցքները կարող են առաջանալ բուն ուղեղային հյուսվածքում՝ ուղեղանյութում: Դրանք նախ կարող են առաջանալ նաև ուղեղանյութի հարակից հյուսվածքներում՝ նյարդեր, գեղձեր, ինչպիսիք են մակուղեղը (հիպոֆիզ) և կոնաձև գեղձը (էպիֆիզ), և գլխուղեղի մակերեսը ծածկող թաղանթներ (ուղեղապատյաններ)։
Երբ գլխուղեղի ուռուցքները սկսվում են ուղեղանյութից, կոչվում են գլխուղեղի առաջնային ուռուցքներ: Երբեմն քաղցկեղը տարածվում է գլխուղեղի վրա մարմնի այլ շրջաններից: Դրանք գլխուղեղի երկրորդային ուռուցքներ են, որոնք նաև կոչվում են գլխուղեղի մետաստատիկ ուռուցքներ:
Գոյություն ունեն գլխուղեղի առաջնային ուռուցքների բազմաթիվ տարբեր տեսակներ: Գլխուղեղի որոշ ուռուցքներ քաղցկեղային չեն: Դրանք կոչվում են գլխուղեղի ոչ քաղցկեղային ուռուցքներ կամ բարորակ ուռուցքներ: Գլխուղեղի ոչ քաղցկեղային ուռուցքները ժամանակի ընթացքում կարող են աճել և ճնշել ուղեղանյութի վրա: Գլխուղեղի այլ ուռուցքներից է գլխուղեղի քաղցկեղը, որը նաև կոչվում է գլխուղեղի չարորակ ուռուցք: Գլխուղեղի քաղցկեղը կարող է արագ աճել։ Քաղցկեղի բջիջները կարող են ներաճել և ոչնչացնել ուղեղանյութը:
Գլխուղեղի ուռուցքների չափերը տատանվում են՝ սկսած շատ փոքրից մինչև շատ մեծ: Գլխուղեղի որոշ ուռուցքներ հայտնաբերվում են, երբ շատ փոքր են, քանի որ դրանք առաջացնում են ախտանիշներ, որոնք դուք անմիջապես նկատում եք: Գլխուղեղի այլ ուռուցքները նախքան հայտնաբերելը բավանականաչափ մեծանում են: Գլխուղեղի որոշ շրջաններ ավելի քիչ ակտիվ են, քան մյուսները: Եթե գլխուղեղի ուռուցքը սկսվում է մի շրջանում, որն ավելի քիչ ակտիվ է, այն կարող է վաղ ախտանիշներ չառաջացնել, և մինչև հայտնաբերվելը ուռուցքի չափը կարող է բավականին մեծանալ:
Գլխուղեղի ուռուցքի բուժման տարբերակները կախված են ձեր ուռուցքի տեսակից, ինչպես նաև դրա չափից և տեղակայումից: Ընդհանուր բուժումը ներառում է վիրահատություն և ճառագայթային թերապիա:
Գլխուղեղի ուռուցքների տեսակները
Գոյություն ունեն գլխուղեղի ուռուցքների բազմաթիվ տեսակներ: Գլխուղեղի ուռուցքի տեսակը հիմնված է ուռուցքը կազմող բջիջների տեսակի վրա: Ուռուցքային բջիջների հատուկ լաբորատոր թեստերը կարող են տեղեկատվություն տալ բջիջների մասին: Ձեր բժիշկներն օգտագործում են այս տեղեկատվությունը գլխուղեղի ուռուցքի տեսակը պարզելու համար:
Գլխուղեղի ուռուցքների որոշ տեսակներ սովորաբար քաղցկեղային չեն: Դրանք կոչվում են գլխուղեղի ոչ քաղցկեղային կամ բարորակ ուռուցքներ: Հակառակ դրան, գլխուղեղի ուռուցքների այլ տեսակներ սովորաբար քաղցկեղային են: Դրանք կոչվում են գլխուղեղի քաղցկեղ կամ գլխուղեղի չարորակ ուռուցքներ: Գլխուղեղի ուռուցքների որոշ տեսակներ կարող են լինել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ:
Գլխուղեղի բարորակ ուռուցքները հակված են լինելու դանդաղ աճող գլխուղեղի ուռուցքներ: Գլխուղեղի չարորակ ուռուցքները հակված են լինելու արագ աճող գլխուղեղի ուռուցքներ:
Գլխուղեղի ուռուցքների տեսակները ներառումն են հետևյալը:
- Գլիոմաներ և փոխկապված գլխուղեղի ուռուցքներ. գլիոմաները բջջային գերաճեր են, որոնք նման են գլիալ բջիջների: Գլիալ բջիջները շրջապատում և աջակցում են ուղեղանյութի նյարդային բջիջներին: Գլիոմաների և հարակից գլխուղեղի ուռուցքների տեսակներն են՝ աստրոցիտոմա, գլիոբլաստոմա, օլիգոդենդրոգլիոմա և էպենդիմոմա: Գլիոմաները կարող են լինել բարորակ, սակայն մեծ մասը չարորակ են: Գլիոբլաստոման գլխուղեղի չարորակ ուռուցքի ամենատարածված տեսակն է:
- Անոթային (խորիոիդ) հյուսակի ուռուցքներ. այս ուռուցքները սկսվում են բջիջներից, որոնք արտադրում են գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող հեղուկը, որը կոչվում է ողնուղեղային հեղուկ (լիքվոր): Անոթային հյուսակի ուռուցքները տեղակայված են գլխուղեղի հեղուկով լցված խոռոչներում, որոնք կոչվում են փորոքներ: Անոթային հյուսակի ուռուցքները կարող են լինել բարորակ կամ չարորակ: Անոթային հյուսակի կարցինոման գլխուղեղի ուռուցքի այս տեսակի չարորակ ձևն է: Այն ավելի տարածված է երեխաների մոտ:
- Սաղմնային (էմբրիոնալ) ուռուցքներ. սաղմնային ուռուցքները սկսվում են բջիջներում, որոնք մնացել են պտղի զարգացումից: Բջիջները, որոնք կոչվում են սաղմնային (էմբրիոնալ) բջիջներ, ծնվելուց հետո մնում են գլխուղեղում: Սաղմնային ուռուցքները գլխուղեղի չարորակ ուռուցքներ են, որոնք առավել հաճախ հանդիպում են նորածինների և փոքր երեխաների մոտ: Սաղմնային ուռուցքի ամենատարածված տեսակը մեդուլոբլաստոման է: Այն սովորաբար գտնվում է գլխուղեղի ստորին հետևի մասում, որը կոչվում է ուղեղիկ:
- Գոնոցիտային ուռուցքներ. գոնոցիտային ուռուցքները սկսվում են վերարտադրողական բջիջներից, որոնք կոչվում են գոնոցիտներ և վերածվում են սպերմատոզոիդների՝ տղամարդկանց մոտ և ձվաբջիջների՝ կանանց մոտ: Գոնոցիտները հիմնականում գտնվում են ամորձիների և ձվարանների մեջ: Սակայն դրանք երբեմն հայտնվում են օրգանիզմի այլ մասերում, այդ թվում՝ գլխուղեղում: Երբ գոնոցիտային ուռուցքները զարգանում են գլխուղեղում, դրանք հաճախ տեղակայված են կոնաձև գեղձի (էպիֆիզ) կամ մակուղեղի (հիպոֆիզի) մոտ: Գոնոցիտային ուռուցքները հիմնականում բարորակ են: Դրանք ավելի տարածված են երեխաների մոտ:
- Կոնաձև գեղձի (պինեալ) ուռուցքներ. պինեալ ուռուցքները սկսվում են գլխուղեղի կոնաձև գեղձից և շրջակայքից: Կոնաձև գեղձը (էպիֆիզ) գտնվում է գլխուղեղի կենտրոնում և արտադրում է մելատոնին կոչվող հորմոն, որն օգնում է քնելուն: Պինեալ ուռուցքները կարող են լինել բարորակ կամ չարորակ: Պինեոբլաստոման կոնաձև գեղձի ուռուցքի չարորակ տեսակ է, որն առավել տարածված է երեխաների մոտ:
- Մինինգիոմաներ. մենինգիոմաները գլխուղեղի ուռուցքներ են, որոնք սկսվում են գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող թաղանթներից՝ ուղեղապատյաններից: Մենինգիոմաները սովորաբար բարորակ են, սակայն երբեմն նաև կարող են լինել չարորակ: Մենինգիոմաները գլխուղեղի բարորակ ուռուցքի ամենատարածված տեսակն են:
- Նյարդային ուռուցքներ. նյարդային ուռուցքները գոյացություններ են, որոնք առաջանում են նյարդերի մեջ և դրանց շուրջը: Գլխուղեղում առաջացող ամենատարածված տեսակը լսողական նյարդի (ակուստիկ) նեյրոման է, որը նաև կոչվում է շվանոմա: Այս բարորակ ուռուցքն առաջանում է այն գլխավոր նյարդի վրա, որը ներքին ականջը կապում է գլխուղեղին:
- Մակուղեղի (հիպոֆիզի) կամ պիտուիտար ուռուցքներ. գլխուղեղի ուռուցքները կարող են սկսվել մակուղեղ կամ հիպոֆիզ կոչվող գեղձի մեջ և դրա շրջակայքում: Այս փոքրիկ գեղձը գտնվում է գլխուղեղի հիմքում։ Ուռուցքների մեծ մասը, որոնք առաջանում են հիպոֆիզի մեջ և դրա շուրջը, բարորակ են: Հիպոֆիզային կամ պիտուիտար ուռուցքներն առաջանում են հենց հիպոֆիզի մեջ: Կրանիոֆարինգիոման գլխուղեղի ուռուցքի տեսակ է, որն առաջանում է հիպոֆիզի մոտ:
- Գլխուղեղի այլ ուռուցքներ. գլխուղեղում և դրա շրջակայքում կարող են առաջանալ հազվադեպ հանդիպող ուռուցքների բազմաթիվ այլ տեսակներ կարող: Օրինակ, ուռուցքները կարող են սկսվել գլխուղեղի շուրջ գտնվող մկաններից, արյունատար անոթներից և շարակցական հյուսվածքից: Կամ դրանք կարող են ձևավորվել գանգի ոսկորներում: Գլխուղեղի չարորակ ուռուցքներ կարող են սկսվել մանրէների դեմ պայքարող իմունային համակարգի բջիջներից, որը կոչվում կենտրոնական նյարդային համակարգի առաջնային լիմֆոմա:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024