Առողջական խնդիրներ

Բելի կամ դիմային կաթված (պարալիզ)

Բելի կամ դիմային կաթված (պարալիզ)

Time Read 3 րոպե

Բելի կամ դիմային կաթվածը դեմքի մի կեսի մկանների հանկարծակի թուլացումն է կամ կաթվածը:​

Այն զարգանում է դիմային նյարդի բորբոքման կամ ախտահարման պատճառով: Դեմքի ծռվածությունը սովորաբար ժամանակավոր բնույթ ունի և մարդկանց մեծ մասի մոտ լիարժեք վերականգնվում է:

Ի՞նչ է Բելի կաթվածը

Բելի կաթվածը սովորաբար դեմքի մի կեսի վրա տարածվող դիմային մկանների թուլությունն է կամ կաթվածը:

Ըստ ընդունված տեսության հիվանդությունը գլխավորապես պատճառվում է վիրուսային վարակով, երբ վարակը բորբոքում կամ ճնշում է ձեր դիմային մկանները կառավարող մկանների նյարդը (դիմային կամ 7-րդ գանգուղեղային նյարդ): Դիմային նյարդը կագավորում է տարբեր գործառույթներ` աչքերի թարթում և փակում, դիմախաղ, արցունքահոսություն, թքարտադրություն, հոնքերի վեր բարձրացում, լեզվի առաջային 2/3-ի համի զգացողություն։ Դիմային նյարդը տիմպանիկ նյարդի միջոցով նյարդավորում է նաև միջին ականջի ասպանդակային մկանը

Հիվանդությունը կարող է ստանալ թույլ, չափավար կամ ծանր ընթացք:

Մարդկանց մեծ մասն առանց որևէ բուժման վերականգնվում է 3-9 ամսվա ընթացքում:

Բելի կաթվածի նշաններն ու ախտանիշները

Գլխավոր ախտանիշը դեմքի մի կեսի թուլությունն է (պարեզ) կամ կաթվածը (պարալիզ)՝ դեմքի մի կողմն ամբողջովին շարժելու ունակության կորուստը, որը սովորաբար առավել արտահայտված է լինում հիվանդության 2-3-րդ օրերին: Բելի կաթվածի այլ նշաններից են՝

  • մի աչքի կոպի անկում կամ այդ աչքը փակելու դժվարություն
  • ծիծաղելու կամ դիմախաղ արտահայտելու անկարողություն կամ դժվարություն
  • հեղուկներ կամ սնունդ ընդունելու հետ կապված դժվարություններ
  • բերանի մի կեսի անկում
  • բերանի «կախված» անկյունից թքահոսություն
  • դեմքի ախտահարված շրջանում ցավ կամ մաշկի գերզգայունություն (օրինակ՝ դեմքի կամ ականջի շուրջ ցավ)
  • գլխացավ
  • համի զգացողության փոփոխություններ
  • արցունքի կամ թքի քանակի փոփոխություններ:

Եթե ձեզ մոտ զարգացել են այս ախտանիշները, կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ դիմեք մոտակա հիվանդանոց:

Բելի կաթվածի ախտորոշումը

Բելի կաթվածն ախտորոշելու համար որևէ հատուկ հետազոտություն գոյություն չունի, սակայն կարևոր է, որպեսզի ժխտվեն դիմային կաթվածով ընթացող ավելի ծանր հիվանդությունները, օրինակ՝ ինսուլտ կամ գլխուղեղի ուռուցքներ:

Այս և այլ հիվանդությունների հավանական առկայությունը ժխտելու համար բժիշկը կարող է ձեզ ուղեգրել այլ մասնագետների խորհրդատվության կամ նշանակել պատկերման հետազոտություններ, օրինակ՝ ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա (CT):

Բելի կաթվածի բուժումը

Բելի կաթվածով 4 հիվանդից 3-ը բուժմամբ կամ առանց դրա լիարժեք վերականգնվում են: Սակայն բժիշկը կարող է նշանակել ստերոիդ հաբեր կամ հիվանդության առաջին օրերին՝ հակավիրուսային դեղեր, որոնք բարելավում են լիարժեք վերականգնման հավանականությունը:

Բժիշկը նաև կարող է նշանակել աչքի կաթիլներ կամ քսուքներ՝ ուղղված ախտահարված կողմի աչքի բորբոքման կանխարգելմանը կամ բուժմանը: Եթե դիմային մկանների վերականգնումը դանդաղում է, ձեզ կարող է նշանակվել նաև ֆիզիոթերապիա կամ դեմքի բուժական մերսում:

Բելի կաթվածից վերականգնումը

Դուք կարող եք նպաստել աչքի ախտահարման կանխարգելմանը՝

  • կանոնավոր կերպով օգտագործելով ձեզ նշանակված աչքի կաթիլները կամ քսուքները
  • դրսում կրելով արևային ակնոցներ
  • կրելով աչքը փակող միջոցներ:

Դիմային ցավերի դեպքում կարող եք օգտագործել բժշկի խորհուրդ տված ցավամոքիչ դեղեից մեկնումեկը և դեմքի ախտահարված շրջանին օրական մի քանի անգամ դնելով տաք թրջոցներ:

Մարդկանց մեծ մասի մոտ հիվանդության ախտանիշները սկսում են բարելավվել երկու շաբաթվա ընթացքում, իսկ լրիվ վերականգնումը կարող է տևել 3-9 ամիս: Հազվադեպ վերականգնումը կարող է ընթանալ ոչ լիարժեք և որպես հետևանք մնալ ախտահարված շրջանի կայուն թուլության կամ կաթված:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով