Սննդածին հիվանդություններ. առաջին օգնություն
16-06-2020
3 րոպե

Բնականում բոլոր սննդամթերքներն էլ պարունակում են բակտերիաների քիչ քանակներ:
Սակայն, եթե սննդամթերքը պատշաճ կերպով չի պահպանվում կամ պատրաստվում, ապա այդ բակտերիաները կարող են ակտիվ կերպով բազմանալ՝ հասնելով մեծ քանակության և առաջացնելով հիվանդություն: Մակաբույծները, վիրուսները, թույները կամ քիմիական նյութերը նույնպես կարող են սնունդը դարձնել օգտագործման համար ոչ պիտանի, իսկ նման սննդի ընդունումն իր հերթին բերել տարբեր առողջական խնդիրների:
Ախտանիշներ
Սննդային թունավորման գանգատները և նշանները կարող են տարբերվել՝ կախված ախտոտվածության աղբյուրից, ինչպես նաև ձեր առողջական վիճակից (օրինակ՝ ջրազրկում, ցածր արյան ճնշում և այլն): Հիմնական ախտանիշներից են՝
- փորլուծություն, որը կարող է լինել նաև արյունային
- սրտխառնոց
- որովայնային ցավեր կամ կծկանքներ
- փսխում
- ջրազրկում
- երբեմն՝ ջերմության քիչ բարձրացում:
Իմացե՛ք ավելին սննդային թունավորման ախտանիշների, բուժման և կանխարգելման մասին:
Զգալի ջրազրկման ժամանակ կարող են զարգանալ՝
- գլխապտույտ կամ ուշաթափության զգացում, հատկապես՝ ոտքի կանգնելիս
- թուլություն
- մեզի մգացում
- միզարձակության քչացում (հազվադեպացում)
- բերանի չորություն և սաստիկ ծարավի զգացում:
Իմացե՛ք ավելին ջրազրկման պատճառների, ախտանիշների, բուժման և կանխարգելման մասին:
Ռիսկի խմբեր
Այն, թե վարակված կամ ախտոտված սննդից արդյոք ձեզ մոտ կզարգանա՞ հիվանդություն կամ առողջական խնդիր, կախված է ախտածին ազդեցության ուժից (քանակից), ձեր տարիքից և ընդհանուր առողջական վիճակից: Այս առումով բարձր ռիսկի խմբերին են պատկանում՝
- մեծ տարիքով չափահասներ. տարիքի հետ ձեր իմունային համակարգը կարող է օրգանիզմ մուտք գործած հարուցիչների (վարակների) դեմ չդրսևորել բավարար արագ և արդյունավետ պատասխան
- նորածիններ և մանկահասակ երեխաներ, ում իմունային համակարգը դեռևս բավարար զարգացած չէ
- քրոնիկ հիվանդությամբ անձինք. քրոնիկ առողջական խնդիրները (օրինակ՝ դիաբետ կամ ՁԻԱՀ), ինչպես նաև քաղցկեղի դեմ քիմիոթերապիան կամ ռադիոթերապիան (ճառագայթային բուժում) թուլացնում են ձեր իմունային պատասխանը
- հղի կանայք. հղիությունը փոփոխում է ձեր իմունային համակարգը՝ դժվարացնելով վարակների դեմ պայքարը, որոնք կարող են վատ անդրադառնալ կնոջ նորմալ հղիության ընթացքի, ինչպես նաև նրա ապագա երեխայի նորմալ զարգացման վրա:
Ի՞նչ քայլերի դիմել սննդային թունավորում կասկածելիս
- Փոքր կումերով խմեք հեղուկներ, օրինակ՝ ջուր, որպեսզի կանխարգելեք ջրազրկումը: Հեղուկների շատ արագ ընդունումը կարող է ուժգնացնել սրտխառնոցը և փսխումը, ուստի փորձեք ջուրը և այլ ոչ գազավորված հեղուկները խմել փոքր կումերով, այլ ոչ թե միանգամից մեծ քանակներով:
- Ուշադրություն դարձրեք ձեր միզարձակությանը. դուք պետք է միզեք կանոնավոր հաճախականությամբ, իսկ մեզը պետք է լինի բաց հարդագույն ու թափանցիկ: Միզարձակության հազվադեպացումը և մեզի քանակի քչացումը, ինչպես նաև մեզի մգացումը կարող են վկայել ջրազրկման մասին: Գլխապտույտը և աչքերի դեմը սևանալը նույնպես ջրազրկման նշաններից են: Եթե այս ախտանիշներից մեկնումեկն առկա է և դուք ի վիճակի չեք խմելու ձևով բավարար քանակով հեղուկներ ընդունել, դիմեք ձեր բժշկին:
- Խուսափեք փորլուծության դեմ դեղերից. նման դեղերը դանդաղեցնում են օրգանիզմից թույների հեռացումը: Եթե չեք կողմնորոշվում, ձեր վիճակի մասին տեղեկացրեք բժշկին և խորհուրդ հարցրեք որևէ դեղամիջոց ընդունելու վերաբերյալ:
Նորածիններին կամ մանկահասակ երեխաներին որևէ հակալուծային դեղամիջոց խորհուրդ չի տրվում, քանի որ հնարավոր են լուրջ կողմնակի ազդեցություններ:
Սննդածին առողջական խնդիրները հաճախ մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն բարելավվում են:
Ե՞րբ դիմել բժշկին
Առանց ձգձգելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե՝
- ձեր փսխումը շարունակվում է ավելի քան 2 օր
- ձեր փորլուծությունը շարունակվում է ավելի քան մի քանի օր
- ձեր փորլուծությունը դարձել է արյունային, սև կամ ձութանման
- դուք ջերմում եք (38.3 C և ավելի բարձր)
- ձեզ մոտ կանգնելիս ի հայտ է գալիս աչքերի դեմը սևանալու կամ ուշաթափության զգացումներ
- ձեզ մոտ զարգացել է շշմածություն և գիտակցության շփոթ
- ձեզ մոտ զարգացել է անհանգստացող որովայնային ցավեր:
Ե՞րբ դիմել անհետաձգելի բուժօգնության
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե՝
- դուք ունեք սուր կամ ծանր ախտանիշներ, օրինակ՝ սուր որովայնային ցավեր կամ 24 ժամվա ընթացքում արյունայինի վերածվող ջրային փորլուծություն
- դուք պատկանում եք բարձր ռիսկի խմբերից մեկնումեկին
- դուք կասկածում եք, որ թունավորվել եք բոտուլիզմով, որն ունի մահվան ելքով ավարտվելու հավանականություն (օրինակ` տնային պայմաններում պահածոյացված մթերքներ ընդունելուց 12-36 ժամ անց զարգացող գլխացավ, տեսողության խանգարումներ, մկանային թուլություն, որը բերում է կաթվածի, որոշ դեպքերում՝ նաև սրտխառնոց և փսխում, փորկալություն, միզակապություն, դժվարաշնչություն և բերանի խոռոչի չորություն):
Հոդվածը վերանայվել է՝ 17-04-2021