Ջրազրկումն առաջանում է, երբ դուք օգտագործում կամ կորցնում եք ավելի շատ հեղուկ, քան ընդունում եք, և ձեր օրգանիզմը չունի բավարար ջուր և այլ հեղուկներ՝ իր բնականոն գործառույթներն իրականացնելու համար:
Եթե չեք փոխարինում կորցրած հեղուկները, ապա ջրազրկվում եք: Պետք է նկատի ունենալ, որ ջրազրկման ժամանակ ջրից բացի ձեր օրգանիզմը նաև կորցնում է տարբեր աղեր (միներալներ)։ Ուստի, ծանր ջրազրկումը բերում է ոչ միայն ջրի, այլև՝ էլեկտրոլիտների պակասի:
Ցանկացած մարդ կարող է ջրազրկվել, սակայն այդ վիճակը հատկապես վտանգավոր է մանկահասակ երեխաների և մեծ տարիքով չափահասների համար:
Մանկահասակ երեխաների ջրազրկման ամենատարածված պատճառը ծանր փորլուծությունն ու փսխումն է: Տարեցները, բնականաբար, իրենց մարմնում ավելի քիչ ջրի ծավալ ունեն և կարող են ունենալ այնպիսի առողջական խնդիրներ կամ դեղեր ընդունել, որոնք մեծացնեն ջրազրկման վտանգը: Սա նշանակում է, որ նույնիսկ թեթև հիվանդությունները, ինչպիսիք են թոքերի կամ միզապարկի վրա ազդող վարակները, կարող են հանգեցնել տարեցների ջրազրկման:
Ջրազրկում նաև կարող է զարգանալ ցանկացած տարիքային խմբում, եթե շոգ եղանակին բավականաչափ ջուր չխմեք, հատկապես, եթե ակտիվորեն մարզվում եք:
Դուք սովորաբար կարող եք վերացնել թեթև և չափավոր ջրազրկումը` ավելի շատ հեղուկներ խմելով, սակայն ծանր ջրազրկումը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
Իմացե՛ք ավելին ջրի օրական պահանջարկի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 12-05-2024