Հեղուկներիի պահպանումը դրսևորվում է մարմնի մեկ կամ մի քանի շրջաններում կենսահեղուկների կուտակմամբ և այտուցի առաջացմամբ:
Եթե ձեզ մոտ զարգացել են հեղուկի պահպանման ախտանիշներ, դիմեք ձեր բժշկին, որ պարզվի նման վիճակի բուն պատճառը: Կան այս խնդրի մեղմացմանն ուղղված ինքնօգնության մեթոդներ:
Ի՞նչ է հեղուկի պահպանումը
Մարմնում հեղուկի պահպանումը կոչվում է նաև այտուց (oedema կամ edema): Այն ի հայտ է գալիս, երբ մարմնի որևէ շրջանում զարգանում է արյան և ավշային շրջանառությունից դուրս եկած հեղուկի կուտակում հարակից փուխր հյուսվածքներում:
Օրգանիզմում հեղուկի պահպանումը և այտուցը կարող են դրսևորվել հետևյալ նշաններով՝
- մաշկի տակ այտուցվածություն կամ փքում
- այտուցված շրջանին մի քանի վայրկյան սեղմելիս մաշկն ուշացմամբ է վերադառնում է իր նախկին վիճակին («թորշոմած» այտուց)
- մաշկը լարված է և փայլուն, և հարթվել են առկա կնճիռները կամ ծալքերը
- մաշկի գունափոխում
- վերջույթներում կամ հոդերում տեղակայված նքացող ցավեր
- մարմնի քաշի ավելացում
- որովայնի չափսի տեսանելի մեծացում, եթե հեղուկը կուտակվել է որովայնում (ասցիտ):
Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել այս նշաններից մեկնումեկը, ապա առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին:
Անհապաղ դիմեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, եթե շնչարգելություն, հևոց և (կամ) կրծոսկրի կամ սրտի շրջանի ցավեր: Այս նշանները կարող են վկայել թոքի այտուցի առկայության մասին (թոքերում հեղուկի պահպանում և կուտակում), որը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
Օրգանիզմում հեղուկի պահպանումը և այտուցը սովորաբար հանդես են գալիս որպես մեկ այլ հիվանդության ախտանիշներից մեկը: Սակայն այտուցն ինքնին կարող է առաջացնել ցավ, մաշկի վնասում և քայլելու հետ կապված դժվարություններ:
Հեղուկի պահպանման պատճառները
Որոշ մարդկանց օրգանիզմում հեղուկը կարող է պահպանվել տարբեր հիվանդությունների պատճառով, այդ թվում՝
- սրտային հիվանդություններ, օրինակ՝ սրտային անբավարարություն կամ կարդիոմիոպաթիա
- քրոնիկ թոքային հիվանդություններ
- վահանաձև գեղձի հետ կապված առողջական խնդիրներ, օրինակ՝ հիպոթիրեոզ
- թերսնուցում
- երիկամային անբավարարություն
- լյարդի ցիռոզ:
Հեղուկն օրգանիզմում կարող է պահպանվել նաև որոշ դեղերի ազդեցությամբ, օրինակ՝
- որոշ հակադեպրեսանտներ
- սրտի և արյան ճնշման որոշ դեղեր
- կորտիկոստերոիդներ
- համակցված հակաբեղմնավորիչ օրալ հաբեր
- ոչ ստերոիդ հակաբորբորքային դեղեր (ՈՍՀԲԴ)
- որոշ հորմոնային փոխարինող բուժումներ:
Եթե ձեր ձեռքի կամ ոտքի մի շրջանում հեղուկի կուտակումը տարածվում է դեպի վերև, ձեզ մոտ կարող է լինել՝
- ավշային համակարգի հետ կապված խնդիրներ, որի պատճառով հեղուկը հյուսվածքների չի դատարկվում և սկսում է կուտակվել
- երակային խնդիրներ, օրինակ՝ խորանիստ երակների թրոմբոզ
- ճարպի կուտակում, սովորաբար ոտքերում
- այրվածք կամ այլ տեսակի վնասվածք:
Հեղուկը կարող է պահպանվել նաև հղիների, ավելորդ քաշ ունեցող կամ սննդանյութերի պակասով մարդկանց մոտ:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում այտուցների զարգացման մասին:
Հեղուկի պահպանման և այտուցների բուժումը
Բուժումը կախված է պատճառից, ուստի առաջին քայլը ձեր բժշկին այցելելն է:
Բազմաթիվ մարդիկ կարող են նշել, որ հեղուկի պահպանման հետ կապված խնդիրը մեղմացել է ավելի շատ ֆիզիկապես ակտիվ լինելու, սնունդն առողջացնելու, ինչպես նաև ալկոհոլի և կերակրի աղի օգտագործումը սահմանափակելու շնորհիվ:
Որոշ մարդկանց բժիշկը կարող է նշանակել միզամուղներ, որոնք խթանում են միզարտադրությունը և օգնում օրգանիզմից մեզի միջոցով ավելցուկային հեղուկի հեռացմանը: Այլ դեպքերում բժիշկը կարող է վերանայել իր իսկ կողմից նշանակած բուժումը:
Եթե հեղուկը կուտակվում է ձեր մարմնի միայն մի շրջանում, օրինակ՝ ոտնաթաթերում, ապա դուք կարող եք որոշակիորեն օգնել ինձներդ ձեզ հետևյալ մեթոդներով՝
- կրեք սեղմող գուլպաներ
- մերսեք այտուցված վերջույթները՝ դեպի սիրտ ուղղությամբ
- բարձրացրեք այտուցված վերջույթներն այնպես, որ դրանք լինեն ձեր սրտից ավելի բարձր մակարդակի վրա
- կատարեք ձեր բժշկի հրահանգները և խորհուրդները:
Զրուցեք ձեր բժշկի հետ օգտագործվող կերակրի աղի քանակների թեմայով, քանի որ աղի ավելցուկն ինքնին կարող է նպաստել օրգանիզմում հեղուկի պահպանմանը:
Իմացե՛ք ավելին սննդակարգում կերակրի աղի սահմանափակման օգուտների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-06-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024