Skip to main content

Այտուցներ - Հղիություն

Բազմաթիվ կանանց մոտ հղիության ընթացքում առաջանում են ոտնաթաթերի և կոճերի այտուցներ:

Ընդհանուր առմամբ հղիության ժամանակ նման այտուցների զարգացումը բնական է, թեև կարող է առաջացնել անհարմարավետություն, դժվարացնել կոշիկ հագնելը և գուցե նաև անհանգստության տեղեք տա: Նման իրավիճակներում ինքներդ ձեր օգնելու և ստեղծված անհարմարավետությունն ավելի հեշտ հաղթահարելու համար նախ պետք է իմանաք, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել և ինչպես մեղմացնել առկա գանգատները:

Ինչո՞ւ են հղիության ժամանակ կանանց մոտ առաջանում այտուցներ

Հղիության ընթացքում կանանց մոտ այտուցների առաջացումը կարող է բացատրվել հետևյալ երեք պատճառով՝

  • հղիության ժամանակ դուք արտադրում եք սովորականից ավելի շատ արյուն, որն օգնում է ձեր չծնված երեխայի աճին
  • իր մեջ աճող երեխա պահող արգանդը սեղում և քիչ արգելափակում է այն երակները, որոնցով արյունը ոտքերից վերադառնում է դեպի սիրտ
  • ձեր հորմոնները երակների պատը դարձնում են ավելի թույլ, որը դժվարացնում է դրանց նորմալ աշխատանքը:

Նշված պատճառներով արյունը հակված է կուտակվելու ձեր ոտքերում: Զարգանում է այսպես կոչված երակային կանգ, որի պայմաններում արյան հեղուկ մասը դուրս է գալիս հարակից փափուկ հյուսվածքներ՝ առաջացնելով ոտնաթաթերի այտուց:

Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում ոտքի երակների վարիկոզ փոփոխությունների մասին:

Որտե՞ղ և ե՞րբ են առաջանում այտուցները

Ավելի հաճախ այտուցներ կարող են առաջանալ միայն ձեր ոտնաթաթերի և կոճերի (սրունքը ոտնաթաթին միացող) շրջանում: Ձեր ձեռքի մատները նույնպես կարող են դառնալ քիչ այտուցված և դուք կարող եք զգալ, որ ձեր մատանին դարձել է նեղ և մատները սեղմող ու անհարմարություն պատճառող:

Դուք նաև կարող եք նկատել, որ օրվա ընթացում ոտքերի այտուցները դառնում են ավելի ցայտուն: Սրա պատճառը ծանրության ուժն է, որի ազդեցությամբ ավելորդ հեղուկը իջնում է ներքև՝ դեպի ոտնաթաթեր, հատկապես, եթե դուք ցերեկային ժամերին ոտքի վրա երկար ժամանակ եք անցկացրել:

Ավելի հավանական է, որ ոտքերի այտուցներն առաջանան կամ ավելի տեսանելի դառնան և անհարմարություն ստեղծեն ուշ հղիության ընթացքում:

Ոտնաթաթերի և կոճերի աստիճանաբար զարգացող այտուցները ձեր չծնված երեխայի համար վտանգավոր չեն, սակայն կարող են ձեզ մոտ ստեղծել անհարմարավետություն և որոշ գանգատներ:

Իմացե՛ք ավելին օրգանիզմում հեղուկների պահպանման մասին:

Ինչպե՞ս կարող եմ նվազեցնել այտուցները

Կան մի շարք հասարակ մեթոդներ, որոնց օգնությամբ կարող եք ավելի հեշտությամբ հաղթահարել այտուցների հետ կապված անհարմարավետությունը կամ նվազեցնել դրանց առաջացման հավանականությունը:

Փորձեք՝

  • խուսափել երկար ժամանակ անշարժ կանգնած մնալուց
  • հագնել հարմարվետ կոշիկներ և խուսափել բարձրակրունկ կամ ոտնաթաթը սեղմող կոշիկներից
  • նստած կամ պառկած վիճակում ոտքերին բարձր դիրք տալ
  • սահմանափակել աղի սննդամթերքների կամ սեղանի աղի օգտագործումը
  • պառկել և քնել ձեր ձախ կողքի վրա, որը կարող է օգնել դեպի սիրտ արյան հետհոսքին
  • լինել ֆիզիկապես ակտիվ, քանի որ քայլքը կամ լողը օգնում են արյան շրջանառությանը:

Եթե ստիպված եք ոտքի վրա երկար մնալ, փորձեք քայլել մոտակայքում և հաճախակի փոփոխել կանգնած դիրքը:

Սեղմող զուգագուլպաները կարող են օգնել երակային արյան հետհոսքին և նվազեցնել այտուցի դրսևորումը: Մերսումը և ռեֆլեքսաբուժումը նույնպես կարող են օգնել այտուցների և դրանց հետ կապված գանգատների մեղմացմանը:

Նույնիսկ եթե ոտնաթաթերի այտուցվածությունը ձեզ անհանգստացնում է, հիշեք, որ դուք ունեք առատ ջուր ընդունելու կարիք: Ջրի բավարար քնակները կարևոր են, որ կանխեք ջրազրկումը և մնաք առողջ և առույգ:

Նորմա՞լ, թե՞ ոչ նորմալ են իմ այտուցները

Հղի կանանց մեծ մասի ոտնաթաթերը և կոճերն այտուցվում են, և սա լրիվ նորմալ է: Սակայն, կան դեպքեր, երբ այտուցվածությունը վկայում է ավելի լուրջ խնդրի առկայության մասին:

Անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի կամ մանկաբարձ-գինեկոլոգի հետ, եթե՝

  • այտուցներն առկա են օրվա սկզբին և հանգստանալիս չեն մեղմանում կամ անհետանում
  • ձեր դեմքը կամ ձեռքերը նույնպես այտուցվել են
  • այտուցներն ավելի արտահայտված են, քան նախորդ հղիությունների ժամանակ:

Թվարկվածները պրեէկլամպսիայի նշաններից են, որը հղիությամբ պատճառված բարձր արյան ճնշումն է (հիպերտենզիա): Սա շատ լուրջ հիվանդություն է ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար, ուստի առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին: Մի սպասեք մինչև ձեր հերթական այցը:

Իմացե՛ք ավելին պրեէկլամպսիայի մասին:

Եթե ոտքերից մեկն ավելի այտուցված է, քան մյուսը, սա կարող է վկայել ձեզ մոտ լուրջ երակային որևէ խնդրի առկայության մասին, ինչպիսին է խորանիստ երակի թրոմբոզը: Կրկին, նման իրավիճակում հնարավորինս շուտ կապ հաստատեք ձեր բժշկի հետ:

Ինչպես նշվեց, հղիության ընթացքում այտուցների առկայությունը սովորական երևույթ է, որը ծննդաբերությունից հետո ինքնուրույն անհետանում է: Սակայն, բոլոր այն դեպքերում, երբ այտուցների հետ կապված ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ, խոսեք ձեր բժշկի հետ և տեղեկացրեք ձեր անհանգստությունների մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024