Ֆոլատը կարևոր սննդանյութ է, որը մասնակցում է նորմալ արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) արտադրությանը և բջիջների ու նյարդային հյուսվածքի վերականգնմանը։
Վիտամին B12-ի հետ միասին ֆոլատի թեստը նշանակվում է, որ ստուգվի արյան մեջ այս երկու վիտամինների մակարդակները։
Ի՞նչն են հետազոտում
Ֆոլատը սննդանյութ է, որը խիստ նման է ֆոլաթթվին։ Վերջինս հայտնի է նաև որպես վիտամին B9:
Ֆոլատը սովորաբար հայտնաբերվում է կանաչատերև բանջարեղեններում, մրգերում, չոր լոբիում և ոլոռում, ինչպես նաև ձավարեղենի տարբեր տեսակներում։ Այս սննդանյութը կարևոր է նորմալ աճի համար, հատկապես երեխաների զարգացման գործընթացում, ուստի ֆոլատն ավելացվում է հացին, ալյուրին և ձավարեղենին։
Ֆոլատի թեստով չափվում է այս սննդանյութի մակարդակը ձեր արյան մեջ (արյան շիճուկի ֆոլատ) կամ արյան կարմիր բջիջներում (էրիթրոցիտների ֆոլատ)։
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Կան տարբեր պատճառներ, որոնք ֆոլատի թեստը դարձնում են կարևոր։ Օրինակներից են՝
- ֆոլատի ցածր մակարդակները կարող են հանգեցնել արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) ոչ նորմալ հասունացման կամ ոչ բավարար քանակով առաջացման (անեմիա)
- թեստը կարող է նշանակվել ձեր նյարդերի ախտահարման հետազոտման մեջ
- որոշ հիվանդություններ, ինչպիսիք են Կրոնի հիվանդությունը կամ ցիստիկ ֆիբրոզը (մուկովիսցեդոզ), կարող են խոչընդոտել աղիներից ֆոլատի ներծծումը
- գիտակցության խանգարման, օրինակ՝ խառնաշփոթ վիճակի կամ ապակողմնորոշման պատճառներից մեկը կարող է լինել ֆոլատի պակասը
- ֆոլատը կենսական նշանակություն ունի պտղի գլխուղեղի և ողնուղեղի նորմալ զարգացման մեջ, ուստի բազմաթիվ կանայք անցնում են այս թեստը մինչև հղիանալը։
Ձեր բժիշկը նաև կարող է նշանակել ֆոլատի թեստ՝ հսկելու ֆոլատի կամ վիտամին B12-ի ցածր մակարդակների բուժումը։
Ինչպե՞ս նախապատրաստվել այս թեստին
Դուք պետք է լաբորատորիա այցելեք սննդի վերջին ընդունումից առնվազն 6-8 ժամ հետո։
Արդյունքների մեկնաբանումը
Կան արյան շիճուկում ֆոլատի ցածր մակարդակի տարբեր հնարավոր պատճառներ, օրինակ՝
- ձեր սովորական սննդակարգում քիչ են կամ բացակայում են ֆոլատի բավարար քանակներ պարունակող մթերքները
- խանգարված է ձեր աղիներից ֆոլատի ներծծումը
- դուք կորցնում եք ձեր օրգանիզմի ֆոլատը որոշ դեղերի, լյարդային կամ երիկամային հիվանդության պատճառով
- դուք սովորականից ավելի շատ ֆոլատի կարիք ունեք, օրինակ, երբ հղի եք։
Սա նշանակում է, որ դուք պետք է ձեր թեստի արդյունքները քննարկեք ձեր բժշկի հետ։
Լրացուցիչ տեղեկատվություն
Ֆոլատի թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք ֆոլատի և անեմիայի մյուս թեստերի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան թեստի մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024