Skip to main content

Սննդային հակումներ - Հղիություն

Սննդային հակումները որևէ տեսակի սննդամթերք ուտելու նկատմամբ հանկարծակի ի հայտ եկող անդիմադրելի ցանկություններն են:

Սա կարող է դիտվել բազմաթիվ կանանց մոտ նրանց հղիության ընթացքում:

Երբեմն հակումներն առաջանում են տարածված մթերքների նկատմամբ, ինչպիսիք են շոկոլադային թխվածքը կամ խնձորը, իսկ երբեմն էլ առաջանում է անհագուրդ ցանկություն՝ փորձելու մթերքների անսովոր զուգակցումներ կամ այնպիսի մի մթերք, որը սովորական՝ ոչ հղի ժամանակ կինը չի սիրել:

Տարածված սննդային հակումները վերաբերվում են պաղպաղակին, շոկոլադին և այլ քաղցրահամ մթերքներին, ձկանը, կաթնամթերքին և մրգերին:

Ինչո՞ւ է հակումը զարգանում

Դեռևս բաց է այն հարցը, թե ինչու են սննդամթերքի նկատմամբ հակումներ առաջանում: Տրամաբանական է թվում, որ հակումները կարող են ի հայտ գալ սննդակարգում ինչ-որ բանի պակասի կամ որոշ վիտամինների և միներալների նկատմամբ բարձրացած պահանջարկի պատճառով: Այնուամենայնիվ, որևէ ապացուցված տվյալ չկա, որը որևէ կապ կնկարագրեր հակումների և սննդանյութերի պակասի միջև:

Ի լրումն սննդային հակումների, բազմաթիվ հղի կանանց մոտ կարող է առաջանալ նաև որոշ սուր համ ունեցող սննդամթերքների նկատմամբ սրտխառնոցը կամ զզվանքը:

Սննդային հակումները և հանկարծակի սրտխառնոցները կարող են որոշակի կապ ունենալ հղիության հորմոնների հետ, որոնք կարող են փոփոխել համի և հոտի զգացողությունները կամ ընկալումները:

Ի՞նչ անել հակումների դեմ

Եթե ձեզ մոտ հազվադեպ առաջանում է սննդային հակում, կարելի է շատ չանհանգստանալ և համարել նորմալ երևույթ, քանի դեռ շարունակում եք օգտվել առողջ սննդամթերքների օգտակար տարբերակներից:

Սակայն, եթե հակումներն առաջանում են բազմաթիվ ոչ առողջ սննդամթերքների նկատմամբ, օրինակ՝ քաղցրավենիքներ կամ շոկոլադ, փորձեք շատ չտրվել այսպիսի ցանկություններին: Հիշեք, որ շաքարի մեծ քանակությունը կարող է առաջացնել քաշի ավելացում և ատամների հետ կապված խնդիրներ:

Ձեր բժիշկը կարող է օգտակար տեղեկատվություն տալ այն մասին, թե ինչպես հղիության ընթացքում ձեր քաշը պահել առողջ ավելացման միջակայքում:

Անառողջ հակումները կառավարելու որոշ հմտություններ

  • Սնվեք կանոնավոր և ճաշացանկը դարձրեք առողջ, որ օգնեք քաղցի զգացման հանկարծակի առաջացման դրվագների հաղթահարմանը:
  • Մշտապես ունեցեք պատրաստի առողջ նախաուտեստներ, որոնցից կարող եք օգտվել հիմնական ճաշերի միջև ընկած ժամանակահատվածում:
  • Մի՛ այցելեք մթերային խանութներ կամ մի կատարեք սննդամթերքների գնումներ քաղցած վիճակում:
  • Ընտրեք ավելի առողջ, ցածր գլիկեմիկ գործակից ունեցող մթերքներ, որոնք կարող են ձեզ երկար ժամանակ հագեցած վիճակում պահել, օրինակ՝ չքաղցրացված վարսակի փաթիլներ (շիլա), չթեփազերծված հացահատիկային մթերքներ, տապակած լոբի կամ թարմ մրգեր:
  • Բավարար ժամանակ հատկացրեք քնին: Հետազոտությունները վկայում են, որ քնից զրկված մարդիկ ավելի հաճախ հակում են դրսևորում անառողջ, քան առողջ սննդամթերքների նկատմամբ:

Մթերքներ, որոնցից պետք է խուսափել

Կան բազմաթիվ սննդամթերքներ, որոնցից պետք է խուսափել կամ հրաժարվել, եթե հղի եք: Օրինակներից են՝ փափուկ պանիրներ, սուշի, հում ձու, թերեփված միս: Այս սննդատեսակները կարող են պարունակել վնասակար բակտերիաներ, այդ թվում՝ սալմոնելա և աղիքային ցուպիկ (E. coli) կամ բերել հղիությանը կամ ապագա երեխայի առողջությանը վտանգող այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են լիստերիոզը կամ տոքսոպլազմոզը:

Իմացե՛ք ավելին այն սննդամթերքների մասին, որոնցից պետք է խուսափել հղիության ընթացքում:

Ալկոհոլ

Գոյություն չունի ալկոհոլի որևէ անվտանգ քանակ կամ չափ, որը կարող եք օգտագործել հղի վիճակում: Անկախ այն հանգամանքից, թե նախատեսում եք հղիանալ, արդեն հղի եք կամ կրծքով կերակրող մայր, ալկոհոլային խմիչքներից հրաժարվելը լավագույն տարբերակն է, քանի որ ալկոհոլը կարող է վնաս պատճառել ձեր չծնված երեխային:

Իմացե՛ք ավելին հղի կանանց և նրանց չծնված երեխաների վրա ալկոհոլի վնասների մասին:

Ոչ սննդային հակումներ

Որոշ հղի կանանց մոտ կարող են տարօրինակ հակումներ առաջանալ ոչ ուտելի նյութերի նկատմամբ, օրինակ՝ կավիճ, կավ, լվացքի օսլա կամ օճառ: Այս վիճակը կոչվում է խեղաթյուրված ախորժակ (pica), որը խիստ հազվադեպ հանդիպում է բավարար սնվող կանանց շրջանում և կարող է վկայել միներալային դեֆիցիտի կամ ծանր անեմիայի մասին:

Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ձեզ մոտ առաջացել է ոչ սննդային հակում:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024