Առողջական խնդիրներ

Գիգանտիզմ (հսկայություն)

Գիգանտիզմ (հսկայություն)

Time Read 2 րոպե

Գիգանտիզմը խիստ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը երեխաների մոտ առաջացնում է աճի ախտաբանական արագացում և հանգեցնում է ոչ բնականոն բարձր հասակի։

Այն կարող է հաջողությամբ բուժվել, սակայն հիվանդ երեխաների մոտ որոշ ախտանիշներ կարող են շարունակվել և առաջանալ կանոնավոր ստուգումների անհրաժեշտություն։ Ավելի հաճախ զարգանում է տղա երեխաների մոտ։

Գիգանտիզմի պատճառները

Ծնվելուց հետո մարդու մարմնի աճը հսկվում է գլխուղեղում տեղակայված մակուղեղի (հիպոֆիզ) կողմից արտադրվող հորմոնների կողմից։ Դրանցից օրգանիզմի աճի համար ամենակարևոր հորմոնն աճի հորմոննն է, որը հայտնի է նաև որպես մարդու աճի հորմոն կամ սոմատոտրոպ հորմոն։

Գիգանտիզմով երեխաների մեծ մասի մոտ գրանցվում է աճի հորմոնի գերարտադրությունը, որը բերում է նրանց արագ և չափից դուրս մեծ աճի։

Գիգանտիզմը գրեթե միշտ պատճառվում է մակուղեղի բարորակ ուռուցքով, որը հայտնի է նաև որպես ադենոմա։ Սովորաբար երեխաների մակուղեղի նման ուռուցքի որևէ ակնհայտ պատճառ չի հայտնաբերվում, թեև որոշ դեպքերում այն կարող է պատճառվել հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություններով։

Նմանատիպ մեկ այլ հիվանդություն, որը հայտնի է որպես ակրոմեգալիա, կարող է ախտահարել չափահաս մարդկանց։ Ինչպես գիգանտիզմը, ակրոմեգալիան նույնպես առաջացնում է ոչ բնականոն աճ, սակայն մարդուն անբնական հսկա հասակով դարձնելու փոխարեն այն առաջացնում է այլ ախտանիշներ։

Գիգանտիզմի ախտանիշները

Գիգանտիզմը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքի երեխայի մոտ՝ սկսած նորածնայինից մինչև դեռահաս տարիքը։

Հիմնական ախտանիշն արագացած աճն է, որը նշանակում է, որ երեխան ձեռք է բերում իր տարիքին անհամապատասխան ոչ բնական բարձր հասակ։

Այլ նշաններից են՝

  • մեծ գլուխ
  • արտահայտված ճակատ
  • արտացցված ծնոտ
  • դիմագծերի կոպտացում, օրինակ՝ լայնացած քիթ
  • գերքրտնոտություն
  • ախորժակի խիստ բարձրացում
  • ընդհանուր թուլություն։

Որոշ դեպքերում կարող են ի հայտ գալ նաև գլխացավեր, սրտխառնոց, տեսողության խնդիրներ և սեռահասունացման հետաձգում։

Գիգանտիզմի ախտորոշումը

Բժիշկն անսովոր արագ աճող երեխայի ֆիզիկական զննությունը կարող է իրականացնել՝ կատարելով մարդաչափական հետազոտություններ, ինչպես նաև գնահատելով սեռահասունացման փուլը։

Գիգանտիզմն ախտորոշելիս կարող են նշանակվել նաև հետևյալ հետազոտությունները՝

  • արյան թեստեր, որոնց միջոցով չափվում են հորմոնների և այլ ցուցանիշների մակարդակները
  • գլյուկոզի տոլերանտության թեստ, որի միջոցով գնահատվում է գլյուկոզի մակարդակի բարձրացման ազդեցությունը հորմոնների մակարդակների վրա
  • հիպոֆիզի հետազոտությանն ուղղված մագնիսա-ռեզոնանսային պատկերում (ՄՌՏ) կամ համակարգչային շերտագիր (CT)
  • գանգի կամ ծնոտի ռենտգեն պատկերում, որի միջոցով գնահատվում է ոսկրերի հաստությունը։

Կարևոր է, որպեսզի գիգանտիզմն ախտորոշվի և բուժվի հնարավորինս վաղ։ Չբուժվելու դեպքում այն կարող է հանգեցնել 2-րդ տիպի դիաբետի, բարձր արյան ճնշման և հոդաբորբերի։

Գիգանտիզմի բուժումը

Գիանտիզմի բուժումը ներառում է՝

  • վիրահատություն, երբ հեռացվում է հիպոֆիզի ուռուցքը կամ մասնահատվում է հիպոֆիզը
  • ճառագայթային բուժում, որի շնորհիվ կրճատվում է հիպոֆիզի ուռուցքի աճը կամ աճի հորմոնի արտադրությունը
  • դեղեր, որոնց նպատակն է կրճատել աճի հորմոնի մակարդակը կամ մեղմացնել ախտանիշները։

Այս բուժումները կարող են նշանակվել առանձին կամ որևէ զուգակցմամբ։

Հոդվածը տեղադրվել է՝ 24-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով