Խումհարի պատճառը մեծ քանակով ալկոհոլի օգտագործումն է:
Ալկոհոլի եզակի օգտագործումը բավարար է, որ որոշ մարդկանց մոտ հրահրի խումհարի առաջացումը, մինչդեռ այլ մարդիկ կարող են խմել մեծ քանակներ, սակայն խուսափել խումհանի զարգացումից:
Կան խումհարին նպաստող տարբեր գործոններ:
- Ալկոհոլը բարձրացնում է ձեր միզարտադրությունը. սովորականից ավելի շատ միզելը կարող է բերել ջրազրկման, որը հաճախ ուղեկցվում է ծարավի զգացողությամբ, գլխապտույտով և ուշագնացության զգացումով:
- Ալկոհոլը հրահրում է ձեր իմունային համակարգի բորբոքային պատասխան. իմունային համակարգը կարող է նպաստել որոշ նյութերի արտադրությանը, որոնք առաջացնում են ուշադրության կենտրոնացման դժվարացում, հիշողության խնդիրներ, ախորժակի կորուստ և սովորական գործերի նկատմամբ հետաքրքրության կորուստ:
- Ալկոհոլը գրգռում է ձեր ստամոքսի լորձաթաղանթը. ալկոհոլը բարձրացնում է ստամոքսաթթվի արտադրությունը և դանդաղեցնում ստամոքսի դատարկումը: Այս գործոններից յուրաքանչյուրը կարող է առաջացնել որովայնային ցավ, սրտխառնոց կամ փսխում:
- Ալկոհոլը կարող է նվազեցնել ձեր արյան շաքարի մակարդակը. արյան շաքարի մակարդակի կտրուկ անկումը կարող է առաջացնել հոգնածություն, թուլություն, դող, տրամադրության խանգարումներ և անգամ ցնցումներ:
- Ալկոհոլն առաջացնում է ձեր արյունատար անոթների լայնացում, որը կարող է բերել գլխացավերի:
- Ալկոհոլը կարող է ձեզ դարձնել քնկոտ, սակայն կանխարգելում է քնի խոր փուլերը և հաճախ առաջացնում գիշերվա կեսին քնից արթնացում: Սա կարող է հանգեցնել ցերեկային քնկոտության և հոգնածության:
Կոնգեներներ
Ալկոհոլային խմիչքները հաճախ պարունակում են կոնգեներներ կոչվող բաղադրիչներ, որոնք այդ խմիչքներին տալիս են համային որակներ և կարող են նպաստել խումհարների առաջացմանը: Կոնգեներների ավելի մեծ քանակներ կան մուգ խմիչքներում՝ բրենդի և բուրբոն, քան թափանցիկ խմիչքներում՝ օղի և ջին:
Կոնգեներներն ավելի հավանական են դարձնում խումհարի զարգացումը կամ բարձրացնում են խումհարի ծանրության աստիճանը: Այնուամենայնիվ, անկախ կոնգեների պարունակությունից, ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչքի մեծ քանակի օգտագործումը կարող է հաջորդ առավոտյան առաջացնել վատ ինքնազգացողություն և տհաճ գանգատներ:
Ռիսկի գործոններ
Խումհար կարող է առաջանալ ալկոհոլ օգտագործած ցանկացած մարդու մոտ, սակայն որոշ մարդիկ ավելի խոցելի են այս վիճակի նկատմամբ, քան մյուսները: Ալկոհոլի նյութափոխանակության վրա ազդող գենետիկ առանձնահատկություններով պայմանավորված որոշ մարդիկ ալկոհոլ խմելիս շառագունում են, սկսում խիստ քրտնել կամ վատ զգալ ալկոհոլի նույնիսկ փոքր քանակների դեպքում:
Խումհարի առաջացման կամ խումհարի ծանրության աստիճանի ռիսկը բարձրացնող գործոնները ներառում են հետևյալը:
- Դատարկ ստամոքսով խմելը. ստամոքսում սննդամթերքի բացակայությունն արագացնում է ալկոհոլի ներծծումը դեպի արյան հուն:
- Ալկոհոլի հետ նիկոտինի կամ այլ թմրամիջոցների օգտագործում. ծխելու զուգակցումն ալկոհոլի հետ կարող է բարձրացնել հաջորդ օրվա մղձավանջի հավանականությունը:
- Խմելուց հետո անքուն վիճակ կամ ոչ բավարար քուն. որոշ հետազոտողներ կարծում են, որ խումհարի ախտանիշների մի մասը կապված է ալկոհոլ օգտագործելուց հետո քնի որակի վատացման և կարճ քնի ցիկլի հետ:
- Ալկոհոլիզմի վերաբերյալ ընտանեկան պատմություն (անամնեզ). ալկոհոլիզմով հիվանդ արյունակից հարազատ ունենալը կարող է հուշել ալկոհոլի յուրացման ժառանգված խնդրի առկայության մասին:
- Մուգ գույնի ալկոհոլային խմիչքների օգտագործում. ավելի մուգ գունավորված խմիչքները հաճախ պարունակում են կոնգեներներ, որոնք ավելի հավանական է, որ կզարգացնեն խումհար:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024