Խումհարի ախտանիշները սովորաբար սկսվում են, երբ արյան մեջ ալկոհոլի պարունակությունը զգալի չափով ընկնում է և գրեթե հասնում զրոյի:
Դրանք սովորաբար ուժգնանում են երեկոյան կամ գիշերվա մեծ քանակով ալկոհոլ օգտագործելու հաջորդ առավոտյան: Կախված նրանից, թե ինչ եք խմել և ինչ չափով եք խմել, կարող եք նշել՝
- հոգնածություն և թուլություն
- խիստ ծարավ և բերանի չորություն
- գլխացավեր և մարմնի ջարդվածություն
- սրտխառնոց, փսխում և ստամոքսի շրջանի ցավեր
- վատ կամ կրճատված քուն
- լույսի և ձայների նկատմամբ բարձրացած զգայունություն
- գլխապտույտ կամ սենյակի պտտվելու զգացողություն (վերտիգո)
- դող և վերջույթների ցնցումներ
- ուշադրությունը կենտրոնացնելու ունակության կորուստ
- տրամադրության խանգարումներ, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապը և դյուրագրգիռ վիճակը
- արագացած սրտազարկ (տախիկարդիա):
Ե՞րբ դիմել բժշկին
Միանգամյա խմելուց հետո խումհարն ինքնուրույն անհետանում է: Խոսեք ձեր բժշկի հետ, եթե մտավախություն ունեք, որ հաճախակի, մեծ քանակներով խմելը կարող է հանգեցնել ալկոհոլից ծանր զրկանքի ախտանիշների, կամ երբ կանոնավոր խումհարներն ազդում են ձեր կյանքի որակի վրա, ներառյալ ձեր անձնական հարաբերությունները կամ աշխատանքի արդյունավետությունը: Ալկոհոլային խնդիրների բուժումը լայնորեն հասանելի է:
Ե՞րբ դիմել անհետաձգելի բուժօգնության
Ալկոհոլի մեծ քանակի ընդունմանն ուղեկցող ավելի ծանր գանգատներն ու ախտանիշները կարող են վկայել ալկոհոլային թունավորման՝ կյանքին սպառնացող վիճակի մասին: Զանգեք 1-03, եթե ալկոհոլ չարաշահած մարդու մոտ ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝
- շփոթվածություն
- փսխում
- ցնցումներ
- շնչառության դանդաղում (րոպեում ավելի պակաս, քան 8 շնչառական ակտ)
- անկանոն շնչառություն (երկու շնչառությունների միջև ավելի քան 10 վրկ-ոց դադար)
- կապտավուն երանգավորված կամ գունատված մաշկ
- մարմնի ջերմաստիճանի նվազում (հիպոթերմիա)
- գիտակցությունը պահպանելու դժվարություն
- անգիտակից վիճակ, որից չի կարողանում արթնանալ:
Եթե ալկոհոլի օգտագործումից հետո ինչ-որ մեկը չի կարողանում քնից արթնանալ, առկա է մահվան ռիսկ: Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկի մոտ առկա է ալկոհոլային թունավորում, նույնիսկ եթե չեք նկատում դասական ախտանիշներ, անհապաղ դիմեք բուժօգնության:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024