Դեղատներում կարող եք տեսնել տարբեր հաբեր, որոնք ներկայացվում են որպես խումհարը կանխող միջոցներ, սակայն միակ երաշխավորված միջոցն ալկոհոլից խուսափելն է:
Եթե, այնուամենայնիվ, ալկոհոլ եք օգտագործում, արեք դա միայն չափավոր քանակներով:
Առողջ չափահաս բոլոր տարիքի կանանց համար չափավոր է համարվում օրական ոչ ավելի, քան ալկոհոլի 1 չափաբաժին, մինչև 65 տարեկան առողջ տղամարդկանց համար՝ օրական մինչև 2, իսկ 65 տարեկանից բարձր առողջ տղամարդկանց համար՝ օրական մինչև 1 չափաբաժին օգտագործելը:
Որքան ավելի քիչ ալկոհոլ ընդունեք, այդքան ավելի փոքր հավանականությամբ կարող է խումհար զարգանալ:
- Մինչև խմելը սնունդ ընդունեք. դատարկ ստամոքսին ալկոհոլն ավելի արագ է ներծծվում, ուստի ոգելից խմիչք օգտագործելուց առաջ և ընթացքում սնունդ ընդունելը թուլացնում է ալկոհոլի ազդեցության ուժը:
- Ընտրեք մանրակրկտորեն. ավելի քիչ կոնգեներներ (գունային, համային և այլ հարակից նյութեր) պարունակող խմիչքները ավելի փոքր հավանականությամբ են խումհար առաջացնում: Այնուամենայնիվ, նկատի ունեցեք, որ խումհար չառաջացնող ոգելից խմիչք գոյություն չունի:
- Ալկոհոլը զուգակցեք ջրի հետ. յուրաքանչյուր բաժակ ալկոհոլից առաջ ընդունեք մեկ լիքը բաժակ ջուր: Սա կօգնի, որ կանխարգելեք ջրազրկումը, ինչպես նաև ավելի քիչ քանակով ալկոհոլ ընդունեք:
- Հիշեք ձեր սահմանափակումների մասին և ալկոհոլ օգտագործեք միայն չափավոր քանակներով. նախապես որոշեք, թե ինչ քանակի ալկոհոլ եք օգտագործելու և կտրուկ դադարեցրեք խմելը, երբ հասնեք ձեր սահմանաչափին կամ դրանից առաջ: Մի՛ ենթարկվեք խմելը շարունակելու այլ մարդկանց հորդորներին և ճնշումներին:
- Խմեք դանդաղորեն. խուսափեք մեկ ժամվա ընթացքում մեկից ավելի չափաբաժին ալկոհոլ ընդունելուց:
Որոշ մարդիկ ընդունում են սովորական ցավազրկողներ, ինչպիսիք են Ասպիրինը կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), որ կանխեն խումհարի ախտանիշները: Սակայն, հարցրեք ձեր բժշկին, արդյոք սա անվտանգ է ձեզ համար և որ դեղաչափն է լավագույնը ձեզ համար: Այս դեղերը կարող են փոխազդել այլ դեղամիջոցների հետ, իսկ Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կարող է առաջացնել լյարդի վնաս, եթե չափից շատ ալկոհոլ օգտագործվի:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024