Գլխացավերի մեծ մասը կարճատև և թեթև է, որն առանց որևէ բուժման ինքնուրույն անհետանում է:
Սակայն, գլխացավը նաև կարող է լինել ուժեղ, տանջող բնույթի կամ երկարատև (քրոնիկ): Նման դեպքերում գլխացավն ամենայն հավանականությամբ վկայում է մեկ այլ՝ լուրջ առողջական խնդրի առկայության մասին: Ուստի, գլխացավի պատճառը գտնելու առաջին քայլը ձեր բժշկին այցելելն է:
Ե՞րբ անհանգստանալ
Առանց ուշացնելու դիմեք բժշկին հետևյալ դեպքերում:
- Ձեր գլխացավերը սկսում են հանկարծակի և աստիճանաբար սաստկանում են առանց որևէ նախապատմության կամ պատճառի:
- Ձեր գլխացավերն ուղեկցվում են գլխապտույտի, թուլության կամ վերտիգոյի (գլխապտույտ) հետ:
- Ձեր գլխացավերն ուղեկցվում են շշմածության կամ գիտակցության կորստի հետ:
- Ձեր գլխացավերն ուղեկցվում են տեսողության խանգարման հետ:
- Ձեր գլխացավերը երբեք նման սաստիկ բնույթի չեն եղել:
- Ձեր հիշողությունը խանգարված է և դուք խառնաշփոթ վիճակում եք:
- Գլխացավերի հետ ի հայտ է եկել ջերմության բարձրացում:
- Ձեր գլխացավերի բնույթը հանկարծակի կամ կտրուկ փոփոխվել է դեպի վատը:
Իմացե՛ք ավելին գլխացավի տարբեր տեսակների և դրանց պատճառների մասին:
Ինքնօգնության միջոցներ
Կան միջոցներ, որոնք կարող եք ձեռնարկել տանը՝ ուղղված գանգատների մեղմացմանը կամ գլխացավերի առաջացման կանխարգելմանը:
- Փորձեք գտնել այն իրավիճակները կամ գործոնները, որոնք կարող են նպաստել ձեր գլխացավերի առաջացմանը, որից հետո փորձեք խուսափել դրանցից: Գլխացավերի ի հայտ գալուն նպաստող որոշ գործոններից են՝ կանանց մոտ հորմոնային տեղաշարժեր, սթրես, սննդակարգ, ալկոհոլ, հանգստի կամ քնի պակաս (կամ ավելցուկ), ֆիզիկական կամ մտավոր գերծանրաբեռնվածություն, տան կամ աշխատավայրի խիստ ուժեղ կամ թույլ լուսավորություն:
- Փորձեք թուլանալ և հանգստանալ լուռ, խաղաղ և լավ օդափոխվող սենյակում: Հնարավորության դեպքում լուսամուտը պահեք բաց, որ սենյալը թարմ օդով լցվի:
- Համոզվեք, որ ձեր սենյակը խիստ տաք կամ խիստ սառը չի:
- Ձեր ճակատին դրեք սառը թրջոց կամ բարակ սրբիչով փաթաթված սառցե պարկ: Ըստ անհրաժեշտության հաճախակի փոխեք դրանք:
- Շփեք ձեր դեմքը սառը ջրով:
- Օրվա ընթացքում խմեք բավարար քանակով ջուր, եթե բժիշկը ձեզ այլ հրահանգ չի տվել:
- Սնվեք կանոնավոր, որպեսզի խուսափեք արյան շաքարի մակարդակի անկումից (հիպոգլիկեմիա), որը կարող է առաջացնել գլխացավ:
- Մերսեք ձեր պարանոցը, ուսերը, ծնոտը կամ գանգամաշկը, որը կարող է օգնել լարվածության գլխացավի մեղմացմանը:
- Կանոնավոր վարժանքները ևս կարող են օգնել լարվածության գլխացավի կանխարգելմանը:
- Եթե երկար ժամանակ եք անցկացնում նստած վիճակում, փորձեք առնվազն ժամը մեկ վեր կենալ և մի քանի րոպե շրջակայքում քայլել: Հիշեք, որ նույն դիրքով երկարատև նստած վիճակը կարող է բերել պարանոցի մկանների լարվածության և նպաստել գլխացավի առաջացմանը:
- Փորձեք հաճախակի չօգտագործել գլխացավի դեղեր, որոնք կարող են բերել «ռիկոշետային» գլխացավերի, երբ ցավազրկողներն իրենք են դառնում գլխացավի պատճառ:
- Փորձեք անցնել առողջ ապրելակերպի` դարձնելով ձեր սնունդն առողջ ու սննդարար, սահմանափակելով կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը, դառնալով ֆիզիկապես ակտիվ, բարելավելով քունը, շտկելով ձեր մարմնակառուցվածքը և կեցվածքը, ինչպես նաև ձեր շրջապատը դարձնելով մաքուր և թարմ օդով հարուստ:
Դուք կարող եք պահել «գլխացավի օրագիր», որը թույլ կտա հասկանալու, թե ձեր առօրյա կյանքի որ գործոններ են նպաստում կանոնավոր գլխացավերի առաջացմանը:
Շարունակեք ձեր սովորական առօրյա գործերը, երբ գլխացավերը և դրանց ուղեկցող մյուս ախտանիշները սկսում են մեղմանալ:
Ուժեղ գլխացավերի ժամանակ խորհուրդ հարցրեք ձեր բժշկից, թե ինչպիսի ցավազրկող դեղամիջոց ընդունել: Հիշեք, որ հղի կանանց կամ երեխաներին խորհուրդ չի տրվում ընդունել որոշ տեսակի դեղեր: Մինչև որևէ դեղամիջոց ընդունելը, անպայման ծանոթացեք պիտակին և հետևեք նշված ցուցումներին, դեղաչափերին և հակացուցումներին:
Իմացե՛ք ավելին հղիության ընթացքում ի հայտ եկող գլխացավերի և դրանց կանխարգելման և բուժման մասին:
Եթե գլխացավերը դառնում են հաճախակի կամ անհանգստացնող, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024