Հղիության ընթացքում բարձր արյան ճնշումը ստեղծում է հնարավոր ռիսկեր: Ահա թե ինչ պետք իմանալ և ինչպես հոգ տանել ձեր և ձեր երեխայի առողջության մասին։
Հղիության ընթացքում բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) պահանջում է ուշադիր մշտադիտարկում: Իմացեք այս վիճակի հնարավոր վտանգների մասին և սովորեք, թե ինչպես հոգ տանել ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխայի առողջության մասին։
Իմացե՛ք ավելին բարձր արյան ճնշման մասին:
Որո՞նք են հղիության ընթացքում բարձր արյան ճնշման տեսակները
Երբեմն բարձր արյան (զարկերակային) ճնշումը սկսվում է հղիությունից առաջ: Այլ դեպքերում, զարկերակային հիպերտենզիա զարգանում է հղիության ընթացքում:
- Քրոնիկ հիպերտենզիա․ քրոնիկ հիպերտենզիայի դեպքում բարձր արյան ճնշումը զարգանում է կամ հղիությունից առաջ, կամ էլ հղիության առաջին 20 շաբաթվա ընթացքում: Բարձր արյան ճնշումը սովորաբար չունի առանձնահատուկ ախտանիշներ, և գուցե դժվար լինի ճշգրիտ իմանալ, թե երբ է այն սկսվել:
- Քրոնիկ հիպերտենզիա՝ պրեէկլամպսիայի համակցմամբ․ այս վիճակը զարգանում է, երբ քրոնիկ հիպերտենզիան հանգեցնում է հղիության ընթացքում բարձր արյան ճնշման վատթարացման: Այս դեպքում հղի կանանց մոտ կարող է առաջանալ մեզի մեջ սպիտակուց (պրոտեինուրիա) կամ այլ բարդություններ:
- Գեստացիոն (հղիության) հիպերտենզիա․ գեստացիոն հիպերտենզիա ունեցող կանայք ունեն բարձր արյան ճնշում, որը զարգանում է հղիության 20 շաբաթականից հետո: Մեզում հավելյալ սպիտակուց չկա, ինչպես նաև բացակայում են օրգանների վնասման այլ նշանները: Սակայն, որոշ դեպքերում գեստացիոն հիպերտենզիան ի վերջո կարող է հանգեցնել պրեէկլամպսիայի:
- Պրեէկլամպսիա․ պրեէկլամպսիա առաջանում է, երբ հիպերտենզիան զարգանում է հղիության 20 շաբաթականից հետո: Պրեէկլամպսիան կապված է այլ օրգան-համակարգերի՝ երիկամների, լյարդի, արյան կամ գլխուղեղի վնասման նշանների հետ:
Չբուժված պրեէկլամպսիան կարող է հանգեցնել ծանր, նույնիսկ մահացու բարդությունների ինչպես մոր, այնպես էլ չծնված երեխայի մոտ: Բարդությունների օրինակներից է էկլամպսիան, որի ժամանակ զարգանում են ցնցումային նոպաներ:
Նախկինում պրեէկլամպսիան ախտորոշվում էր միայն բարձր արյան ճնշման և մեզի մեջ սպիտակուցի ավելցուկի առկայության դեպքում: Հիմա մասնագետները գիտեն, որ հնարավոր է ունենալ պրեէկլամպսիա առանց մեզի մեջ սպիտակուցի առկայության:
Իմացե՛ք ավելին պրեէկլամպսիայի մասին:
Ինչո՞ւ է բարձր արյան ճնշումը խնդիր առաջացնում հղիության ընթացքում
Հղիության ընթացքում բարձր արյան ճնշումը կարող է բերել հետևյալ ռիսկերի:
- Ընկերքի արյան հոսքի նվազում․ եթե ընկերքը (պլացենտա) բավականաչափ արյուն չի ստանում, պտուղը կարող է ստանալ ավելի քիչ թթվածին և սննդանյութեր: Սա կարող է հանգեցնել դանդաղ աճի (ներարգանդային աճի սահմանափակում կամ ռեստրիկցիա), ցածր քաշի կամ վաղաժամ ծննդաբերության: Վաղաժամ ծնված երեխաները կարող են ունենալ շնչառական խնդիրներ, վարակների բարձր ռիսկ և այլ բարդություններ:
- Ընկերքի շերտազատում․ սա այն վիճակն է, երբ մինչև ծննդաբերությունը ընկերքը պոկվում և առանձնանում է արգանդի ներքին պատից։ Պրեէկլամպսիան և բարձր արյան ճնշումը մեծացնում են ընկերքի շերտազատման ռիսկը: Ծանր շերտազատումը կարող է առաջացնել առատ արյունահոսություն, որը կարող է վտանգել ձեր և ձեր երեխայի կյանքը:
- Ներարգանդային աճի սահմանափակում․ բարձր արյան ճնշումը կարող է հանգեցնել պտղի աճի դանդաղեցման կամ նվազեցման, որը նաև կոչվում է ներարգանդային աճի սահմանափակում:
- Այլ օրգանների վնասում․ վատ վերահսկվող բարձր արյան ճնշումը կարող է հանգեցնել հղի կնոջ գլխուղեղի, աչքերի, սրտի, թոքերի, երիկամների, լյարդի և այլ կենսականորեն կարևոր օրգանների վնասման: Ծանր դեպքերում նաև կարող է վտանգվել ձեր կյանքը:
- Վաղաժամ ծննդալուծում․ երբեմն վաղաժամ ծննդալուծումը դառնում է անհրաժեշտություն՝ հղիության ընթացքում բարձր արյան ճնշման հետևանքով կյանքին սպառնացող բարդությունները կանխելու համար:
- Հետագա սրտանոթային հիվանդություն․ պրեէկլամպսիան կարող է մեծացնել ապագայում սրտի և արյունատար անոթների (սրտանոթային) հիվանդության ռիսկը: Ապագայում սրտանոթային հիվանդության ռիսկն ավելի բարձր է, եթե մեկից ավելի անգամ ունեցել եք պրեէկլամպսիա: Ռիսկը նաև ավելի բարձր է, եթե ունեցել եք վաղաժամ ծննդալուծում՝ հղիության ընթացքում բարձր արյան ճնշման պատճառով:
Ինչպե՞ս իմանալ, որ իմ մոտ հղիության ընթացքում զարգացել է բարձր արյան ճնշում
Ձեր արյան ճնշման մշտական հսկողությունը (մոնիտորինգ) նախածննդյան խնամքի կարևոր մասն է: Եթե ունեք քրոնիկ հիպերտենզիա, ձեր բժիշկն արյան (զարկերակային) ճնշումը չափելիսկ հիմնվի հետևյալ դասերի վրա:
- Բարձրացած արյան ճնշում․ բարձրացած ճնշումը այն վիճակն է, երբ սիստոլիկ ճնշումը տատանվում է 120-ից 129 միլիմետր սնդիկի սյան (մմ ս.ս.) միջակայքում և դիաստոլիկ ճնշումը 80 մմ ս.ս.-ից ցածր է: Համապատասխան քայլեր չձեռնարկելիս բարձրացած արյան ճնշումը հակում ունի ժամանակի ընթացքում վատթարանալու՝ վերածվելով 1-ին աստիճանի հիպերտենզիայի:
- 1-ին աստիճանի հիպերտենզիա․ 1-ին աստիճանի հիպերտենզիան այն վիճակն է, երբ սիստոլիկ ճնշումը տատանվում է 130-ից 139 մմ ս.ս. սահմաններում կամ դիաստոլիկ ճնշումը տատանվում է 80-ից 89 մմ ս.ս. սահմաններում:
- 2-րդ աստիճանի հիպերտենզիա․ այս փուլն ավելի ծանր վիճակ է։ Այն բնորոշվում է 140 մմ ս.ս. կամ ավելի բարձր սիստոլիկ կամ 90 մմ ս.ս. կամ ավելի բարձր դիաստոլիկ ճնշմամբ:
Հղիության 20 շաբաթականից հետո եթե արյան ճնշումը գերազանցում է 140/90 մմ ս.ս.-ն առանց որևէ այլ օրգանի վնասման, ապա նման վիճակը համարվում է գեստացիոն հիպերտենզիա: Արյան (զարկերակային) ճնշումը պետք է չափվի և արձանագրվի երկու կամ ավելի անգամ՝ առնվազն չորս ժամ տարբերությամբ:
Ինչպե՞ս իմանալ, որ ինձ մոտ զարգացել է պրեէկլամպսիա
Բացի բարձր արյան ճնշումից, պրեէկլամպսիայի այլ գանգատներից և ախտանիշներից են՝
- մեզում լրացուցիչ սպիտակուց կամ երիկամային խնդիրների այլ նշաններ
- ուժեղ գլխացավեր
- տեսողության փոփոխություններ, այդ թվում՝ տեսողության ժամանակավոր կորուստ կամ թուլացում, մշուշոտ տեսողություն կամ լուսազգայունություն
- վերստամոքսային (էպիգաստրալ) ցավ, սովորաբար՝ աջ կողաղեղի տակ
- նողկանք և փսխում
- արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) ցածր մակարդակներ
- լյարդի գործունեության խանգարումներ
- շնչարգելություն և հևոց, որի պատճառը թոքերում հեղուկի կուտակումն է:
Պրեէկլամպսիայի ժամանակ հաճախ զարգանում է հանկարծակի քաշի ավելացում և այտուց, հատկապես դեմքի և ձեռքերի հատվածներում: Պրեէկլամպսիայի հետ կապված այտուցն ավելի արտահայտված է, քան հղիությանն ուղեկցող սովորական այտուցվածությունը:
Իմացե՛ք ավելին պրեէկլամպսիայի մասին:
Արդյո՞ք անվտանգ է հղիության ընթացքում արյան ճնշման դեղերի ընդունումը
Արյան ճնշման որոշ դեղամիջոցներ համարվում են անվտանգ հղիության ընթացքում օգտագործելու համար: Այնուամենայնիվ, հղիության ընթացքում անհրաժեշտ է խուսափել անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներից (ԱՓՖ ինհիբիտորներ), անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներից (ԱԸՊ) և ռենինի արգելակիչներից:
Բուժումը կարևոր է: Բարձր արյան ճնշումը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի և այլ ծանր բարդությունների ռիսկը: Բարձր արյան ճնշումը նաև կարող է վտանգավոր լինել ձեր երեխայի համար:
Եթե հղիության ընթացքում ունեք արյան ճնշումը վերահսկելու համար դեղորայքի ընդունման կարիք, ձեր բժիշկը կնշանակի ամենաանվտանգ դեղերը և դեղաչափերը: Դեղորայքն ընդունեք ճիշտ այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը: Մի՛ դադարեցրեք դրա ընդունումը կամ մի՛ փորձեք ինքնուրույն փոխել դեղաչափը:
Բարձր ռիսկի խմբերի հղիների մոտ պրեէկլամպսիայի ռիսկը կրճատելու համար հաճախ նաև խորհուրդ է տրվում ցածր դեղաչափով ամենօրյա Ասիպիրին: Հետազոտությունները պարզել են, որ Ասպիրինն անվտանգ է հղիության ընթացքում:
Ինչպե՞ս նախապատրաստվել հղիությանը
Եթե ունեք բարձր արյան ճնշում, պայմանավորվեք նախածննդյան այց որևէ բժշկի հետ, ով մասնագիտացած է հիպերտենզիվ խանգարումներով բարդ հղիությունների կառավարման ոլորտում: Նաև հանդիպեք ձեր առողջապահական թիմի այլ անդամների հետ, ինչպիսիք են ձեր ընտանեկան բժիշկը կամ սրտաբանը: Նրանք կստուգեն, թե որքան լավ եք վերահսկում ձեր բարձր արյան ճնշումը: Նրանք նաև կարող են գնահատել նախքան հղիանալը ձեր բուժման մեջ որոշակի փոփոխություններ անելու նպատակահարմարությունը:
Եթե ունեք ավելորդ քաշ, ձեր բժիշկը խորհուրդ կտա նիհարել նախքան հղիանալը:
Ի՞նչ ակնկալել նախածննդյան այցերի ընթացքում
Հղիության ընթացքում դուք հաճախ կհանդիպեք ձեր բժշկին: Ձեր մարմնի քաշը և արյան ճնշումը կստուգվեն յուրաքանչյուր այցի ժամանակ: Ձեզ նաև կարող է անհրաժեշտ լինել լաբորատոր թեստերի հաճախակի հանձնում:
Ձեր բժիշկը ուշադիր կհետևի նաև ձեր երեխայի առողջությանը: Նա կարող է առաջարկել հաճախակի գերձայնային հետազոտություններ՝ երեխայի աճի արագությանը հետևելու համար: Կարող է նաև առաջարկվել պտղի թեստ՝ ձեր երեխայի ընդհանուր վիճակը գնահատելու համար: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ հետևեք ձեր երեխայի ամենօրյա շարժումներին, որը նաև կոչվում է պտղի խաղ:
Ի՞նչ կարող եմ անել բարդությունների ռիսկը նվազեցնելու համար
Ձեր մասին պատշաճ հոգ տանելը ձեր երեխայի մասին հոգալու լավագույն միջոցն է: Ահա մի քանի պարզ օրինակներ:
- Հետևեք ձեր նախածննդյան այցերի ժամանակացույցին․ հղիության ընթացքում կանոնավոր կերպով այցելեք ձեր բժշկին:
- Ընդունեք ձեր արյան ճնշման դեղերն ու ցածր դեղաչափով օրական Ասպիրինն այնպես, ինչպես նշանակված է․ձեր բժիշկը կնշանակի ամենաանվտանգ դեղամիջոցն ամենահարմար դեղաչափով:
- Մնացեք ակտիվ․ հետևեք ֆիզիկական ակտիվության վերաբերյալ ձեր բժշկի առաջարկություններին:
- Հետևեք առողջ սննդակարգին․ խնդրեք հանդիպել և խոսել սննդաբանի (դիետոլոգի) հետ, եթե ունեք առողջ սննդակարգի վերաբերյալ հարցեր կամ օգնության կարիք:
- Իմացեք, թե ինչից խուսափել․ խուսափեք ծխելուց, ալկոհոլից և ապօրինի թմրամիջոցներից: Նախքան որևէ, այդ թվում՝ դեղատոմս չպահանջող դեղամիջոց կամ հավելում ընդունելը ստացեք ձեր բժշկի համաձայնությունը:
Բժշկագետները շարունակում են ուսումնասիրել պրեէկլամպսիայի կանխարգելման ուղիները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Ասպիրինի ցածր դեղաչափը նվազեցնում է պրեէկլամպսիայի ռիսկը բարձր ռիսկի խմբի կանանց շրջանում: Ամերիկյան մանկաբարձների և գինեկոլոգների (ACOG) քոլեջը խորհուրդ է տալիս այս խմբի հղիներին օգտագործել ցածր դեղաչափերով (81 միլիգրամ) ամենօրյա Ասպիրին՝ սկսած առաջին եռամսյակի վերջից:
Ի՞նչ կասեք ծննդաբերության կամ ծննդալուծման մասին
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ բարդություններից խուսափելու համար ծննդաբերեք մինչև ծննդաբերության ժամկետը: Ժամկետները հիմնված են այն բանի վրա, թե որքան լավ է վերահսկվում ձեր արյան ճնշումը և արդյոք ունեք կենսականորեն կարևոր օրգանների վերջնային փուլի ախտահարում: Սա կախված է նաև նրանից, թե արդյոք ձեր երեխայի մոտ գրանցվել է որևէ բարդություն, ինչպիսին է դանդաղ աճը:
Եթե ունեք պրեէկլամպսիա, և ձեր վիճակը վատթարանում է, ծննդաբերության ժամանակ ձեզ կարող են տալ ցնցումները կանխարգելող դեղորայք:
Կկարողանա՞մ երեխայիս կրծքով կերակրել
Կրծքով կերակրումը խրախուսվում է բարձր արյան ճնշում ունեցող կանանց մեծամասնության համար, նույնիսկ նրանց, ովքեր դեղորայք են ընդունում: Քննարկեք ձեր դեղամիջոցները բժշկի հետ նախքան ձեր երեխայի ծնվելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2024
Վերջին վերանայում՝ 16-05-2024