Բժիշկները վստահ չեն, թե ինչն է առաջացնում Հոջկինի լիմֆոմա:
Սակայն հայտնի է, որ հիվանդությունը սկսվում է այն ժամանակ, երբ վարակների դեմ պայքարող արյան բջիջների (լեյկոցիտների) տեսակներից մեկի՝ լիմֆոցիտների ԴՆԹ-ում առաջանում են փոփոխություններ (մուտացիաներ): Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք բջջին ասում են, թե ինչ անել:
ԴՆԹ-ի փոփոխությունները բջիջներին հրահանգում են արագորեն բազմանալ և շարունակել ապրել, երբ մյուս բջիջները բնականոն ժամկետում մահանում են: Լիմֆոմայի բջիջները կարողանում են ներգրավել իմունային համակարգի բազմաթիվ առողջ բջիջներ՝ իրենց պաշտպանելու և աճելու համար: Լրացուցիչ բջիջների կուտակումն ավշային հանգույցների մեջ առաջացնում է այտուց և Հոջկինի լիմֆոմայի այլ գանգատներ և ախտանիշներ:
Կան Հոջկինի լիմֆոմայի մի քանի տեսակներ, որոնք տարբերակվում են հիվանդության մեջ ներգրավված բջիջների բնութագրիչներից և դրանց գործունեությունից: Լիմֆոմայի տեսակի ճշգրտումն օգնում է ձեր բուժման ամենահարմար տարբերակների ընտրությանը:
Դասական Հոջկինի լիմֆոմա
Դասական Հոջկինի լիմֆոման այս հիվանդության առավել տարածված տեսակն է: Այս տեսակով ախտորոշված մարդիկ իրենց ավշային հանգույցներում ունեն մեծ լիմֆոմային բջիջներ, որոնք կոչվում են Ռիդ-Շտերնբերգի բջիջներ:
Դասական Հոջկինի լիմֆոմայի ենթատեսակներն են՝
- հանգուցային սկլերոզացնող Հոջկինի լիմֆոմա
- խառը բջջային Հոջկինի լիմֆոմա
- լիմֆոցիտներով աղքատ Հոջկինի լիմֆոմա
- լիմֆոցիտներով հարուստ Հոջկինի լիմֆոմա
Հանգուցային լիմֆոցիտ-գերիշխող Հոջկինի լիմֆոմա
Հոջկինի լիմֆոմայի այս ամենահազվադեպ տեսակը ներառում է լիմֆոմայի բջիջներ, որոնք երբեմն կոչվում են ադի-բուդի (պոպկոռնի) բջիջներ՝ իրենց արտաքին տեսքի պատճառով: Հանգուցային լիմֆոցիտ-գերիշխող Հոջկինի լիմֆոման սովորաբար ախտորոշվում է վաղ փուլում և կարող է պահանջել ավելի պակաս ինտենսիվ բուժում՝ համեմատած հիվանդության դասական տեսակի հետ:
Ռիսկի գործոններ
Հոջկինի լիմֆոմայի ռիսկը կարող են մեծացնել հետևյալ գործոնները:
- Տարիք. Հոջկինի լիմֆոման առավել հաճախ ախտորոշվում է 20-30 տարեկան և 55 տարեկանից բարձր մարդկանց մոտ:
- Լիմֆոմայի ընտանեկան պատմություն (անամնեզ). Հոջկինի լիմֆոմայով հիվանդ արյունակից ունենալը մեծացնում է նույն հիվանդության զարգացման ռիսկը:
- Արական սեռ. արական սեռի մոտ Հոջկինի լիմֆոմայի զարգացումը մի փոքր ավելի հավանական է, քան իգական սեռի մոտ:
- Նախկին Էպշտեյն-Բարի վարակ. այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են Էպշտեյն-Բարի վիրուսով առաջացած հիվանդություններ, ինչպիսին է վարակային մոնոնուկլեոզը, ավելի հավանական է դարձնում Հոջկինի լիմֆոման:
- ՄԻԱՎ վարակ. ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ Հոջկինի լիմֆոմայի ռիսկը մեծանում է:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024