Հոջկինի լիմֆոմայի ախտորոշման համար ձեր բժիշկը կարող է օգտվել մի շարք հետազոտություններից և միջամտություններից:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը կարող է հարցնել ձեր ախտանիշների մասին և անցկացնել բուժզննում: Սա կարող է ներառել ավշային հանգույցների այտուցվածության ստուգում, ներառյալ՝ պարանոցի, թևատակերի և աճուկների, ինչպես նաև որովայնի շոշափմամբ մեծացած փայծաղի կամ լյարդի ստուգում:
- Արյան թեստեր. ձեր արյան նմուշը հետազոտվում է լաբորատորիայում՝ գնահատելու ձեր ընդհանուր առողջությունը և ստուգելու քաղցկեղի նշանները:
- Պատկերային թեստեր. պատկերային թեստերն օգտագործվում են ձեր օրգանիզմի այլ շրջաններում Հոջկինի լիմֆոմայի նշաններ հայտնաբերելու համար: Դրանք կարող են ներառել ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) և պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ):
- Ավշային հանգույցի հեռացման միջամտություն. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ավշային հանգույցի բիոպսիա՝ քաղցկեղի նշաններ ստուգող լաբորատոր հետազոտության համար ավշային հանգույցի հեռացում: Այլ լաբորատոր թեստերը կհետազոտեն լիմֆոմայի բջիջները դրանց մակերեսային մարկերների համար, որոնք կարող են հստակորեն վկայել, թե ինչ տեսակի Հոջկինի լիմֆոմա ունեք և որ բուժումներն են լավագույնը կոնկրետ ձեր քաղցկեղի համար:
- Ոսկրածուծի նմուշի հեռացման միջամտություն. ոսկրածուծի բիոպսիայի և ասպիրացիայի միջամտությունը ներառում է ասեղի ներմուծում զստոսկրի մեջ՝ ոսկրածուծի նմուշ արտածծելու համար: Նմուշը հետազոտվում է՝ ստուգելու Հոջկինի լիմֆոմայի բջիջների առկայությունը:
Կախված ձեր կոնկրետ իրավիճակից, ձեզ նաև կարող են առաջարկվել այլ հետազոտություններ ու միջամտություններ:
Հոջկինի լիմֆոմայի փուլերը
Բժիշկներն օգտագործում են ձեր հետազոտության արդյունքները՝ ձեր Հոջկինի լիմֆոմային փուլ սահմանելու համար: Ձեր փուլն օգտակար է՝ հասկանալու ձեր վիճակի ծանրության աստիճանը և որոշելու, թե որ բուժումն է, որ, ամենայն հավանականությամբ, կօգնի ձեզ:
Հոջկինի լիմֆոմայի փուլը ներկայացնելու համար օգտագործվում են 1-ից 4 թվերը: Ավելի ցածր թիվը ցույց է տալիս քաղցկեղի վաղ փուլը, որն ավելի հավանական է, որ կբուժվի: Ավելի մեծ թիվը նշանակում է, որ քաղցկեղն ավելի տարածված է:
Երբեմն Հոջկինի լիմֆոմայի փուլերը ներառում են նաև A և B տառերը: A տառը նշանակում է, որ դուք չունեք քաղցկեղի անհանգստացնող ախտանիշներ: B տառը նշանակում է, որ դուք ունեք որոշ գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են մշտական ջերմությունը, անբացատրելի քաշի կորուստը կամ գիշերային քրտնարտադրությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024