Առողջական խնդիրներ

Հոջկինի լիմֆոմա (Հոջկինի հիվանդություն)

Հոջկինի լիմֆոմա (Հոջկինի հիվանդություն)

Time Read 2 րոպե

Հոջկինի լիմֆոման քաղցկեղային հիվանդություն է, որն ախտահարում է ձեր իմունային համակարգի բաղկացուցիչ մաս կազմող ավշային համակարգը:

Ավշային համակարգը կազմված է ավշային հանգույցների և անոթների ցանցից, որը հավաքում և օրգանիզմից հեռացնում է նյութափոխանակության արգասիքները, ինչպես նաև անմիջականորեն մասնակցում է վարակի կամ օտարածին մոլեկուլների դեմ պայքարին:

Հոջկինի լիմֆոման զարգանում է, երբ ախտահարվում են ավշային համակարգում առկա արյան սպիտակ գնդիկների (լեյկոցիտներ) տեսակներից մեկը՝ լիմֆոցիտները: Մասնավորապես, հիվանդության ժամանակ լիմֆոցիտները դառնում են քաղցկեղային՝ սկսում են ոչ նորմալ արագությամբ աճել և բազմանալ:

Հոջկինի լիմֆոման հայտնի է նաև որպես «Հոջկինի հիվանդություն»:

Հոջկինի լիմֆոմայի դեպքերի մոտ կեսը պայմանավորված է Էպշտեյն-Բարի վիրուսով։ Այլ ռիսկի գործոններից է ընտանեկան պատմությունը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը։

Հոջկինի լիմֆոմայի առաջին տեսանելի ախտանիշը հաճախ մեկ կամ մի քանի ավշային հանգույցների անցավ այտուցն է և մեծացումը: Մեծացած հանգույցը կարող է դառնալ ցավոտ ալկոհոլ ընդունելուց հետո: Ավելի հաճախ ախտահարվում են պարանոցային, վերանրակային և կրծքավանդակի (թոքերի միջև`միջնորմային) հանգույցները:

Քաղցկեղը կարող է տարածվել ավշի, իսկ ավելի ուշ՝ նաև արյան միջոցով:

Հիվանդության այլ նշաններից են՝

  • անբացատրելի ընդհանուր հոգնածություն և աշխատունակության անկում
  • գիշերային քրտնարտադրություն կամ ջերմության բարձրացում (ունի ցիկլային բնույթ)
  • անբացատրելի ախորժակի անկում կամ մարմնի կշռի կորուստ
  • վարակային հիվանդությունների հաճախակի կրկնություն
  • ցավեր կրծքավանդակի կամ ստամոքսի շրջանում
  • անբացատրելի, կայուն հազ կամ հևոց
  • փայծաղի և հազվադեպ՝ լյարդի մեծացում
  • որովայնի փքվածություն
  • արյունազեղումներ կամ հեշտ արյունահոսություններ
  • մաշկի կարմրավուն և կետավոր բծեր կամ քոր:

Հոջկինի լիմֆոման սովորաբար ախտորոշվում է ախտահարված հանգույցի բիոպսիայով և նմուշի բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտությամբ (Հոջկինի բջիջների, օրինակ՝ ավշային հանգույցներում Ռիդ-Շտերնբերգի բջիջների հայտնաբերում):

Հոջկինի լիմֆոմայի բուժումը ներառում է քիմիոթերապիան, ճառագայթային բուժումը կամ երկուսը միասին: Որոշ դեպքերում կարող է առաջարկվել ցողունային բջիջների փոխպատվաստում:

Հիվանդության բուժմամբ լիարժեք ապաքինման և վերականգնման հավանականությունը բավականին բարձր է:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով