Հոջկինի լիմֆոմայի բուժման նպատակը հնարավորինս շատ լիմֆոմային բջիջների ոչնչացումն է և հիվանդությունն ախտադադարի (ռեմիսիայի) մեջ բերելը:
Այն, թե որ բուժումն է ձեզ համար ճիշտ, կախված է ձեր քաղցկեղի տեսակից և փուլից, ձեր ընդհանուր առողջական վիճակից և ձեր նախապատվությունից:
Քիմիոթերապիա
Քիմիաթերապիան դեղորայքային բուժում է, որն օգտագործում է քիմիական նյութեր՝ լիմֆոմայի բջիջները ոչնչացնելու համար: Քիմիոթերապիայի դեղամիջոցներն անցնում են ձեր արյան միջոցով և կարող են հասնել ձեր օրգանիզմի գրեթե բոլոր շրջանները: Այս դեղամիջոցները կարող են ընդունվել բերանային (օրալ) հաբերի տեսքով կամ տրվել ձեռքի երակով, կամ էլ, երբեմն՝ միաժամանակ օգտագործվել երկու տարբերակները:
Դասական Հոջկինի լիմֆոմայի բուժումը սովորաբար սկսվում է քիմիոթերապիայով: Դա կարող է լինել միակ անհրաժեշտ բուժումը կամ կարող է զուգակցվել ճառագայթային թերապիայի հետ:
Հոջկինի լիմֆոմայի հանգուցային լիմֆոցիտ-գերիշխող լիմֆոմայի դեպքում քիմիոթերապիան հաճախ զուգակցվում է դեղամիջոցների հետ, որոնք թիրախավորում են քաղցկեղի բջիջները (թիրախային թերապիա) և ճառագայթային թերապիայի հետ:
Քիմիոթերապիայի կողմնակի ազդեցությունները կախված են ձեզ տրված դեղամիջոցներից: Ընդհանուր կողմնակի ազդեցությունները սրտխառնոցն է և մազաթափությունը: Կարող են նաև զարգանալ ծանր երկարաժամկետ բարդություններ, ինչպիսիք են սրտային հիվանդությունը, թոքերի վնասումը, պտղաբերության հետ կապված խնդիրները և այլ քաղցկեղների առաջացումը:
Ճառագայթային թերապիա
Ճառագայթային թերապիան (ռադիոթերապիա) օգտագործում է բարձր էներգիայի ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները, որ ոչնչացվեն քաղցկեղային բջիջները: Ճառագայթային թերապիայի ժամանակ դուք պառկում եք սեղանի վրա, և ձեր շուրջը պտտվում է մեծ սարք՝ էներգիայի ճառագայթներն ուղղելով դեպի ձեր մարմնի որոշակի կետեր:
Հոջկինի լիմֆոմայի բուժման համար ճառագայթի փունջը կարող է ուղղված լինել ախտահարված ավշային հանգույցներին և մոտակա շրջաններին, որտեղ քաղցկեղը կարող է տարածվել: Այն սովորաբար օգտագործվում է քիմիոթերապիայի հետ միասին: Վաղ փուլերում հանգուցային լիմֆոցիտ-գերիշխող Հոջկինի լիմֆոմա ունեցող մարդկանց համար ճառագայթային թերապիան կարող է լինել միակ անհրաժեշտ բուժումը:
Ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները ներառում են հոգնածություն և մաշկի կարմրություն այն վայրում, որտեղ ուղղվել է ճառագայթումը: Այլ կողմնակի ազդեցությունները կախված են նրանից, թե որտեղ է ուղղված ճառագայթումը: Օրինակ, պարանոցի ճառագայթումը կարող է առաջացնել բերանի չորություն և վահանաձև գեղձի խնդիրներ, ինչպիսին է թերակտիվ վահանաձև գեղձը (հիպոթիրեոզ): Կրծքավանդակի ճառագայթումը կարող է առաջացնել սրտի և թոքերի հետ կապված խնդիրներ:
Ոսկրածուծի փոխպատվաստում
Ոսկրածուծի փոխպատվաստումը, որը նաև հայտնի է որպես ցողունային բջիջների փոխպատվաստում, բուժում է ձեր հիվանդ ոսկրածուծը՝ փոխարինելով այն առողջ ցողունային բջիջներով, որոնք օգնում են ձեզ նոր ոսկրածուծ աճեցնել: Ոսկրածուծի փոխպատվաստումը կարող է դիտարկվել, եթե Հոջկինի լիմֆոման կրկնվում է կամ չի արձագանքում այլ բուժումներին:
Ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակ ձեր սեփական արյան ցողունային բջիջները հեռացվում են, սառեցվում և պահվում հետագա օգտագործման համար: Այնուհետև դուք ստանում եք բարձր դեղաչափերով քիմիոթերապիա և ճառագայթային թերապիա՝ ձեր օրգանիզմում առկա քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Վերջապես, ձեր ցողունային բջիջները հալեցնում և վերադարձվում են ձեր օրգանիզմ, որտեղ դրանք օգնում են առողջ ոսկրածուծի ձևավորմանը:
Ոսկրածուծի փոխպատվաստման կողմնակի ազդեցությունները ներառում են այն կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են առաջանալ փոխպատվաստումից առաջ ստացած քիմիոթերապիայի կամ ճառագայթման արդյունքում: Բացի այդ, փոխպատվաստումից հետո կարող եք վարակվելու ավելի մեծ ռիսկ ունենալ:
Այլ դեղորայքային բուժումներ
Հոջկինի լիմֆոմայի բուժման մեջ երբեմն օգտագործվում են այլ դեղամիջոցներ:
- Թիրախային թերապիա. թիրախային դեղորայքային թերապիաները կենտրոնանում են քաղցկեղի բջիջներում առկա կոնկրետ թուլությունների վրա: Արգելափակելով այս թույլ կողմերը՝ թիրախային դեղորայքային բուժումները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների մահացման: Թիրախային թերապիան հաճախ զուգորդվում է քիմիոթերապիայի հետ՝ հանգուցային լիմֆոցիտ-գերիշխող Հոջկինի լիմֆոմայի բուժման համար: Դասական Հոջկինի լիմֆոմայի դեպքում թիրախային թերապիան կարող է դիտարկվել որոշակի իրավիճակներում:
- Իմունոթերապիա. իմունոթերապիան օգտագործում է ձեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող վնասել ձեր քաղցկեղային բջիջներին, քանի որ վերջիններս արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են նրանց թաքնվելու իմունային համակարգի բջիջներից: Իմունոթերապիան գործում է՝ խանգարելով այդ գործընթացը։ Հոջկինի լիմֆոմայի դեպքում իմունոթերապիան կարող է դիտարկվել որոշակի իրավիճակներում, օրինակ, եթե հիվանդությունը չի արձագանքում այլ բուժումներին:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024