4-ից մինչև 6 ամսականներին նորածինները դառնում են իրենց շրջապատի մասին ավելի տեղեկացված: Նորածնային զարգացման այս փուլը ներառում է պառկած տեղից գլորվելը, ափերով ծափ տալը և թոթովելը:
Վաղ նորածնային շրջանն արդեն անցյալում է: Այժմ ձեր երեխան դառնում է ավելի զգոն և շարժուն՝ ամեն օր նոր հետաքրքիր արկածներ բերող: Յուրաքանչյուր փորձ՝ սկսած քնելուց առաջ գրկախառնվելուց մինչև քրոջ կամ եղբոր խոսակցությունները լսելը, կօգնի ձեր երեխային, որ ավելին իմանա շրջակա աշխարհի մասին:
Ակնկալեք, որ ձեր երեխան կաճի և կզարգանա իր սեփական տեմպերով: Սակայն հաշվի առեք նորածինների զարգացման այս ընդհանուր փուլերը, քանի դեռ աստիճանաբար ձևավորվում է ձեր երեխայի անհատականությունը:
Ի՞նչ ակնկալել
Նորածինների մեծամասնությունն ավելի լավ է տեղեկացված շրջապատող աշխարհի մասին, սակայն, բնականորեն ցանկանում է իմանալ ավելին: Սկսած իր 4-ից 6 ամսական տարիքից, ձեր երեխան, ամենայն հավանականությամբ, կհասնի հետևալ ձեռքբերումներին:
- Զարգացող շարժիչ (մոտոր) հմտություններ. ձեր երեխայի ձեռքերն ու ոտքերը, հավանաբար, հիմա ավելի նպատակաուղղված են շարժվում և հարվածում: Ձեր երեխան ամենայն հավանականությամբ կարողանում է պառկած տեղից գլորվել: Նրա պարանոցի մկանները շարունակում են ամրապնդվել, իսկ գլխի կառավարումը՝ բարելավվել: Այս տարիքի երեխաների մեծ մասը գլուխը բարձրացնում է, երբ պառկած է փորիկի վրա: Նրանք նույնիսկ կարող են փորձել հենվելով բարձրանալ կամ ոտքերի վրա ծանրություն կրել: Մոտ 6 ամսականից բազմաթիվ երեխաներ սկսում են ինքնուրույն նստել՝ ուղիղ դիրք տալուց հետո:
- Բարելավվող ձեռք-աչք կորդինացում. ձեր երեխան, հավանաբար, կբռնի ձեր մատը, փոքր կամ փափուկ առարկան: Այն, ինչ հասանելի է, հավանաբար կհայտնվի ձեր երեխայի բերանում: Դուք կարող եք նկատել, թե ինչպես է ձեր երեխան ձեռքերի կտրուկ շարժումներով իրերը հրելով մոտեցնում:
- Ավելի հստակ տեսողություն. ձեր երեխան սկսում է տարբերել կարմիրի, կապույտի և դեղինի երանգները: Բարդ նախշերն ու ձևերն այս տարիքում սկսում են ավելի հետաքրքրել։ Դուք կարող եք նկատել, որ ձեր երեխան կենտրոնանում է խաղալիքի վրա կամ նայում է դրանց արտացոլանքին: Եթե գլորում եք գնդակը հատակով, ձեր երեխան հավանաբար գլուխը կշրջի, որ հետևի գնդակի շարժին:
- Թոթովանք և այլ նոր հնչյուններ. այս տարիքի երեխաները հաճախ սկսում են արտաբերել տառերի շղթաներ, ինչպիսիք են «բա» կամ «դիի»: Ձեր երեխան կարող է արձագանքել ձայնին՝ հնչյուններ արձակելով և օգտագործել իր ձայնը՝ ուրախություն արտահայտելու համար: Ձեր երեխան նաև կարող է ձայնի տոնով տարբերել զգացմունքները և սկսել պատասխանել «ոչ»-ին: Որոշ երեխաներ կարող են նույնիսկ ճանաչել իրենց անունը:
Ինչպե՞ս նպաստել ձեր նորածնի զարգացմանը
Այս տարիքում սովորելն ու խաղը միասին են առաջ գնում։ Բայց ձեր երեխայի ուշադրությունը գրավելու համար թանկարժեք կրթական խաղալիքներ կամ մեծ ջանքեր չեն պահանջվում: Երեխայի զարգացմանը նպաստելու համար պարզապես հետևեք այս խորհուրդներին:
- Խոսեք ձեր բալիկի հետ. հարցեր տվեք և արձագանքեք ձեր երեխայի ժպիտին և կարկաչին: Նկարագրեք այն, ինչ տեսնում եք, լսում և հոտ առնում ձեր տան շուրջը, դրսում և երբ դուրս եք գալիս: Օգտագործեք պարզ բառեր, ինչպիսիք են «երեխա», «կատու», «գնա», «քայլիր», «տաք» և «սառը»: Հիշեք, որ ձեր ձայնի տոնն ու դեմքի արտահայտությունը կարող են երեխային փոխանցել ձեր մտքերն ու զգացմունքները:
- Միացրեք մեղեդիներ. երաժշտությունը կարող է օգնել ձեր երեխայի հանգստանալուն, զվարճանալուն և սովորելուն: Երգեք կամ նվագեք օրորոցային, ուրախ մանկական երգեր կամ ձեր սիրելի երգերը:
- Փոփոխեք դիրքերը. երեխային մի քանի րոպե ձեր հսկողությամբ պառկեցրեք փորիկի վրա: Բազմաթիվ նորածիններ հաճույք են ստանում պտտվելու իրենց նոր հմտությունները կիրառելուց, և կարող են արագ գլորվել: Պահեք գունավոր խաղալիք կամ աղմուկ հանեք՝ խրախուսելու ձեր երեխային, որ բարձրացնի գլուխը կամ ավելի հմտանա գլորելու կամ պտտվելու մեջ: Բնռած պահեք ձեր երեխայի ձեռքերը և ասեք. «Պատրա՞ստ ես ոտքի կանգնել: Գնացի՛նք»: Հաշվեք մինչև երեքը՝ ձեր բալիկին զգուշությամբ բարձրացնելով կանգնած դիրքի: Երբ ձեր երեխան պատրաստ է, փորձեք կրկին նստած դիրքերը: Նման դեպքերում պահեք ձեր երեխային կամ օգտագործեք բարձեր՝ նրա նոր դիրքին աջակցելու համար:
- Առաջարկեք պարզ խաղալիքներ. այս տարիքի երեխաները հաճախ հաճույք են ստանում գույնզգույն խաղալիքներից, հատկապես նրանցից, որոնք ձայներ են արձակում: Փորձեք երաժշտական խաղալիք, հայելի, բռնակով չխկչխկան, զնգլիկ և այլն։ Ձեր երեխայի ուշադրությունը կենտրոնացնելուն օգնելու համար միաժամանակ դրեք միայն մեկ կամ երկու խաղալիք: Խաղալիքներից մեկը մի փոքր հեռու դրեք՝ երեխային խրախուսելու, որ ձգվր և սողա: Ձեր երեխայի գլխի հետևում թափահարեք չխկչխկան, որ նա կարողանա շրջվել և բռնել այն: Երեխաները նաև կարող են սիրել հայելու մեջ հետևել իրենց շարժումներին:
- Կարդացեք ձեր երեխայի համար. նրա համար կարդալն օգնում է խոսքի և մտքի զարգացմանը: Երեխաների մեծամասնությունը «կընկղմվի» ձեր խոսքերի մեջ և նույնիսկ կարող է նմանակել ձեր հնչյունները: Սկսեք գրքերից, որոնք ունեն մեծ, վառ գունավոր նկարներ: Նկարագրեք, թե ինչ է ցուցադրվում յուրաքանչյուր էջում: Ցույց տվեք և անվանեք պարզ առարկաները: Դուք կարող եք սա դարձնել ձեր առօրյայի մի մասը՝ նախքան ձեր բալիկին քնեցնելը:
- Խաղացեք սիրելի խաղերը. ծածկեք ձեր դեմքը ձեր ձեռքերով, ապա հեռացրեք ձեր ձեռքերը և ասեք. «Հոպա, ես տեսնում եմ քեզ»: Խաղացեք այլ պարզ խաղեր: Օրինակ՝ հարցրեք՝ «ո՞ւր են քո մատները», այնուհետև դիպչեք նրա մատներին և ասեք՝ «ահա՛ քո մատները»: Թաքցրեք ձեր երեխայի խաղալիքներից մեկը վերմակի անկյունով և խրախուսեք ձեր երեխային գտնել այն:
- Ժամանակ հատկացրեք գրկախառնվելու համար. հավասարակշռեք նոր իրադարձությունները հանգստի ժամանակով: Նուրբ շոյանքներն ու քնքուշ համբույրները կարող են օգնել ձեր երեխային իրեն անվտանգ, ապահով և սիրված զգալ: Երբ գրկում կամ օրորում եք ձեր երեխային, ցածրաձայն խոսեք կամ հանգստացնող երգեր երգեք:
- Սկսեք ծանոթանալ ձեր երեխայի անհատականությանը. սկսեք նկատել, թե ինչպես է ձեր երեխան արձագանքում նոր խաղալիքներին, մարդկանց կամ իրավիճակներին: Ձեր երեխայի վարքագծի ոճը պարզելը, որը կոչվում է խառնվածք, կօգնի երկուսիդ էլ, որ ավելի քիչ սթրեսի ենթարկվեք:
Երբ ինչ-որ բան այն չէ
Ձեր նորածին երեխան կարող է ժամանակից շուտ հասնել զարգացման որոշ նշակետերի կամ հետ մնալ մյուսներից: Սա սովորական է: Բայց լավ գաղափար է իմանալ որևէ խնդրի նշանների կամ ախտանիշների մասին:
Խորհրդակցեք ձեր երեխայի բժշկի հետ, եթե մտահոգված եք ձեր երեխայի զարգացման կամ ձեր երեխայի համար: Օրինակ՝
- երեխան ունի խիստ կարկամված կամ ձիգ մկաններ:
- հակառակը, նրա մկանները խիստ թույլ են թվում
- առարկաներին հասնում է միայն մեկ ձեռքով
- գլխի պահման և վերահսկման որևէ բարելավում չի ցուցաբերում
- չի արձագանքում հնչյուններին, օրինակ՝ ուժեղ հանկարծակի բարձր ձայներին
- ձի ձգտում հասնել առարկաներին և չի մոտեցնում դրանքի բերանին
- չի փորձում շրջվել կամ պառկած վիճակում պտտվել
- ունի աչք կամ աչքեր, որոնք անընդհատ շրջվում են դեպի ներս կամ դուրս
- չի թոթովում
- կարծես հաճույք չի ստանում մարդկանց շրջապատում կամ ինքնաբուխ չի ժպտում:
Վստահեք ձեր բնազդներին: Որքան շուտ հայտնաբերվի խնդիրը, այնքան շուտ հնարավոր կլինի այն բուժել: Սակայն, ամեն ինչից անկախ, ուրախացեք ձեր երեխայի բացահայտումներով և կարողություններով:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2024
Վերջին վերանայում՝ 02-05-2024