Յոդի անբավարարությունը վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների հիմնական պատճառն է։
Հղի կնոջ մոտ յոդի լուրջ պակասը կարող է առաջացնել նաև ապագա երեխայի մոտ գլխուղեղի կայուն վնասում և ինտելեկտուալ ունակությունների թուլացում։ Մարդկանց մեծ մասը բավարար քանակով յոդ ստանում է մթերքներով և յոդացված կերակրի աղի հավելումներով։ Սակայն, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ կանայք սովորաբար կարիք ունեն ստանալու յոդի հավելումներ։
Ի՞նչ է յոդի դեֆիցիտը
Յոդի դեֆիցիտը օրգանիզմում յոդի անբավարարությունն է։
Յոդը միներալ է, որը բնության մեջ հայտնաբերվում է ծովի ջրում և հողի մեջ։ Օրգանիզմը յոդի կարիք ունի, որ վահանաձև գեղձն արտադրի թիրոօքսին հորմոնը (Т4)։ Վահանաձև գեղձի առողջ գործունեության և ձեր նյութափոխանակության նորմալ ընթացքի համար դուք պետք է ստանաք յոդի ճիշտ քանակներ։
Իմացե՛ք յոդի օրական անհրաժեշտ քանակների մասին ավելի մանրակրկիտ տեղեկատվություն։
Ի՞նչ խնդիրներ կարող է պատճառել յոդի պակասը
Ցանկացած մարդու մոտ յոդի անբավարարությունը կարող է առաջացնել՝
- խպիպ (զոբ)՝ պարանոցի վրա վահանաձև գեղձի տեսանելի մեծացում
- հիպոթիրեոզ՝ վահանաձև գեղձի թերգործունեություն, մասնավորապես, թիրոքսին հորմոնի թերարտադրություն, որն իր հերթին կարող է առաջացնել՝
- մշտական հոգնածության զգացում
- անսպասելի քաշի ավելացում
- ուսման և հիշողության հետ կապված խնդիրներ
- փորկապություն
- սրտազարկի թուլացում և դանդաղում
- մաշկի չորություն։
Եթե պտուղը կամ երեխան ունեն յոդի խիստ դեֆիցիտ, կարող է առաջանալ նորմալ աճի ու զարգացման տարբեր խնդիրներ, այդ թվում՝
- գլխուղեղի վնասում
- ինտելեկտուալ անունակություն, այդ թվում՝ կրետինիզմի ամենածանր տեսակը
- ցածր IQ
- աճի հապաղում։
Կանանց մոտ յոդի պակասը կարող է առաջացնել՝
- պղտաբերության հետ կապված խնդիրներ
- հղիության հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ վիժում, մեռելածնություն և պտղի մոտ գլխուղեղի և նյարդերի վնասում։
Ովքե՞ր են համարվում յոդի դեֆիցիտի նկատմամբ ռիսկային
Յոդի պակաս կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, սակայն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում հետևյալ խմբերը՝
- հղի կանայք
- կրծքով կերակրող մայրեր
- պտուղ (չծնված երեխա)
- նորածին երեխաներ։
Աշխարհագրական որոշ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հայաստանում, հողը յոդով աղքատ է, ուստի այս շրջանների մշտական բնակիչները նույնպես յոդի դեֆիցիտի ռիսկային խմբում են։ Տվյալ խնդրի լուծումներից մեկը պարտադիր յոդացված հավելումներով հացի արտադրությունն է և յոդացված աղի օգտագործումը։
Ինչպե՞ս է ախտորոշվում յոդի դեֆիցիտը
Բժիշկը ձեզ լսելուց և զննելուց հետո կարող է առաջարկել արյան մեջ թիրեոտրոպ հորմոնի (TSH) թեստ։ Եթե այս հորմոնի մակարդակը շեղված է, ձեզ կարող են խորհուրդ տալ լրացուցիչ հետազոտություններ, ինչպես նաև ուղեգրել ներզատաբանի (էնդոկրինոլոգ) խորհրդատվության։
Կան երկրներ (օրինակ՝ Ավստրալիա), որտեղ նորածիններին զանգվածաբար կատարում են արյան TSH-ի թեստ, որպեսզի հայտնաբերեն թերակտիվ վահանաձև գեղձի դեպքերը։ Վերջինս կարող է վկայել յոդի պակասի կամ այլ պատճառների մասին։
Ինչպե՞ս է բուժվում յոդի դեֆիցիտը
Սովորաբար յոդի պակասը լրացվում է՝ սննդակարգում ավելացվելով յոդ պարունակող մթերքներ, օգտագործելով յոդացված աղ և խմելով յոդի հավելումներ։ Ծանր դեպքերում կարող է նշանակվել լրացուցիչ բուժում։ Զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ:
Ինչպե՞ս կանխարգելել յոդի դեֆիցիտը
Օգտագործեք յոդացված աղ և ձեր սննդակարգում ներառեք յոդով հարուստ սննդամթերքներ։
Յոդով հարուստ են հատկապես ծովամթերքները․ բազմաթիվ մարդկանց համար շաբաթական 2-3 անգամ այսպիսի մթերքով սնվելը բավարար է։ Կան նաև յոդ պարունակող կենդանական մթերքներ, օրինակ՝ միս, ձու և կաթ։ Յոդով հարուստ է նաև ծովային ջրիմուռը։
Ժամանակակից ուղեցույցներով հղիանալու ցանկություն ունեցող, հղի և կերակրող բոլոր կանանց խորհուրդ է տրվում ստանալ յոդի օրական հավելում։
Յոդի ավելցուկը նույնպես կարող է զարգացնել վահանաձև գեղձի խնդիրներ, ուստի մի՛ փորձեք գերազանցել յոդի խորհուրդ տրվող չափերը։
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024