Բժիշկները սովորաբար երկաթի ցածր մակարդակի բուժումը կազմակերպում են երկու ուղղությամբ՝ պատճառի հայտնաբերում ու բուժում և երկաթի պակասի լրացում։
Երկաթի դեֆիցիտի պատճառի հայտնաբերում և բուժում
Եթե ձեզ մոտ հայտնաբերվել է երկաթի դեֆիցիտ, բժիշկը կարող է առաջարկել տարբեր հետազոտություններ, որ հայտնաբերի դեֆիցիտի պատճառը։ Ընդ որում, ոչ ակնհայտ և հայտնաբերման ենթակա պատճառը կարող է լինել որևէ լուրջ հիվանդություն, որը սկսել է դրսևորվել երկաթի մակարդակի նվազեցմամբ։
Երբ հաստատվի երկաթի դեֆիցիտի պատճառը, բժիշկը ձեզ կառաջարկի ձեր վիճակին առավել համապատասխանող բուժման տարբերակը։
Կարևոր է, որ ձեր բժշկին հանդիպեք և այս թեմայի շուրջ զրուցեք մինչև երկաթի որևէ տեսակի հավելում ընդունելը, քանի որ բուժման արդյունավետությունը կախված է նաև պատրաստուկի տեսակից և դեղաչափից։
Երկաթի դեֆիցիտի լրացում
Եթե դուք ունեք արյան շիճուկի երկաթի ցածր մակարդակ, ապա անհրաժեշտություն է առաջանում այս ցուցանիշը հասցնել նորմալ թվերի։
Սա կարող է իրականացվել տարբեր մոտեցումներով։ Ըստ իրավիճակի, բժիշկը կարող է ձեզ առաջարկել՝
- սննդակարգում ավելացնել երկաթով հարուստ մթերքները
- սննդակարգում ավելացնել վիտամին C պարունակող մթերքները (որն օգնում է բարակ աղիներում երկաթի ներծծմանը)
- սահմանափակել այնպիսի մթերքների կամ ըմպելիքների օգտագործումը, որոնք կարող են արգելակել աղիներում երկաթի ներծծումը (օրինակ՝ կալցիում, բջջանք, թեյ, սուրճ և գինի)
- խմել երկաթի պատրաստուկներ կամ երկաթի հավելումներով հեղուկներ
- ստանալ ներերակային երկաթի պատրաստուկներ կամ անցնել արյան փոխներարկման միջամտություն (միայն ծայրահեղ դեպքերում)։
Եթե սկսել եք ընդունել երկաթի պատրաստուկներ կամ հավելումներ, ապա պետք է շարունակեք ձեր բուժումն առնվազն մի քանի ամիս կամ, հավանաբար, ավելի երկար։
Երկաթի պատրաստուկները ձեր կղանքը դարձնում են սև և կարող են առաջացնել փորկապություն, ուստի ճշտեք բժշկից, թե ինչպես կարող եք փափկացնել ձեր աղիների պարունակությունը։
Իմացե՛ք ավելին երկաթ-դեֆիցիտային անեմիայի բուժման մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2019
Վերջին վերանայում՝ 28-04-2024