Գրադարան
Երկաթի դեֆիցիտ (պակաս)
3 րոպե
Երկաթի պակասը տարածված վիճակ է, որն առաջին հերթին կապված է անեմիաների հետ:
Երկաթը համարվում է մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անփոխարինելի միներալ (տարր), որի չափից դուրս ցածր քանակները կարող են բերել երկաթ-դեֆիցիտային սակավարյունության (անեմիա):
Մարդկանց օրգանիզմում երկաթի մակարդակը կարող է նվազել տարբեր պատճառներով, ուստի շատ կարևոր է, որ ժամանակին հայտնաբերվի այս տարրի քչացման բուն պատճառը, որից հետո միայն երկաթի պակասի բուժումը հնարավոր կլինի զուգակցել պատճառի բուժման հետ:
Եթե կարծում եք, որ ձեր օրգանիզմում երկաթի մակարդակը ցածր է, դիմեք ձեր բժշկին: Երկաթի պակասը հաստատող միակ միջոցը արյան թեստն է: Եթե արյան թեստով պարզվում է, որ ձեզ մոտ առկա է երկաթի պակաս, կարևոր է, որ հայտնաբերվի պատճառը:
Ի՞նչ է երկաթի դեֆիցիտը
Երկաթն անփոխարինելի տարր է: Նորմալ գործելու համար մեր բոլոր բջիջները երկաթի մշտական պահանջարկ ունեն: Մարդու օրգանիզմում երկաթ չի արտադրվում, ուստի մենք բոլորս էլ կարիք ունենք այն ստանալու արտաքին միջավայրից՝ սննդով:
Երբ օրգանիզմում չկան երկաթի բավարար պաշարներ, զարգանում է երկաթի պակաս:
Երկաթի գլխավոր դերակատարությունը կապված է արյան կարմիր գնդիկների՝ էրիթրոցիտների հետ, որի երկաթ պարունակող հեմոգլոբին սպիտակուցը իրականացնում է թթվածնի տեղափոխումը թոքերից դեպի մյուս բոլոր օրգանները և հյուսվածքները:
Որո՞նք են երկաթի դեֆիցիտի պատճառները
Երկաթի պակասը կարող է պատճառվել հետևյալ հիվանդություններով և վիճակներով:
- Արյան կորուստ. արյունահոսությամբ կորցնելով արյան կարմիր գնդիկները (էրիթրոցիտներ) և հեմոգլոբինը, օրգանիզմում հյուծվում է նաև երկաթի պաշարը: Ընդ որում, նշանակություն ունեն ինչպես արյան սուր, այնպես էլ քրոնիկ կորուստները: Արյան կորստի բերող պատճառներից են՝ կանանց մոտ առատ դաշտանը, արյունահոսող խոցերը (այդ թվում՝ պեպտիկ և ասպիրինային), արյունահոսող աղիքային պոլիպները, քաղցկեղները և այլն:
- Սննդակարգում երկաթի պակաս. օրգանիզմի համար երկաթի միակ աղբյուրը սնունդն է, ուստի տևականթերսնուցումը կամ սննդակարգում երկաթի պակասը բերում է օրգանիզմում երկաթի անբավարարության: Երկաթով հարուստ սննդատեսակներից են՝ միս, ձու, կանաչ տերևավոր բանջարեղեններ, երկաթով հարստացված սննդատեսակներ և այլն:
- Աղիներում երկաթի ներծծման թուլացում. երկաթը սննդից դեպի մեր արյան հուն ներծծվում է բարակ աղիներում, ուստի բարակաղիքային խնդիրների ժամանակ կարող է զարգանալ երկաթի պակաս: Օրինակներից են՝ ցելիական, աղիների մի մասի վիրահատական հեռացումը (մասնահատում) և այլն:
- Հղիություն. առանց երկաթային հավելումների, բազմաթիվ հղիների մոտ կարող է զարգանալ երկաթ-դեֆիցիտային անեմիա:
Որո՞նք են երկաթի դեֆիցիտի ախտանիշները
Եթե ձեզ մոտ զարգացել է երկաթի պակաս, դուք կարող եք զգալ ընդհանուր թուլություն, հոգնածություն և աշխատունակության անկում: Ձեզ դժվար է լինում կենտրոնացնել ուշադրությունը և, ընդհանուր առմամբ, որևէ գործ ձեռնարկել և կատարել:
Եթե երկաթի մակարդակը խիստ կրճատվում է, դուք դառնում եք անեմիկ, որն ուղեկցվում է հետևյալ նշաններով՝
- խիստ արտահայտված թուլություն
- օդի պակասի զգացում և հևոց
- գունատություն և վերջույթների սառնություն
- սրտի զարկերի հաճախացում կամ անկանոնություն (կամ երկուսն էլ)
- գլխապտույտ և «աչքերի առաջ սևանալու» զգացում:
Երկաթի քրոնիկ անբավարարությունը բերում է նաև եղունգների փխրունության, գլխացավերի, լեզվի բորբոքման և ցավերի, ախորժակի անկման և այլն:
Ովքե՞ր են երկաթի դեֆիցիտի ռիսկի խմբում
Որոշ մարդիկ (օրինակ՝ երեխաներ, դեռահասներ, հղի և կրծքով կերակրող կանայք) ավելի շատ երկաթի կարիք ունեն, քան մյուսները:
Երկաթի պակասի նկատմամբ ռիսկի խմբում են նաև դաշտանային տարիքի աղջիկները և կանայք, բուսակերները և հումակերները, կովի կաթով սնվող նորածինները և մշտական ֆիզիկական գերծանրաբեռնվությամբ մարզիկները:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2019 վերանայվել է՝ 22-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: