Լեյկոզի (լեյկեմիայի) պատճառները մինչև վերջ պարզ չեն, թեև մեծ դեր է հատկացվում գենետիկական և միջավայրային գործոնների զուգակցմանը:
Ինչպե՞ս է լեյկոզը զարգանում
Ըստ ընդունված տեսության լեյկոզը զարգանում է, երբ որոշ արյան բջիջների գենետիկ նյութը կամ ԴՆԹ-ն փոփոխվում է (կոչվում է մուտացիա): Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ այն մաասին, թե ինչ պետք է անի այդ բջիջը: Նորմայում ԴՆԹ-ն բջջին հրահանգում է, որ աճի ըստ սահմանված արագության և մահանա ըստ սահմանված ժամկետի: Լեյկոզի ժամանակ մուտացիաները հրահանգում են արյան բջիջներին, որ շարունակեն աճելը և բաժանվելը:
Նման խանգարում զարգանալիս արյան բջիջների արտադրությունը դառնում է անկառավարելի: Ժամանակի ընթացքում ոսկրածուծում ոչ նորմալ բջիջները խառնվում են առողջ բջիջներին՝ բերելով առողջ արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ), կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) և թիթեղիկների (թրոմբոցիտներ) թվաքանակի քչացման, որն էլ առաջացնում է լեյկոզի ախտանիշները:
Ինչպե՞ս է լեյոկզը դասակարգվում
Բժիշկները լեյկոզը դասակարգում են ըստ զարգացման արագության և ախտահարված բջիջների տեսակի:
Դասակարգման առաջին տեսակը հիմնված է լեյկոզի զարգացման արագության վրա:
- Սուր լեյկոզ. սուր լեյկոզի ժամանակ ախտաբանական արյան բջիջների հիմնական զանգվածը ոչ հասուն արյան բջիջներ են՝ սաղմնաբջիջներ (բլաստներ): Բլաստները նորմալ չեն գործում և արագորեն բազմանում են, ուստի հիվանդությունը սկսվում ու զարգանում է արագորեն: Սուր լեյկոզը պահանջում է ագրեսիվ և ժամանակին բուժում:
- Քրոնիկ լեյկոզ. կան քրոնիկ լեյկոզի բազմաթիվ տեսակներ: Որոշ դեպքերում առաջանում են խիստ բազմաթիվ, մյուս դեպքերում՝ խիստ սակավաթիվ բջիջներ: Քրոնիկ լեյկոզը ներառում է ավելի հասուն արյան բջիջներ, որովհետև ախտաբանական բջիջների մեծ մասը հասցնում է հասունանալ և տարբերակվել: Այս բջիջները բազանում կամ կուտակվում են ավելի դանդաղորեն և որոշ ժամանակ կարող են նորմալ գործել: Քրոնիկ լեյկոզի որոշ ձևերի դեպքում վաղ ախտանիշները կարող են բացակայել, և հիվանդությունը մնա չախտորոշված երկար տարիների ընթացքում:
Դասակարգման երկրորդ տեսակը հիմնված է ախտահարված արյան սպիտակ բջիջների տեսակի վրա:
- Լիմֆոցիտար լեյկոզ. լեյկոզի այս տեսակն ախտահարում է լիմֆոիդ բջիջները (լիմֆոցիտներ): Լիմֆատիկ հյուսվածքը կազմավորում է իմունային համակարգը:
- Միելոգեն լեյկոզ. լեյկոզի այս տեսակն ախտահարում է միելոիդ (ոսկրածուծի) բջիջները: Միելոիդ բջիջներից առաջանում են արյան կարմիր բջիջները, արյան սպիտակ բջիջները և թիթեղիկներ (թրոմբոցիտներ) արտադրող բջիջները:
Լեյկոզի տեսակները
Լեյկոզի հիմնական տեսակները ներակայացված են ստորև:
Տարբերում են լեյկոզի չորս հիմնական տեսակներ, որոնք անվանվում են ըստ ախտահարված բջիջների տեսակի և ըստ քաղցկեղային բջիջների զարգացման արագության։
- Սուր լիմֆոցիտար լեյկոզ (ՍԼԼ). ՍԼԼ-ն նաև կոչվում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ: ՍԼԼ-ն մանկահասակ երեխաների շրջանում լեյոկզի ամենատարածված տեսակն է։ ՍԼԼ-ն նաև կարող է զարգանալ չափահասների շրջանում։
- Սուր միելոգեն լեյկոզ (ՍՄԼ). ՍՄԼ-ն նաև կոչվում է սուր միելոիդային, միելոցիտային կամ գրանուլոցիտային լեյկոզ։ ՍՄԼ-ն լեյկոզի տարածված տեսակներից է, որը հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ չափահասների շրջանում: ՍՄԼ-ն չափահասների շրջանում սուր լեյկոզի ամենատարածված տեսակն է:
- Քրոնիկ լիմֆոցիտար լեյկոզ (ՔԼԼ). ՔԼԼ-ն չափահասների շրջանում ամենատարածված քրոնիկ լեյկոզն է, որը սովորաբար տարիներ շարունակ ինքնազգացողության վրա չի ազդում և բուժման կարիք չի ունենում:
- Քրոնիկ միելոգեն լեյկոզ (ՔՄԼ). լեյկոզի այս տեսակը հինականում ախտահարում է մեծ տարիքով չափահասներին: ՔՄԼ-ով անձը կարող է ամիսներ և տարիներ որևէ գանգատ չնշել, քանի դեռ ախտահարված բջիջները չեն սկսում ավելի արագորեն աճել:
- Այլ տեսակներ. կան նաև լեյկոզի այլ, հազվադեպ տեսակներ, այդ թվում՝ մազաբջջային լեյկոզ, միելոդիսպլաստիկ համախտանիշներ, միելոպրոլիֆերատիվ խանգարումներ և այլն:
Ռիսկի գործոններ
Լեյկոզի պատճառները մնում են անորոշ, սակայն հայտնի է, որ կան հիվանդության զարգացման ռիսկը բարձրացնող գործոններ։
- Քաղցկեղի բուժման պատմություն. քաղցկեղի այլ տեսակների կապակցությամբ քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա ստացած մարդկանց մոտ բարձրանում է լեյկոզի որոշ տեսակների զարգացման ռիսկը:
- Գենետիկ խանգարումներ. գենետիկ շեղումներն ամենայն հավանականությամբ նպաստում են լեյկոզի զարգացմանը: Որոշ գենետիկ խանգարումները, օրինակ՝ Դաունի համախտանիշը կապված են լեյկոզի բարձրացած ռիսկի հետ:
- Որոշ քիմիական նյութերի ազդեցություն. տարբեր քիմիական նյութերը, օրինակ՝ բենզինը և քիմիական արտադրության մեջ օգտագործվող միացությունները կապված են լեյկոզի որոշ տեսակների զարգացման ռիսկի բարձրացման հետ:
- Ծխախոտի օգտագործում. ծխախոտը բարձրացնում է սուր միելոգեն լեյկոզի ռիսկը:
- Լեյկոզի ընտանեկան պատմություն (անամնեզ). եթե ընտանիքի անդամներից մեկնումեկի մոտ ախտորոշվել է լեյկոզ, ձեզ մոտ նույն հիվանդության զարգացման ռիսկը բարձրանում է:
Այնուամենայնիվ, հայտնի ռիսկի գործոններին ենթարկվող մարդկանց մեծ մասի մոտ լեյկոզ չի զարգանում, իսկ լեյկոզով բազմաթիվ մարդիկ չեն ունեցել այս ռիսկի գործոններից որևէ մեկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024