Բժիիշները կարող են մինչև ախտանիշների սկսվելը հայտնաբերել քրոնիկ լեյկոզը կամ լեյկեմիան սովորական արյան թեստով:
Երբ նման իրավիճակում բժիշկը կասկածում է լեյկոզ կամ ունեք հիվանդության ախտանիշներ, ձեր բժիշկը կարող է առաջարկել տարբեր ախտորոշիչ հետազոտություններ:
- Անամնեզ և արտաքին զննում. բժիշկը կարող է հարցեր տալ և զննման միջոցով հայտնաբերել լեյկոզի արտաքին նշաններ, օրինակ՝ անեմիայի առաջացրած մաշկի գունատություն, ավշային հանգույցների այտուցվածություն, լյարդի և փայծաղի մեծացում (հեպատոմեգալիա և սպլենոմեգալիա) և այլն: Այնուամենայնիվ, լեյոզի ախտանիշների մեծ մասն ընդհանուր բնույթի է և նաև կարող է հանդես գալ մի շարք այլ հիվանդությունների ժամանակ։
- Արյան թեստեր. արյան ընդհանուր հետազոտությունը արյան բջիջների (ձևավոր տարրեր) և լեյկոցիտների առանձին տեսակների թվաքանակի հաշվարկն է, որը թույլ է տալիս հայտնաբերել, թե արդյոք ունեք արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ), սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) և թիթեղիկների (թրոմբոցիտներ) ախտաբանական շեղված մակարդակներ, որը կարող է վկայել լեյկոզի մասին: Արյան թեստը նաև կարող է հայտնաբերել լեյկեմիկ բջիջների առկայություն, թեև լեյկոզի ոչ բոլոր տեսակների դեպքում են շրջանառող արյան մեջ հայտնաբերվում ախտաբանական բջիջներ: Երբեմն լեյկեմիայի բջիջները մնում են ոսկրածուծում:
- Ոսկրածուծի թեստեր. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ բարակ ասեղով կոնքոսկրից ոսկրածուծի նմուշի բիոպսիա: Լաբորատորիայում բիոպսիոն կենսանմուշում փորձում են գտնել լեյկոզի բջիջներ: Կան նաև այս բջիջների հատուկ թեստեր, որոնց արդյունքներն օգնում են բուժման տարբերակը որոշելիս:
Լեյկոզի փուլի որոշում
Լեյկոզի փուլերը նկարագրում են, թե ինչ աստիճանով է հիվանդությունն ազդել տարբեր օրգան-համակարգերի գործունեության վրա։ Բժիշկը կարող է նշանակել կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ գոտկային պունկցիա, որ գնահատի լեյկոզի տարածման չափը։ Բժիշկը նաև կարող է առաջարկել նաև արյան քրոմոսոմային հետազոտություն։
- Սուր լիմֆոբլաստիկ և սուր միելոիդային լեյկոզի ժամանակ տարբերում են չբուժված, մեղմացման (ռեմիսիա) և սրացման (վերադարձի) շրջաններ։
- Քրոնիկ միելոիդային լեյկոզի դեպքում առանձնացնում են հիվանդության զարգացման 5 փուլ՝ 0-ից մինչև IV։ Հիվանդության ընթացքը կարող է նկարագրվել նաև ըստ շրջանների՝ «քրոնիկ» (երբ բլաստները բացակայում են), «արագացված» (երբ լեյկոզի զարգացումը հանկարծակի փոփոխվում է) և «բլաստային» (երբ առաջանում են մեծ թվով երիտասարդ արյան բջիջներ, որոնք վատթարացնում են հիվանդության ախտանիշները)։
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024