Կախված լեյկոզի (լեյկեմիայի) տեսակից, կարող են զարգանալ ամենատարբեր ախտանիշներ:
Լեյկոզի ախտանիշները կախված են ախտահարված արյան սպիտակ բջիջների թվից և այն հանգամանքից, թե որտեղ են դրանք կուտակվում: Ի տարբերություն սուր լեյկոզի, քրոնիկ ընթացքի ժամանակ վաղ ախտանիշները կարող են բացակայել, իսկ հիվանդությունը հայտնաբերվի պատահականորեն արյան ընդհանուր քննությամբ:
Հիմնական ախտանիշներ
Լեյկոզի ամենատարածված ախտանիշներից են՝
- մշտական հոգնածության զգացում և թուլություն
- անեմիայի նշաններ՝ գունատություն, թուլություն, հևոց
- հաճախակի կամ ծանր վարակներ, օրինակ՝ ստոմատիտներ, վերքերի և քերծվածքների թարախակալում
- հեշտ արյունահոսում (օրինակ՝ քթային արյունահոսություններ) կամ արյունազեղումներ (կապտուկներ)
- առատ քրտնարտադրություն, հատկապես գիշերային ժամերին
- չնախատեսված քաշի կորուստ:
Այլ ախտանիշներ
Լեյկոզի ավելի հազվադեպ հանդիպող ախտանիշներից են՝
- դող կամ սարսուռ
- ոսկրային ցավ
- ետկրծոսկրային ցավեր
- կետային (պետեխիալ) ցանավորում
- գլխացավեր կամ տեսողության խնդիրներ
- փսխումներ
- փայծաղի կամ ավշային գեղձերի մեծացում:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե ունեք որևէ մշտական անհանգստացնող գանգատ կամ ախտանիշ:
Լեյկոզի ախտանիշները հաճախ անորոշ և ոչ առանձնահատուկ են: Լեյկոզի վաղ նշանները կարող են նմանվել ընդհանուր մրսածության կամ այլ տարածված հիվանդությունների ախտանիշներին:
Երբեմն լեյկոզը հայտնաբերվում է այլ առիթով կատարված արյան թեստի միջոցով:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024