Լյարդի գործունեության թեստերը սովորաբար արյան թեստեր են որոնք տեղեկատվություն են տրամադրում այն մասին, թե ինչպես է գործում լյարդը:
Այս թեստերն այլ կերպ անվանվում են լյարդային թեստեր, լյարդային պրոֆիլ կամ լյարդային պանել, իսկ անցյալում նաև՝ լյարդային պրոբաներ:
Լյարդի գործունեության թեստերով չափվում են մի շարք սպիտակուցների և ֆերմենտների (էնզիմներ) մակարդակները, որոնք կամ արտադրվում են լյարդի բջիջների (հեպատոցիտներ) կողմից կամ հայտնվում են արյան մեջ, երբ լյարդի բջիջներն ախտահարված կամ վնասված են:
Ի՞նչն են հետազոտում
Լյարդը ձեր օրգանիզմի ամենամեծ մարսողական գեղձն է, որը գտնվում է որովայնի վերջին աջ շրջանում։ Այն իրականացնում է ավելի քան 500 գործառույթ, որոնցից են՝ ալկոհոլի և թմրամիջոցների տրոհում, թունավոր քիմիական նյութերի զտում, վիտամինների և միներալների պահպանում, լեղու, սպիտակուցների և ֆերմենտների արտադրություն:
Լյարդային թեստերի ժամանակ չափում են արյան մեջ սպիտակուցների, ֆերմենտների և այլ սուբստրատների մակարդակները: Դրանք կարող են ցույց տալ, թե արդյոք ձեր լյարդը նորմալ է գործում, թե առկա է լյարդի բջիջների վնասում կամ լյարդով արյան հոսքի խանգարում:
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Բժիշկները հաճախ այս հետազոտությունները նշանակում են այն մարդկանց, ովքեր՝
- ունեն լյարդի հիվանդություն կամ վնասում
- վարակված են կամ գուցե վարակված են վիրուսային հեպատիտով
- չարաշահում են ալկոհոլ
- ունեն լյարդի հիվանդության վերաբերյալ ընտանեկան պատմություն
- օգտագործում են թմրամիջոցներ, որոնք կարող են վնասել լյարդը:
Բժիշկը կարող է ձեզ նշանակել լյարդային թեստեր, եթե ունեք՝
- դեղնուկ
- մուգ մեզ
- ընդհանուր թուլություն կամ հոգնածության զգացում
- ախորժակի անկում
- սրտխառնոց կամ փսխում
- որովայնային ցավ կամ ասցիտ (հեղուկի կուտակում որովայնում)
- անբացատրելի մաշկային քոր:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս թեստին
Եթե ձեր բժիշկը որևէ կոնկրետ ցուցում չի տվել, ապա որևէ նախապատրաստություն պետք չէ:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Լյարդային թեստերից յուրաքանչյուրը ձեր լյարդի գործունեության վերաբերյալ տրամադրում է առանձնահատուկ տեղեկատվություն։ Լաբորատոր թեստի արդյունքները չեն կարող հաստատել որևէ առանձին հիվանդության առկայությունը, սակայն դրանց համալիր արդյունքները կարող են վկայել լյարդային հիվանդության կամ վնասման առանձնահատկությունների մասին:
Եթե ձեր լյարդի գործունեության թեստերը նորմայից շեղված են, ձեր բժիշկը նաև կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ, որ հայտնաբերի լյարդային հիվանդության կամ վնասման պատճառը:
Որոշ թեստեր կարող են փոփոխվել նաև արտալյարդային պատճառներից, օրինակ՝ ոսկրային և այլ հիվանդություններ։ Հնարավոր է նաև, որ այդ թեստերը նորմայից թեթև շեղվեն առանց որևէ առողջական խնդրի: Ուստի, բոլոր դեպքերում, կարևոր է, որ ձեր բժշկի հետ քննարկեք հետազոտության արդյունքները:
Լրացուցիչ տեղեկատվություն
Լյարդի գործունեության թեստերի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որպեսզի իմանաք լյարդային թեստերի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ:
Արյան թեստերի մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024