Առողջական խնդիրներ
Նյարդային խզում․ ինքնօգնություն

2 րոպե
Նյարդային խզումից հետո ձեր լիրաժեք վերականգնումը հնարավոր է, որը կարող եք ավելի հեշտացնել՝ հետևելով մի շարք խորհուրդների։
Նյարդային խզումն իրականում բժշկական տերմին չէ։ Մարդիկ օգտագործում են այս արտահայտությունը, որպեսզի նկարագրեն ինչ-որ մեկին, ով չի կարողանում դիմակայել հոգեկան առողջության սուր խնդիրները կամ խիստ սթրեսը։
Կախված իրավիճակից, ախտորոշումից և ձեր ցանկությունից, նյարդային խզման բժշկական օգնությունը կարող է ներառել դեղեր և հոգեթերապիա։ Ձեզ կարող է առաջարկվել սթրեսի և տագնապի հաղթահարմանն օգնող ապրելակերպի պարզ փոփոխություններ։ Խորհրդատուն կարող է առաջարկել նաև սննդակարգի որոշ շտկումներ, ֆիզիկական վարժանքներ և առողջ քնի սովորույթների հմտություններ։
Առողջ սննդակարգը կարող է բարելավել ձեր ներուժը և կանխարգելել ընդհանուր թուլությունն ու անսովոր հոգնածությունը, բարելավել քունը և օգնել հիվանդությունների կանխարգելմանը։ Դուք կարող եք նաև սահմանափակել կամ ժամանակավորապես խուսափել խթանող ազդեցությամբ սննդատեսակներից, օրինակ՝ կոֆեին պարունակող մթերքներից (կարող են նպաստել անհանգստության զգացմանը և խանգարել քունը)։
Ֆիզիկական վարժանքներն իրենց հերթին կարող են օգնել կարճատև կամ երկարատև հիվանդությունների առաջացման կանխարգելմանը։ Վարժանքը կարող է օգտագործվել որպես ինքներդ ձեզ համար ինչ-որ բան անելու միջոց, որը թույլ է տալիս կտրվել այլ գործերից ու դրանց հետ կապված սթրեսներից։ Թիմային մարզաձևերն աջակցում են շփումներին և կարող են նվազեցնել մեկուսացման զգացումները։ Վարժանքները նաև կարգավորում են ձեր տրամադրությունը և բարձրացնում ինքնագնահատականը, իսկ դրանց հետևող ֆիզիկական հոգնածությունը՝ բարելավում քունը։
Դուք կարող եք փորձել նաև ռելաքսացիայի մեթոդներից մեկնումեկը, օրինակ՝ մեդիտացիա կամ շնչառական վարժություններ։ Նման մեթոդները կարող եք կիրառել այն ժամանակ, երբ զգում եք, որ ձեր սթրեսի մակարդակն աճում է։ Իմացե՛ք այդ նշանների մասին, որպեսզի կարողանաք դիմակայել սթրեսը, քանի դեռ այն չի զարգացել և դուրս եկել ձեր վերահսկողությունից։ Ծանոթացեք նաև նյարդային խզման նշաններին ու ախտանիշներին։
Որոշ դեպքերում նյարդային խզումը կարող է վկայել հոգեկան առողջության ավելի լուրջ խնդրի առկայության մասին (տագնապային խանգարումներ կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարում)։ Նման դեպքերում պետք է հնարավորինս վաղ դիմել ձեր բժշկին կամ հոգեկան առողջության ծառայություն։
Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: