Կան բազմաթիվ տարբեր նշաններ, որոնք կարող են վկայել մարդու մոտ նյարդային խզման կամ հոգեկան առողջության կրիզի առկայության մասին:
Թեև նյարդային խզումը բժշկական տերմին չէ, մարդիկ հաճախ օգտագործում են այս արտահայտությունն այն մարդու համար, ով ծանրաբեռնված է հոգեկան առողջության խնդիրներով և այլևս չի կարողանում դիմակայել դրանք:
Նյարդային խզման որոշ նշաններ կապված են մարդու հոգեկան վիճակի և նրա հույզերի կամ անձնային փոփոխությունների հետ: Սակայն, նման վիճակում հաճախ դրսևորվում են նաև ֆիզիկական (մարմնական) նշաններ: Այդ նշանները կախված են նման վիճակի հասցնող պատճառից և տարբեր մարդկանց մոտ կարող են դրսևորվել տարբեր ձևով:
Նյարդային խզում ունեցող մարդկանց մոտ կարող են առաջանալ հետևյալ նշանները՝
- միայնակության զգացում, երբ նրանք հետաքրքրված չեն ընտանեկան կամ ընկերական շփումներով կամ օտարացած են սովորական առօրյա գործերից
- ուշադրության կենտրոնացման անկարողություն, որը կարող է դրսևորվել աշխատանքի վրա կենտրոնանալու դժվարությամբ կամ գործերից հեշտ շեղվելով
- տխրության զգացում կամ մռայլություն, երբ մարդիկ զգում են տրամադրության անկում կամ դեպրեսիա, հուզական այրում, անկառավարելի զայրույթի հուզական պոռթկումներ, վախ, անհուսություն կամ լաց
- ապաանձնավորում (դեպերսոնալիզացիա), երբ նրանք չեն ընկալում իրենք իրենց կամ զգում են միջավայրից ու իրավիճակից կտրված
- ցնորքներ, երբ սթրեսային կամ տրավմատիկ իրադարձության իրական թվացող վերապրումները կապված են հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) հետ
- պարանոիդ զգացումներ, երբ մարդը հավատում է, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն, որ վնաս հասցնի
- ինքնավնասման մտքեր, որի դեպքում անհրաժեշտ է դիմել շտապ կամ անհետաձգելի բուժօգնության:
Նյարդային խզման ֆիզիկական ախտանիշներից են՝
- անքնություն, երբ ձեր մտքերը գերլցված են, դուք կարող եք ունենալ քնելու դժվարություններ կամ քունը կարող է խանգարվել
- հյուծում, երբ քնի խանգարումները կամ տագնապը հյուծում են ձեր ուժերը և դարձնում սովորական գործերն անելու համար անկարող
- հաճախ ի հայտ եկող հիվանդություններ, երբ հոգեկան ու ֆիզիկական հյուծումը ձեզ դարձնում է վարակների նկատմամբ ավելի խոցելի
- գլխացավեր, որոնք կարող են ուղեկցվել գլխապտույտով
- մկանացավեր, որոնք առաջանում են մկանային լարվածության հետևանքով և ավելի հաճախ տեղակայվում ստորին ծնոտի, պարանոցի կամ թիկունքի շրջանում
- աղիների խնդիրներ, այդ թվում՝ ստամոքսի շրջանի ցավեր և աղիների անկանոն գալարակծկանքներ և լուծ
- սրտխփոցի զգացում, որը կարող է ուղեկցվել կրծքավանդակում ճնշման, կոկորդում օտար մարմնի առկայության զգացողություններով կամ հևոցով (խուճապի նոպա)
- գերքրտնություն, որն ուղեկցվում է մարմնով տաք կամ սառը ներհոսով ու ձեռների նյարդային դողով:
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ առկա է նյարդային խզում, կարևոր է, որ այցելեք ձեր բժշկին կամ դիմեք հոգեկան առողջության մասնագետին:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024