Շատ դեպքերում բժիշկները չգիտեն, թե ինչն է առաջացնում ոչ հոջկինյան լիմֆոմա:
Հիվանդությունը սկսվում է այն ժամանակ, երբ ձեր օրգանիզմն արտադրում է չափազանց շատ ոչ նորմալ լիմֆոցիտներ, որոնք արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) տեսակներից մեկն են:
Նորմայում, լիմֆոցիտներն անցնում են կանխատեսելի կյանքի ցիկլ: Ծերացած լիմֆոցիտները մահանում են, և ձեր օրգանիզմն արտադրում է նորերը՝ փոխարինելու նրանց: Ոչ հոջկինյան լիմֆոմայի դեպքում ձեր լիմֆոցիտները նախատեսված բնականոն ժամկետում չեն մահանում, իսկ ձեր օրգանիզմը շարունակում է ստեղծել նորերը: Լիմֆոցիտների այս ավելցուկը կուտակվում է ձեր ավշային հանգույցների մեջ՝ առաջացնելով դրանց այտուցվածություն:
B բջիջներ և T բջիջներ
Ոչ հոջկինյան լիմֆոման առավել հաճախ սկսվում է հետևյալ բջիջներից:
- B բջիջներ. B բջիջները լիմֆոցիտների մի տեսակ են, որոնք պայքարում են վարակի դեմ՝ արտադրելով օտարածին օրգանիզմներին չեզոքացնող հակամարմիններ: Ոչ հոջկինյան լիմֆոմաների մեծ մասն առաջանում է B բջիջներից: Ոչ հոջկինյան լիմֆոմայի ենթատեսակները, որոնք ախտահարում են B բջիջները, ներառում են դիֆուզ խոշոր B-բջջային լիմֆոման, ֆոլիկուլյար լիմֆոման, թիկնոց-բջջային լիմֆոման և Բուրկիտի լիմֆոման:
- T բջիջներ. T բջիջները լիմֆոցիտների մի տեսակ են, որոնք անմիջականորեն մասնակցում են օտարածին օրգանիզմների ոչնչացմանը: Ոչ հոջկինյան լիմֆոման շատ ավելի հազվադեպ է սկսվում T բջիջներից: Ոչ հոջկինյան լիմֆոմայի ենթատեսակները, որոնք ախտահարում են T բջիջները, ներառում են ծայրամասային T-բջջային լիմֆոման և մաշկային T-բջջային լիմֆոման:
Իմանալը, որ ձեր ոչ հոջկինյան լիմֆոման առաջանում է ձեր B բջիջներից կամ T բջիջներից, օգնում է ձեր բուժման ճիշտ տարբերակների ընտրությանը:
Որտեղ է առաջանում ոչ հոջկինյան լիմֆոման
Ոչ հոջկինյան լիմֆոման ընդհանուր առմամբ դրսևորվում է ձեր ավշային հանգույցներում քաղցկեղային լիմֆոցիտների առկայությամբ: Սակայն, հիվանդությունը նաև կարող է տարածվել ձեր ավշային համակարգի այլ շրջաններում՝ ավշային անոթներ, նշագեղձեր, ադենոիդներ, փայծաղ, ուրցագեղձ (թիմուս) և ոսկրածուծ: Երբեմն ոչ հոջկինյան լիմֆոման տարածվում է ձեր ավշային համակարգից դուրս գտնվող օրգանների վրա:
Ռիսկի գործոններ
Ոչ հոջկինյան լիմֆոմա ախտորոշված մարդկանց մեծամասնությունը չունի որևէ ակնհայտ ռիսկի գործոն: Եվ բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն հիվանդության ռիսկի գործոններ, երբեք չեն հիվանդանում լիմֆոմայի այս տեսակով:
Ոչ հոջկինյան լիմֆոմայի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները:
- Դեղամիջոցներ, որոնք ճնշում են ձեր իմունային համակարգը. եթե դուք օրգանի փոխպատվաստում եք անցել և ընդունում եք ձեր իմունային համակարգը վերահսկող դեղամիջոցներ, կարող եք ոչ հոջկինյան լիմֆոմայի ռիսկի բարձրացում ունենալ:
- Որոշակի վիրուսներով և բակտերիաներով վարակվածություն. որոշ վիրուսային և բակտերիալ վարակներ, ըստ երևույթին, մեծացնում են ոչ հոջկինյան լիմֆոմայի ռիսկը: Այս տեսակի քաղցկեղի հետ կապված վիրուսները ներառում են ՄԻԱՎ-ը և Էպշտեյն-Բար վարակը, իսկ բակտերիաները՝ խոց առաջացնող հելիկոբակտեր պիլորին (H. pylori):
- Քիմիական նյութեր. որոշ քիմիական նյութեր, ինչպիսիք են միջատներին և մոլախոտերին ոչնչացնելու համար օգտագործվողները, կարող են մեծացնել ոչ հոջկինյան լիմֆոմայի զարգացման ռիսկը: Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հասկանալու թունաքիմիկատների և ոչ հոջկինյան լիմֆոմայի զարգացման միջև հնարավոր կապը:
- Մեծ տարիք. ոչ հոջկինյան լիմֆոման կարող է զարգանալ ցանկացած տարիքում, սակայն ռիսկը մեծանում է տարիքի հետ: Այն առավել տարածված է 60 տարեկան և ավելի մեծ մարդկանց շրջանում:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024