Skip to main content

Բուժում - Ոչ հոջկինյան լիմֆոմա

Առկա են ոչ հոջկինյան լիմֆոմայի մի քանի բուժումներ:

Այն, թե որ բուժումը կամ բուժման համակցությունը լավագույնս կօգնի ձեզ, կախված կլինի ձեր լիմֆոմայի առանձնահատկություններից, ինչպիսիք են ախտահարված բջիջների տեսակները և ձեր լիմֆոմայի ագերսիվության աստիճանից: Ձեր բժիշկը նաև հաշվի է առնում ձեր ընդհանուր առողջությունը և ձեր նախպատվությունը:

Եթե թվում է, թե ձեր լիմֆոման դանդաղ է աճում (ինդոլենտ) և չի առաջացնում գանգատներ և ախտանիշներ, դուք կարող եք անհապաղ բուժման կարիք չունենալ: Փոխարենը, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կանոնավոր ստուգումներ կատարել մի քանի ամիսը մեկ՝ վերահսկելու ձեր վիճակը և ստուգելու, թե արդյոք ձեր քաղցկեղը չի տարածվում:

Եթե ձեր ոչ հոջկինյան լիմֆոման ագրեսիվ է կամ առաջացնում է գանգատներ և ախտանիշներ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ բուժում: Ընտրանքները կարող են ներառել հետևյալը:

Քիմիոթերապիա

Քիմիաթերապիան դեղորայքային բուժում է, որը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները: Այն կարող է տրվել բերանային (օրալ) կամ ներարկման միջոցով: Քիմիոթերապիայի դեղերը կարող են օգտագործվել միայնակ, այլ քիմիաթերապիայի դեղերի հետ կամ այլ բուժման հետ զուգակցված:

Քիմիոթերապիան ոչ հոջկինյան լիմֆոմայի ընդհանուր նախնական բուժումն է: Դա կարող է նաև տարբերակ լինել, եթե ձեր լիմֆոման կրկնվի ձեր նախնական բուժումներից հետո:

Ոչ հոջկինյան լիմֆոմա ունեցող մարդկանց համար քիմիոթերապիան նաև նշանակվում է որպես ոսկրածուծի փոխպատվաստման մաս, որը նաև հայտնի է որպես ցողունային բջիջների փոխպատվաստում: Քիմիոթերապիայի դեղերի շատ բարձր չափաբաժինները կարող են օգնել ձեր օրգանիզմին՝ նախապատրաստվելու փոխպատվաստմանը:

Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան (ռադիոթերապիա) օգտագործում է հզոր էներգիայի ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար: Ճառագայթային թերապիայի ժամանակ դուք պառկում եք սեղանի վրա, և ձեր շուրջը պտտվում է մեծ մեքենա՝ էներգիայի ճառագայթներն ուղղելով ձեր մարմնի որոշակի կետերի վրա:

Ոչ հոջկինյան լիմֆոմայի որոշ տեսակների դեպքում ճառագայթային թերապիան կարող է լինել միակ բուժումը, որը ձեզ անհրաժեշտ է, հատկապես, եթե ձեր լիմֆոման դանդաղ է աճում և տեղակայված է ընդամենը մեկ կամ երկու կետում: Ավելի հաճախ, ճառագայթումն օգտագործվում է քիմիոթերապիայից հետո՝ ոչնչացնելու այն լիմֆոմային բջիջները, որոնք կարող են մնալ: Ճառագայթումը կարող է ուղղված լինել ախտահարված ավշային հանգույցներին և դրանց մոտակա տարածքին, որտեղ քաղցկեղը կարող է տարածվել:

Թիրախային դեղորայքային թերապիա

Թիրախային դեղորայքային թերապիան կենտրոնանում է քաղցկեղի բջիջներում առկա հատուկ առանձնահատկությունների՝ թույլ կետերի վրա: Արգելափակելով դրանք՝ թիրախային դեղորայքային բուժումները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան:

Ոչ հոջկինյան լիմֆոմայի դեպքում թիրախային դեղամիջոցները կարող են օգտագործվել միայնակ, սակայն հաճախ զուգորդվում են քիմիոթերապիայի հետ: Այս համակցությունը կարող է օգտագործվել որպես ձեր նախնական բուժում և որպես երկրորդ բուժում, եթե ձեր լիմֆոման կրկնվի:

Իմունային բջիջների ինժեներիա՝ լիմֆոմայի դեմ պայքարելու համար

Մասնագիտացված բուժումը, որը կոչվում է քիմերային հակագենի ընկալիչ (CAR)-T բջջային թերապիա, վերցնում է ձեր օրգանիզմի մանրէների դեմ պայքարող T բջիջները, գենային ինժեներիայով դրանք դարձնում քաղցկեղի դեմ պայքարելու համար ունակ և դրանք նորից ներարկում ձեր օրգանիզմ:

CAR-T բջջային թերապիան կարող է տարբերակ լինել B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմայի որոշ տեսակների համար, որոնք չեն արձագանքել այլ բուժմանը:

Ոսկրածուծի փոխպատվաստում

Ոսկրածուծի փոխպատվաստումը, որը նաև հայտնի է որպես ցողունային բջիջների փոխպատվաստում, ներառում է քիմիոթերապիայի և ճառագայթման բարձր չափաբաժիններ՝ ճնշելու ձեր ոսկրածուծը և իմունային համակարգը: Այնուհետև ձեր օրգանիզմից կամ դոնորից ստացված առողջ ոսկրածուծի ցողունային բջիջները ներարկվում են ձեր արյան մեջ, որտեղից դրանք շարժվում են դեպի ձեր ոսկորները և վերականգնում ձեր ոսկրածուծը:

Ոչ հոջկինյան լիմֆոմա ունեցող մարդկանց համար ոսկրածուծի փոխպատվաստումը կարող է տարբերակ լինել, եթե այլ բուժումները չեն օգնել:

Իմունոթերապիա

Իմունոթերապիան օգտագործում է ձեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող վնաս պատճառել ձեր քաղցկեղային բջիջներին, քանի որ վերջիններս արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են նրանց թաքնվելու իմունային համակարգի բջիջներից: Իմունոթերապիան գործում է՝ միջամտելով այդ գործընթացին։

Իմունոթերապիայի դեղամիջոցները կարող են դիտարկվել ոչ հոջկինյան լիմֆոմայի որոշ տեսակների համար, եթե այլ բուժումները չեն օգնել։

Հոդվածը հրապարակվել է՝ 29-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024