Առողջական խնդիրներ
Ոչ հոջկինյան լիմֆոմա

2 րոպե
Ոչ հաջկինյան լիմֆոման (հայտնի է նաև որպես «B-բջջային» կամ «T-բջջային լիմֆոմաներ») ավշային համակարգի քաղցկեղային հիվանդություն է:
Ձեր ավշային համակարգը ներկայացնում է օրգանիզմում սփռված ավշային հանգույցների և անոթների ցանց, որը նաև ձեր իմունային համակարգի բաղկացուցիչ մասն է: Ավշային անոթներով հոսում է ավիշ, որը պարունակում է վարակի դեմ պայքարող լիմֆոցիտներ՝ արյան սպիտակ գնդիկների տեսակներից մեկը:
Լիմֆոմաների ժամանակ լիմֆոցիտները սկսում են ոչ նորմալ արագությամբ բազմանալ և կուտակվել ավիշը զտող հանգույցներում: Ախտահարված լիմֆոցիտները կորցնում են վարակի դեմ պայքարելու իրենց ունակությունը և, հակառակը, մարդուն դարձնում են վարակների նկատմամբ ավելի խոցելի:
Ոչ հոջկինային լիմֆոման հանդիպում է ավելի քան 5 անգամ ավելի հաճախ, քան լիմֆոմայի ավելի բարենպաստ ելք ունեցող Հոջկինի լիմֆոման:
Ոչ հոջկինային լիմֆոմայի զարգացմանը նպաստող ռիսկի գործոններն են՝ իմունիտետի ընկճում (ՄԻԱՎ/ՁԻԱՀ կամ դեղեր) կամ աուտոիմուն հիվանդություններ, Helicobacter pylori վարակ, հեպատիտ C, գիրություն և Էպշտեյն-Բարի վիրուսային վարակ։ Որոշակի դեր ունի նաև ընտանեկան պատմությունը:
Ոչ հոջկինային լիմֆոմայի առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են՝ այտուցված և մեծացած ոչ ցավոտ ավշային հանգույցներ (լիմֆադենոպաթիա, հաճախ՝ պարանոցում, թևատակում կամ աճուկում), ջերմության բարձրացում, գիշերային քրտնարտադրություն, անբացատրելի քաշի կորուստ և ընդհանուր թուլություն։ Կարող են ի հայտ գալ նաև ոսկրային ցավեր, կրծքավանդակի շրջանի անորոշ ցավեր և մաշկի քոր։
Ոչ հոջկինային լիմֆոման ախտորոշվում է ախտահարված հանգույցի բիոպսիայով և նմուշի բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտությամբ: Ռենտգենյան պատկերման մեթոդները նշանակվում են հիվանդության զարգացման փուլը գնահատելու համար։
Ոչ հոջկինային լիմֆոմայի բուժումը ներառում է քիմիոթերապիան, ճառագայթային բուժումը կամ երկուսը միասին: Որոշ դեպքերում կարող է առաջարկվել ցողունային բջիջների փոխպատվաստում, իմունաբուժում, թիրախային բուժում կամ վիրահատություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2019 վերանայվել է՝ 26-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: